Որքա՞ն արժե մարզերը կառավարելը․ ՀՀ 10 մարզպետարանների 2027 թվականի բյուջետային հատկացումները
2027 թվականի ՀՀ պետական բյուջեի նախագծով Հայաստանի 10 մարզպետարանների (մարզպետների աշխատակազմերի) պահպանման և գործունեության համար ընդհանուր առմամբ նախատեսվել է 5 միլիարդ 106 միլիոն 132 հազար դրամ (մոտ 5.11 միլիարդ դրամ)։
Համեմատության համար՝ ՀՀ պետական բյուջեի նախագծով նախատեսվում է շուրջ 4 տրիլիոն 72 միլիարդ դրամ ծախս։ Այսինքն՝ 10 մարզպետարանների աշխատակազմերին ուղղվող ֆինանսավորումը կազմում է ամբողջ պետական բյուջեի ընդամենը 0.12%-ը։
Մարզպետարանների բյուջեն բաժանվում է 2 հիմնական ուղղության.
- Տարածքային պետական կառավարման ապահովում (Ընթացիկ ծախսեր/ապարատի պահպանում)՝ 5 միլիարդ 57 միլիոն 712 հազար դրամ (ընդհանուր բյուջեի 99.05%-ը)։ Սա ներառում է աշխատակիցների աշխատավարձերը, պարգևատրումները, աշխատակազմերի պահպանումը, կրթության, քաղաքաշինության, ճանապարհաշինության և այլ ոլորտներում մարզային ծրագրերի համակարգումը:
- Տեխնիկական հագեցվածության բարելավում (Սարքավորումներ/կապիտալ ծախսեր)՝ 48 միլիարդ 420 հազար դրամ (ընդհանուր բյուջեի 0.95%-ը)։ Սա ուղղված է մարզպետարանների վարչական սարքավորումների (համակարգիչներ, տեխնիկա) ձեռքբերմանն ու աշխատանքային պայմանների բարելավմանը:
Ո՞ր մարզպետարանն է ստանում ամենաշատ ֆինանսավորումը
Ֆինանսական հատկացումների առաջատարը Գեղարքունիքի մարզպետարանն է, որին հատկացվել է շուրջ 588.6 միլիոն դրամ։ Երկրորդ և երրորդ տեղերում են Լոռու (557.8 մլն դրամ) և Շիրակի (554.1 մլն դրամ) մարզպետարանները։
Ամենաքիչ բյուջեն նախատեսված է Հայաստանի ամենափոքր բնակչություն ունեցող մարզի՝ Վայոց ձորի մարզպետարանի համար՝ 445.6 միլիոն դրամ։
Գումարի 99%-ը գնում է ապարատի պահպանմանը
Մարզպետարաններին հատկացված ընդհանուր 5.11 միլիարդ դրամից 5.06 միլիարդը (99.05%) ծախսվելու է բուն ապարատի պահպանման, աշխատակիցների աշխատավարձերի և ընթացիկ վարչարարական ծառայությունների մատուցման վրա։
Մնացած ընդամենը 48.4 միլիոն դրամը (0.95%) ուղղվելու է մարզպետարանների տեխնիկական վերազինմանը՝ համակարգիչների և վարչական սարքավորումների ձեռքբերմանը։ Այս ոլորտում ամենախոշոր վերազինումը նախատեսված է Գեղարքունիքում (11.1 մլն դրամ)։
Իսկ Տավուշի մարզպետարանի համար նոր սարքավորումների ձեռքբերման գծով ծախս, ըստ նախագծի, չկա, 0 դրամ է։
Տիրուն Մարգարյան
Որ մարզպետարանին որքան գումար է հատկացվում, ու ինչի վրա են ծախսում բյուջեն, մանրամասները՝ ինֆոգրաֆիկայում
