Գորիսում հացը թանկացել է 20 դրամով
Գորիս քաղաքի հացի փռերում, մի շարք մթերային խանութներում և սուպերմարկետներում հացը թանկացել է 20 դրամով։ Եթե նախկինում միջին չափի մատնաքաշը կարելի էր գնել 200 դրամով, ապա հիմա, արդեն 2 շաբաթ, 220 դրամից ոչ պակաս։
Բնակիչների պնդմամբ՝ այն ազդում է ընտանեկան զամբյուղի վրա, ինչը պարզ է դառնում ամենօրյա գնումների ժամանակ։
«Մենք 6 հոգանոց ընտանիք ենք։ Օրվա ընթացքում միջինը 4 հաց եմ առնում, օրը 80 դրամ ավել գումար եմ տալիս։ 5 երեխաներս անչափահաս են, միակ աշխատող ուժը ես եմ։ Այդ 2400 դրամով ողջ ամսվա ձեթս կառնեմ»,- չցանկանալով ներկայանալ՝ հայտնեց բնակիչներից մեկը։
Հացի և ալյուրի արտադրությամբ զբաղվող ձեռներեցները պնդում են, որ դա պայմանավորված է ալյուրի թանկացմամբ։
«3-4 ամիս առաջ հացը 20 դրամով էժանացավ, ինչը ոչ մի բանով պայմանավորված չէր։ Անգամ ալյուրը չէր էժանացել։ Հիմա վերականգնվել է հացի նախկին գինը, բայց ալյուրի թանկացումից հետո։ Բացի դրանից, 15%-ով բարձրացվել է նաև աշխատակիցների աշխատավարձը։ Գիշերային աշխատողը պետք է նորմալ աշխատավարձ ստանա, որ առավոտյան թարմ հաց ուտեն մեր բնակիչները»,- REGIONSTV-ի հետ զրույցում նշեց «Ալիկ Մկրտչյան» ԱՁ տնօրեն Ալիկ Մկրտչյանը։
Գորիսի ալրաղացի սեփականատիրոջ`«Հայկ-ժոս» ՍՊԸ տնօրեն Սպարտակ Հակոբյանի խոսքով՝ թանկացումը սպասելի էր։ Ավելին, նա նոր թանկացում է կանխատեսում:
«Հացի թանկացումը ոչ ինձանով, ոչ փռերի տնօրեններով, ոչ էլ անգամ Սամվել Ալեքսանյանով է պայմանավորված։ Հացի գինը շուկան է որոշում։ Ռուսաստանից 2-րդ կարգի ալյուրը, որով կարող ենք հաց թխել, նախկին 13,5 հազարի փոխարեն գնում ենք 17,5 -18 հազար ռուբլով։ Մոտ մեկ ամիս փորձում ենք գները պահել մեր միջոցներով։ Օրինակ, անցած ամիս աշխատել ենք 700.000 դրամ մինուսով, այս ամիս հազիվ կարողացանք զրոյացնել ծախսերը։ Մենք գրեթե շահույթ չենք ունենում ալրաղացից։ Եթե մի օր ես որոշեմ փակել այն, հացի գինն ամենաքիչը 20 դրամով ևս կթանկանա։ Թասիբի հարց է այն մեր ձորում պահելը»,- նշեց Սպարտակ Հակոբյանը:
«Մի փոքր էլ մանրամասնեմ, թե ինչու եմ կրկին թանկացում կանխատեսում։ Պատերազմական իրավիճակով պայմանավորված՝ Ռուսաստանը եթե մի օր որոշի Լարսը փակել, ալյուրի գինը միջինը 150 դոլարով էլի կթանկանա։ Մինչև այլընտրանքային ճանապարհով, օրինակ, Կանադայից, Հնդկաստանից կամ Չինաստանից ալյուր ներկրվի, ապա ճանապարհածախսը, ավելացված արժեքի հարկն ավելի թանկ կլինի և գնային տարբերությունն ավելի բարձր կլինի։
Հիմա Ռուսաստանը Հայաստանին ալյուր չի վաճառում, երևի իր նեղ օրվա համար է պահում։ Ռուսաստանից ցորեն է բերվում Հայաստան։ Տեղափոխության ժամանակ 1 տոննայի համար ևս վճարվում է 7000 ռուբլի, և հենց սահմանն անցավ, ավելացված արժեքի հարկն էլ ուսերիդ է դրվում։ Մի հատ ՌԴ զանգեք, եթե ծանոթներ ունեք, հարցրեք իրենց մոտ ցորենն ի՞նչ արժե։ Անգամ իրենց մոտ է գնային տարբերություն տվել։
Ե՛վ ցորենն է թանկացել, և՛ տեղափոխելու ծախսերն են կրկնապատկվել։ Բնականաբար, դա մի տեղ պիտի երևա։ Ես շատ հանգիստ և ուրախ կլինեմ, որ իմ բնօրրանում կարողանամ մատչելի ալյուր մատակարարել»,- եզրափակեց Գորիսի ալրաղացի սեփականատերը։
Արևիկ Աբելյան