Արցունքներ, կանգ առած ժամանակ և վերջին գոլը. Մեսսին հրաժեշտ տվեց Արգենտինայի հավաքականին
Բուենոս Այրեսի լեգենդար «Մոնումենտալ» մարզադաշտում կայացավ արդի ֆուտբոլի ամենահուզիչ իրադարձություններից մեկը։ 39-ամյա Լիոնել Մեսսին անցկացրեց իր վերջին՝ հրաժեշտի հանդիպումը Արգենտինայի ազգային հավաքականի մարզաշապիկով՝ ավարտելով ավելի քան 21 տարի տևած միջազգային կարիերան։
Բենինի դեմ ընկերական խաղն ավարտվեց արգենտինացիների վստահ հաղթանակով՝ 3։0։ Ինչպես և վայել է իսկական ավագին, Մեսսին հեռացավ փայլուն ելույթով։ Նա դարձավ երկու գոլային փոխանցման հեղինակ (աչքի ընկան Նիկոլաս Օտամենդին և Նիկո Պասը), իսկ 71-րդ րոպեին անձամբ գրավեց հակառակորդի դարպասը՝ հստակ իրացնելով 11-մետրանոց հարվածը։ Մեսսին կատարեց 9 հարված, որից 5-ը՝ դարպասին և Flashscore վիճակագրական ռեսուրսի կողմից ստացավ հանդիպման ամենաբարձր գնահատականը՝ 8,9 բալ։
Հանդիպման գոլերը՝ ԱՅՍՏԵՂ

Արցունքներ և հարգանքի տուրք. 10-րդ րոպեին կանգ առավ ժամանակը
Հրաժեշտի երեկոն ուղեկցվում էր հույզերով դեռ մինչև մարզադաշտ հասնելը։ Համացանցում տարածված կադրերում երևում էր, թե ինչպես է Մեսսին արտասվում ավտոբուսում՝ տեսնելով ճանապարհի երկայնքով հավաքված և իրեն ողջունող երկրպագուների բազմությունը։
Նա խաղադաշտ դուրս եկավ ազգային դրոշի գույներով և ոսկեգույն դետալներով հատուկ մարզաշապիկով՝ իր երեք որդիների՝ Տիագոյի, Մատեոյի և Չիրոյի ուղեկցությամբ։ Արգենտինայի օրհներգի հնչելու ժամանակ Մեսսին և նրա ավագ որդին չկարողացան զսպել արցունքները, հուզված էր նաև հավաքականի գլխավոր մարզիչ Լիոնել Սկալոնին:
Հանդիպման 10-րդ րոպեին մրցավարը դադարեցրեց խաղը։ 85 հազար երկրպագուներ հոտնկայս ծափահարում էին իրենց կուռքին և վանկարկում նրա անունը, մարզադաշտի վրայով հրավառություն սկսվեց, իսկ երկու թիմերի ֆուտբոլիստները մոտենում և սեղմում էին արգենտինացու ձեռքը։
Տոմսերի աժիոտաժ և տոնախմբություն ողջ երկրում
Մեսսիի վերջին խաղին ներկա գտնվելու ցանկությունը աննախադեպ էր։ Deportick հարթակում 85 հազար տեղանոց մարզադաշտի տոմսերի համար միաժամանակ հերթագրվել էր ավելի քան 500 հազար մարդ (մարզադաշտի տարողությունից 6 անգամ շատ): Տոմսերը սպառվեցին ընդամենը 2 ժամում, իսկ սև շուկայում գները 52 եվրոյից հասան մինչև հազար եվրոյի։ Չհասցրած երկրպագուների համար Արգենտինայի ֆուտբոլի ասոցիացիան կազմակերպել էր հատուկ ֆան-գոտիներ։
Խաղից առաջ «Մոնումենտալի» խաղադաշտում փռվել էր Մեսսիի հսկայական մարզաշապիկը՝ «GRACIAS» (Շնորհակալություն) գրությամբ և 10 համարով, հնչում էր կենդանի երաժշտություն, իսկ եզրափակիչ սուլիչից հետո ծրագրված էր անօդաչու թռչող սարքերի և հրավառության գրանդիոզ շոու։
Տոնախմբություն էր նաև արգենտինացու ծննդավայր Ռոսարիոյում։ Քաղաքի և Պարանա գետի վրայով ուղղաթիռը տանում էր 10 համարով հսկայական մարզաշապիկ, իսկ Ազգային դրոշի հուշարձանի մոտ տեղադրված 30-մետրանոց կրկնօրինակի վրա լուսային պրոյեկցիայով ցուցադրվում էին Մեսսիի կարիերայի լավագույն դրվագները։ Մեսսիի մանկության տան հարևանությամբ գտնվող զբոսայգում տեղադրվել էր 24-մետրանոց էկրան՝ ուղիղ հեռարձակման և տեղացի արտիստների ելույթների համար։

Ռեկորդներ և անկրկնելի ժառանգություն
Լիոնել Մեսսին Արգենտինայի հավաքականում իր նորամուտը նշել է 2005 թվականի օգոստոսին՝ Հունգարիայի դեմ խաղում։ Նա հեռանում է՝ իր ակտիվում ունենալով ռեկորդային 208 հանդիպում, 126 գոլ և 69 գոլային փոխանցում։ Ազգային հավաքականների մակարդակով խփած գոլերի քանակով ֆուտբոլի պատմության մեջ նա զիջում է միայն Կրիշտիանու Ռոնալդուին․ պորտուգալացին 2026-ի հոկտեմբերի դրությամբ ունի 146 գոլ՝ 234 խաղում։
Անցած երկու տասնամյակների ընթացքում «Ոսկե գնդակի» ութակի դափնեկիրը նվաճեց գրեթե ամեն ինչ՝ դառնալով 2022 թ. Աշխարհի չեմպիոն, 2026 թ. ԱԱ արծաթե մեդալակիր, Կոպա Ամերիկայի կրկնակի հաղթող (2021, 2024), Ֆինալիսիմայի (2022) հաղթող և Օլիմպիական խաղերի չեմպիոն (2008):
Հավաքականից հեռանալու որոշման մասին Մեսսին հայտարարել էր օգոստոսի 31-ին՝ ԱԱ-2026-ի եզրափակչում Իսպանիայից լրացուցիչ ժամանակում կրած պարտությունից (0:1) հետո, որոշելով մեկ վերջին անգամ խաղադաշտ դուրս գալ հարազատ երկրպագուների առջև։
