Հանրաքվեն, 23 միլիոն եվրոն եւ ուշացող երկուշաբթին | Region

Հանրաքվեն, 23 միլիոն եվրոն եւ ուշացող երկուշաբթին

Փետրվար 22,2016 11:36

ԱԺ ամբիոնից Գյումրիի անանցանելի փողոցների, իշխանությունների՝ բարեկարգ եւ լուսավորված քաղաք կառուցելու մասին խոստումները կբարձրաձայնեն պատգամավորները, սակայն ոչ Գյումրին եւ Շիրակի մարզը ներկայացնող:

Հանրաքվեից առաջ Սերժ Սարգսյանի խոստացած 23 մլն եվրո միջոց ներգրավելու, մինչեւ վերջին ցենտը Գյումրիի փողոցաշինության եւ լուսավորության համար ծառայեցնելու հայտարարությունից հետո Գյումրիի Համակարգող կենտրոնը մի շարք դիմում-նամակներ է հասցեագրել տեղի պատգամավորներին, սակայն հետեւողականություն, ԱԺ ամբիոնն այս խնդրի բարձրաձայնման եւ լուծման համար ծառայեցնելու պատրաստակամություն չի հայտնել մեր մարզը ներկայացնող որեւէ պատգամավոր՝ առանց մանրամասնելու, Գյումրիի փողոցաշինության հարցը իրենց չի հուզում, կան ավելի՞ կարեւոր գործեր, որոնցով զբաղված են, թե՞ պարզապես չկա համարձակություն՝ զբաղեցրած ամբիոնը քաղաքի կարեւորագույն խնդիրների լուծման գործիք ծառայեցնելու համար:

Թվում էր՝ պետք է լիներ ճիշտ հակառակը: Այսօր պատգամավորների աթոռները զբաղեցնողները նախքան ընտրությունները՝ քարոզարշավի շրջանակներում ընտրողների հետ հանդիպումների ժամանակ մեկ անգամ չէ, որ բարձրաձայնել են այդ խնդիրը: Գյումրիի զարգացման իրենց պատկերացրած տեսլականը մշակելիս սեւով սպիտակի վրա գրել են այս խնդիրը գոնե բարձրաձայնելու պատրաստակամության մասին, ընդգծել, թե ինչ է պետք զբոսաշրջության զարգացման համար: Հետեւաբար այս հարցն առաջինն առանց համակարգող կենտրոնի կողմից հուշման եւ հորդորի, որ հարկավոր է զբաղվել, հարկավոր է հետեւողական լինել, իրենք պետք է նախաձեռնող կողմ դառնային, սակայն բախվեցինք անտարբերության եւ անգործության:

Համակարգող կենտրոնն այս ընթացքում նամակներ, տեղեկատվության ստացման հարցումներ է ուղարկել մի շարք կառույցների: Պատասխաններ ստացվել է կառավարության հասարակայնության եւ տեղեկատվության կապերի բաժնից, ՀՀ տարածքային կառավարման նախարարությունից, տեղական եւ մարզային կառույցներից: Պատասխաններում ընդհանուր առմամբ որոշակի ոչինչ չի ասվում: Միակ հարցը, որ պարզ է այսօր, դա հետեւյալն է՝ ամեն ինչ դեռեւս վերակառուցման եւ զարգացման բանկի հետ բանակցությունների փուլում է: Պարզ ասած՝ դեռ հայտնի էլ չէ՝ կհաստատի՞ բանկն այդ գումարը, թե՞ ոչ:

Կենտրոնն այս ընթացքում փորձում է նոր ուղիներ մշակել՝ հարցն իշխանությունների օրակարգում մշտապես պահելու համար, ստանալու հարցի պատասխանը, թե վերջապես երբ է գալու խոստացված երկուշաբթին: Քանի որ որքան ձգձգվում է այդ երկուշաբթին, այդքան ավելի անտանելի են դառնում Գյումրիի երկրորդական փողոցները:

 

 Արմենուհի Վարդանյան

Նորություններ