Օնլայն առևտրի հարթակները (օրինակ՝ Wildberries, Ozon) պարտավոր կլինեն տվյալներ փոխանցել ՊԵԿ-ին ՀՀ-ից արտահանված ապրանքների մասին․ նոր որոշում
ՀՀ կառավարությունը սահմանել է նոր կարգ, որով էլեկտրոնային առևտրի հարթակները (մարկետփլեյսները) պարտավորվում են հարկային մարմնին ներկայացնել մանրամասն տեղեկատվություն Հայաստանից ԵԱՏՄ այլ երկրներ (Ռուսաստան, Բելառուս, Ղազախստան, Ղրղզստան) արտահանված և այնտեղի քաղաքացիներին վաճառված ապրանքների մասին։
Այս մասին որոշումն ընդունվել է կառավարության այսօրվա նիստում։
Ի՞նչ է նախատեսում որոշումը
Եթե Հայաստանում գրանցված ընկերությունը կամ անհատ ձեռնարկատերը օնլայն հարթակների միջոցով ապրանք է վաճառում ԵԱՏՄ երկրների բնակիչներին, ապա այդ հարթակը շահագործողը (օրինակ՝ Wildberries-ը) ամեն ամիս Հայաստանի հարկային մարմնին էլեկտրոնային եղանակով պետք է տեղեկացնի, թե ով է վաճառող ընկերությունը կամ ԱՁ-ն, ինչ ապրանք է վաճառվել, առկայության դեպքում՝ առաքման փաստաթղթերի համարներն ու ամսաթվերը, որքան ապրանք է վերադարձվել կամ որից է գնորդը հրաժարվել։
Հարթակները տեղեկատվությունը պետք է փոխանցեն ամսական կտրվածքով՝ յուրաքանչյուր ամսվան հաջորդող ամսվա մինչև 20-ը:
Նոր կարգավորումները կգործեն 2027 թվականի հունվարի 1-ից:
Որոշման հիմնավորման համաձայն՝ այս փոփոխության նպատակը էլեկտրոնային առևտրի ոլորտում հարկային հսկողությունն ու թափանցիկությունը բարձրացնելն է, ինչպես նաև արտահանման ծավալների ճշգրիտ հաշվառումն ապահովելը։
