Վարդան Ղուկասյանը անմեղ ճանաչվեց նրան առաջադրված խուլիգանության մեղադրանքի գործով
Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը անմեղ ճանաչվեց նրան առաջադրված խուլիգանության մեղադրանքի գործով։ Այսօր դատարանը հրապարակեց վերդիկտը։
Վարդան Ղուկասյանին նկատմամբ խուլիգանության համար քրեական վարույթ էր նախաձեռնվել անցած տարի նոյեմբերին։ Վարույթը հարուցվել է դատական նիստից հետո լրագորղների հետ կարճ զրույցում արած նրա հայտարարությունների առնչությամբ, երբ նա ասել է․«Ներքին թուրքին բռնաբարելու ենք, հաղթելու ենք, չարը գնալու է։ Մենք «կոդրող» ենք, «կոդրվող» չենք։ Все хорошо։․․․Ես կաշառքից էնքան հեռու եմ, եթե մեկն ինձ մեղադրում է, իր մորն ու քրոջը բան է ասում»։
Վարդան Ղուկասյանի որդին՝ Սպարտակ Ղուկասյանը ևս անցնում է այս գործով: Ըստ նախաքննական մարմնի, ինչպես հայտնել է նրա փաստաբանը, Հակակոռուպցիոն դատարանում Սպարտակ Ղուկասյանի և Վարդան Ղուկասյանի վերաբերյալ քրեական գործով դատական նիստից հետո Սպարտակ Ղուկասյանը խուլիգանություն է կատարել․«Լրատվամիջոցներով հրապարակված խոսակցություններ կան, որոնք վերագրում են Սպարտակ Ղուկասյանին և գտնում են, որ այդ արարքը խուլիգանություն է խմբի կազմում կատարված՝ զանգվածային լրատվական միջոցների օգտագործմամբ»: Ինչից հետո Քննչական կոմիտեի տեղեկացրել է, որ՝ նրա նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ մի խումբ անձանց կողմից տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով կատարված խուլիգանության հոդվածով:
Կալանքում գտնվող Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը մեղադրյալ է մեկ այլ քրեական գործերով՝ կոռուպցիայի, պաշտոնական դիրքի չարաշահման ու փողերի լվացման հոդվածներով, նա անցնում է նաև ապօրինի գույքի բռնագանձման վարույթով։
