Ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրն է | Region

Ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրն է

Ապրիլ 24,2026 10:38

Այսօր Երևանում Ծիծեռնակաբերդի հուշահամալիր են այցելու հազարավոր մարդիկ՝   հարգանքի տուրք մատուցելու 20-րդ դարի սկզբին Ցեղասպանության զոհ դարձած ավելի քան 1,5 միլիոն հայերի հիշատակին:

Երեկ երեկոյան ՀՅԴ-ն «Ջահերով երթ» անցակացրեց դեպի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Այս տարի էլ ՀՅԴ ներկայացւոցիչներն այրեցին Թուրքիայի դրոշը:

 Առաջին համաշխարհային պատերազմի նախօրեին Օսմանյան կայսրությունում ապրում էր երկու միլիոնից ավելի հայ: Շուրջ մեկուկես միլիոն հայ սպանվեց 1915-1923 թթ., իսկ մնացյալ հատվածը կա՛մ բռնի կերպով հավատափոխ եղավ, կա՛մ ապաստան գտավ տարբեր երկրներում: Այդ կոտորածները ծրագրվեցին և կազմակերպվեցին Օսմանյան կայսրությունում երիտթուրքերի, իսկ հետագայում ավարտին հասցվեցին քեմալական կառավարության կողմից:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նախագահ Վահագն Խաչատուրյանը, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ու բարձրաստիճան այլ պաշտոնյաներ հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։

Նիկոլ Փաշինյանն ուղերձ է հղել, որտեղ ասվում է․«Այսօր մենք ոգեկոչում ենք 1915 թվականի Հայոց ցեղասապնության, Մեծ եղեռնի զոհերի հիշատակը և հարգանքի տուրք ենք մատուցում մեր այն հայրենակիցներին, ովքեր հայ լինելու համար ջարդի, տեղահանության ու սովի ենթարկվեցին Օսմանյան կայսրությունում։ Մեծ եղեռնը մեզ հետ տեղի ունեցած մեծագույն ողբերգությունն է, որը մեր ժողովուրդը վերապրում է արդեն 111 տարի»։

Փաշինյանը նշում է․«Ապրիլի 24–ի մեր համազգային երթը նաեւ մտածելու, խորհելու, պատմությունը գնահատելու, եւ Մեծ Եղեռնի կրկնությունը թույլ չտալու հաստատակամության դրսեւորում է։ Այս մտածումների եւ հաստատակամության վրա է հիմնված մեր՝ Հայաստանի Հանրապետության Կառավարության եւ կառավարող մեծամասնության վերջին տարիների քաղաքականությունը։ Ձեր՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների պատգամով մենք վճռականություն ենք դրսեւորել առավել խորությամբ հասկանալու մեր ժողովրդի անցյալում ապրած ու պարբերաբար կրկնվող պատմությունը՝ ապագայում այդ պատմության կրկնությունը թույլ չտալու, մեր այսօրը եւ գալիքը լավը դարձնելու համար։ Այսօր մենք հասել ենք այդ նպատակին, այդ թվում նրա շնորհիվ, որ հասկացել ենք, որ չի կարելի թույլ տալ, որ Մեծ Եղեռնը միջազգային խաղացողների՝ մեկը մյուսի դեմ պայքարի գործիք դառնա։ Մեր Գիտությունների ազգային ակադեմիայի հրատարակած Հայոց պատմության հատորյակում է հիմնավոր կերպով արձանագրված, որ Մեծ Եղեռնը այլոց թվում հայ ժողովրդին միջազգային խարդավանքների մեջ ներքաշելու գործելակերպի հետեւանք է, գործելակերպ, որը մեկնարկեց  19–րդ դարի կեսերից եւ իր ողբերգական կուլմինացիային հասավ 1915 թվականին։ Սիրելի՛ ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության սիրելի՛ քաղաքացիներ, Մեր ժողովրդի մեծագույն փափագն իրականացված է․ մենք ունենք պետություն եւ մենք ունենք խաղաղություն։ Պետությունը եւ խաղաղությունն են այն երաշխիքը, որ Հայոց ցեղասպանություն կրկին տեղի չունենա։ Այս պատմական նպատակն իրագործելու համար մեզ անհրաժեշտ է դադարեցնել հայրենիքի փնտրտուքը մեր պետության, Հայաստանի Հանրապետության միջազգայնորեն ճանաչված 29 հազար 743 քառակուսի կիլոմետր տարածքից դուրս։ Այս տարածքը փոքր չէ հայ ժողովրդի բարգավաճման, զարգացման ու բարեկեցության համար»։

Փաշինյանն իր ուղերձում ասում է՝ այն ուժերը, որոնք հանդես են գալիս «կորսված հայրենիքը վերադարձնելու, պատմական սահմանների եւ արդարության վերականգնման» կոչերով ու տրամաբանությամբ, ՀՀ-ն դնում են 1878 թվականի Սան Ստեֆանոյի կոնֆերանսի ռելսերի վրա, որի անխուսափելի վերջին կանգառը պետականության ու հայրենիքի կորուստն է․«Որովհետեւ աշխարհում յուրաքանչյուրն ունի ի՛ր պատմությունը, յուրաքանչյուրն ունի ի՛ր արդարությունը, յուրաքանչյուրն ունի ի՛ր կորուսյալ հայրենիքը։ Մենք, ի վերջո, դուրս ենք եկել այս թակարդից, եւ Հայաստանը կրկին այդ ուղղությամբ տանելու փորձերը մեր պետությանն ու ժողովրդին ուղղված հրավեր են դեպի կառափնարան։ Զոհերի եւ զոհողությունների գնով մենք գտել, վերգտել ենք մեր հայրենիքը, եւ այդ հայրենիքը Հայաստանի Հանրապետությունն է։ Մեր բոլոր նահատակների զոհողությունների հատուցումը Հայաստանի Հանրապետության հարատեւությունն է»։

Նորություններ