ՌԴ տարածքում գտնվելու ժամկետի երկարացման վերաբերյալ խոսակցությունները դեռ քննարկումների մակարդակում են․ փորձագետ | Region

ՌԴ տարածքում գտնվելու ժամկետի երկարացման վերաբերյալ խոսակցությունները դեռ քննարկումների մակարդակում են․ փորձագետ

Նոյեմբեր 07,2025 17:30

«Բեռնատարների վարորդների խնդիրը չի լուծվել: Շարունակաբար աճում են և՛ մուտքի արգելքների թվերը, և՛ վերահսկվող անձանց ռեեստրում գտնվող անձանց թվաքանակը: ՌԴ տարածքում գտնվելու ժամկետի երկարացման վերաբերյալ խոսակցություններն առայժմ գտնվում են միայն քննարկումների մակարդակում»,- RegionsTV-ի հետ զրույցում հայտարարեց «Հայկական Կարիտաս» կազմակերպության միգրացիոն ծրագրի փորձագետ Տաթևիկ Բեժանյանը:

Հիշեցնենք, որ ռուսական կողմը շարունակաբար խստացնում է իր միգրացիոն քաղաքականությունը, ինչի հետևանքով լուրջ խնդիրների են բախվում օտարերկրյա, այդ թվում նաև հայ վարորդները: Վերջին լուրջ փոփոխությունը վերաբերում է օտարերկրյա վարորդների ՌԴ տարածքում գտնվելու ժամկետներին: Այսուհետ ոչ վիզային ռեժիմի երկրների քաղաքացիները, որոնք ՌԴ տարածք մուտք են գործում ոչ աշխատելու նպատակով, օրացույցային տարվա ընթացքում այնտեղ կարող են գտնվել գումարային 90 օր։ Նախկինում տարվա յուրաքանչյուր 180 օրվա մեջ 90 օր նրանք իրավունք ունեին նույն պայմաններով գտնվելու ՌԴ-ում։

Հոկտեմբերի 24-ին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը տեսակապի միջոցով մասնակցեց Եվրասիական տնտեսական խորհրդի հերթական նիստին, որի օրակարգում ընդգրկված բազմաթիվ հարցերից մեկն էլ հենց վարորդների Ռուսաստանի Դաշնությունում գտնվելու տևողության սահմանափակման հարցն էր:

Փորձագետի խոսքով այդ հանդիպման արդյունքում ևս որևէ էական փոփոխություն տեղի չի ունեցել.

«Հարցը միայն հայ-ռուսական տիրույթում չէ, և այն վերաբերում է նաև այլ երկրների քաղաքացիներին: Ռուսական կողմից կրկին նույն խոստումներն են, ըստ որի նրանք քննարկում են հարցը և փորձում են հնարավորինս արագ լուծում տալ»:

Մեր այն հարցին՝ արդյո՞ք այս պահին բեռնատարների կուտակումներ առկա են հայ-ռուսական սահմանին, Բեժանյանը պատասխանեց.

«Այս պահին բեռնատարների կուտակումներ չկան, սակայն կան վարորդներ, որոնք հենց մուտք են գործում ՌԴ կամ վերադառնում են ՌԴ-ից, և իրենց 90-օրյա ժամկետից  ընդամենը 1-2 օր է անցել, անպայման տարվում են ոստիկանություն: Նրանց տուգանում են, դրվում է մուտքի արգելք վարչական իրավախախտումների մասին օրենքի 18.8 հոդվածի համաձայն»:

Նիկոլ Մարգարյան

Նորություններ