IMEI համարների գրանցման համակարգ․ ի՞նչ է փոխվելու և ինչո՞ւ է դա կարևոր | Region

IMEI համարների գրանցման համակարգ․ ի՞նչ է փոխվելու և ինչո՞ւ է դա կարևոր

Հուլիս 01,2026 12:25

Կառավարությունը հայտարարություն է տարածել վերջին օրերին աղմուկ հանած կառավարության ներկաացրած օրենսդրական նախաձեռնության մասին, որը նախատեսում է IMEI համարների գրանցման համակարգի ներդրում։ Կառավարության տարածած հաղորդագրության մեջ նշվում է՝ դրա նպատակը բջջային հեռախոսների օրինական շրջանառության ապահովումն է։

Ըստ կառավարության՝ կարգավորումը միտված է՝

  • Նվազեցնելու ապօրինի ներմուծված բջջային հեռախոսների շրջանառությունը
  • Ապահովելու հավասար և արդար մրցակցային պայմաններ օրինական ներմուծողների համար
  • Պաշտպանելու սպառողներին կեղծ կամ փոփոխված IMEI համարներով հեռախոսներից,
  • Ներդնելու բջջային հեռախոսների հաշվառման միասնական շտեմարան։

 

«Միաժամանակ կարևոր է ընդգծել, որ նախաձեռնությունը կապ չունի քաղաքացիների անձնական տվյալների հավաքագրման կամ վերահսկողության հետ։

Ստեղծվող շտեմարանում պահպանվելու է միայն սարքի 15-նիշանոց IMEI համարը՝ առանց որևէ անձնական տվյալների»,-հայտնում են կառավարությունից։

Նախաձեռնության վերաբերյալ հանրային քննարկումների ընթացքում հնչել են տարբեր հարցեր և մտահոգություններ։

Կառավարությունը երկայացնում է   ամենահաճախ հնչող կարծիքներն ու փաստարկված պարզաբանումները։

Հիշեցնենք, որ այս նախաձեռնության մասին մտահոգություն են հայտնում  , տեղեկատվական անվտանգության փորձագետները։ «CyberHUB-AM»-ի համահիմնադիր, տեղեկատվական անվտանգության հարցերով փորձագետ Արթուր Պապյանն օրերս դրա վերաբերյալ հայտարարություն էր տարածել,    նշելով՝«Պետությունը ցանկանում է տոտալ վերահսկողության տակ վերցնել քո հեռախոսը»։

«Կառավարությունը հավանություն է տվել մի նախագծի, որով նախատեսվում է ներդնել IMEI կոդերի միասնական շտեմարան։ Առաջին հայացքից հնչում է տեխնիկական ու անմեղ՝ «պայքար ստվերի դեմ», «հեռախոսների գողության կանխում»։ Բայց եկեք տեսնենք ինչ է նախատեսվում իրականում.

  1. Ստեղծվելու է մի հսկա բազա, որտեղ կապվելու են ձեր անձնագիրն ու անձնական տվյալները, ձեր հեռախոսի կոդը (IMEI) և ձեր բոլոր SIM/eSIM քարտերը։ Սա պարզապես հարկային գործիք չէ. սա պետությանը հնարավորություն է տալիս ցանկացած պահի տեսնել, թե ով, որ սարքով և երբ է ակտիվանում ցանցում։
  2. Եթե ամեն րոպե 2.5 միլիոն օգտատիրոջ տվյալ պարունակող այդ բազան խափանվի, օպերատորները ստիպված են լինելու անջատել ձեր կապը։ Իսկ մենք գիտենք, թե ինչպես են աշխատում պետական բազաները, օրինակ՝ առաջին դասարանցիների գրանցման բազան, որը այս շաբաթ ընդամենը մի 20,000 ծնողի պիտի միաժամանակ սպասարկեր, բայց ուղղակի չեր աշխատում։
  3. Նախագծում կա վտանգավոր մի կետ՝ Ադմինիստրատորը կարող է այս բազայի տվյալներով «թվային այլ ծառայություններ» մատուցել պետական ու տեղական մարմիններին կամ նույնիսկ մասնավոր ընկերություններին։ Այսինքն՝ տվյալները, որոնք հավաքվում են իբր «մաքսանենգության դեմ պայքարի» համար, վաղը կարող են օգտագործվել բոլորովին այլ՝ մեզ անհայտ նպատակներով։
  4. Մեկ տեղում ամբողջ հանրապետության հեռախոսների ու քաղաքացիների տվյալների կենտրոնացումը երազանք է ցանկացած կիբեռհանցագործի համար։ Եթե այս բազան կոտրվի (իսկ անխոցելի համակարգեր չկան), յուրաքանչյուրիս անվտանգությունը կդրվի հարվածի տակ։

Իսկ հիմա ամենակարևորը. նախագծի հեղինակները պնդում են, որ սա կօգնի գողությունների դեմ։ Եկեք անկեղծ լինենք.

  • Ձեզնից քանիսի՞ կամ ձեր ընկերների հետ է պատահել այսպիսի դեպք․ գողացել են հեռախոսը, դուք տուփով, IMEI կոդով դիմել եք ոստիկանություն, բայց այդպես էլ ոչ մի օգնություն չեք ստացել։ Մինչդեռ սիրտս վկայում է՝ եթե խոսքը ցուցարարների կամ քննադատ լրագրողների մասին լինի, հինգ րոպեից IMEI-ով տեղը կհայտնաբերեն ու մասկի֊շոու կանեն»,-գրել է Պապյանը։

«Ամերիա ՓԲԸ» կառավարման խորհրդատվական ծառայությունների տնօրեն Տիգրան Ջրբաշյանը ևս անդրադարձել է   խնդրին․«IMEI համակարգի կարգավորում. հարցը տեխնոլոգիան չէ, այլ՝ պետական կարգավորման որակը

ՀՀ կառավարությունը ներկայացրել է բջջային սարքերի IMEI համարների գրանցման և վերահսկման միասնական պետական համակարգ ստեղծելու մասին օրինագիծը։

Սկզբից ցանկանում եմ հստակ նշել․ պետությունն, անկասկած, իրավունք ունի պայքարելու մաքսանենգ ներմուծման, ստվերային շրջանառության, հարկային կորուստների և կեղծ IMEI-ների դեմ։

Սակայն հիմնական հարցը բոլորովին այլ է։

Այսօր աշխարհում նույն նպատակներին հասնելու տարբեր կարգավորող մոդելներ են կիրառվում։

Եվրոպական միության երկրների ճնշող մեծամասնությունում նման խնդիրները լուծվում են մաքսային վերահսկողության, GSMA միջազգային համակարգի, բջջային օպերատորների և իրավապահ մարմինների համագործակցության, ինչպես նաև IMEI-ի կեղծման համար քրեական պատասխանատվության միջոցով։ Միևնույն ժամանակ յուրաքանչյուր բջջային սարքի պարտադիր պետական գրանցումը Եվրոպական միությունում գերակշռող մոտեցում չէ։

Մյուս կողմից, ԵԱՏՄ անդամ երկրներում վերջին տարիներին ձևավորվել է կարգավորման այլ մոտեցում։ Ղազախստանը, Բելառուսը, Ղրղզստանը և Ռուսաստանը արդեն ներդրել կամ ներդնում են IMEI-ների պետական հաշվառման համակարգեր, որոնք ներառում են պետական ռեգիստրներ, օպերատորների հետ տվյալների փոխանակում և չգրանցված սարքերի աշխատանքի սահմանափակման հնարավորություն։

Ներկայացված հայկական օրինագիծն իր կարգավորման ճարտարապետությամբ ակնհայտորեն ավելի մոտ է հենց այս մոտեցմանը։

Միաժամանակ ինձ չի հաջողվել գտնել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի որևէ պարտադիր որոշում, որը ԵԱՏՄ անդամ պետություններին կպարտադրեր ներդնել նման համակարգ։ Սա նշանակում է, որ խոսքը ոչ թե ԵԱՏՄ իրավական պարտավորության, այլ Հայաստանի կողմից ընտրված ազգային կարգավորման մոդելի մասին է։

Հենց այստեղ էլ առաջանում է սկզբունքային հարցը։

Եթե Հայաստանը, միաժամանակ հայտարարելով եվրոպական կառույցների և եվրոպական կարգավորման չափանիշներին մոտենալու քաղաքականության մասին, ընտրում է կարգավորման այնպիսի մոդել, որն էապես տարբերվում է Եվրոպական միության երկրների ճնշող մեծամասնության կիրառած մոտեցումներից, ապա այդ ընտրությունը պետք է ունենա առավելագույնս հիմնավորված տնտեսական, իրավական և ինստիտուցիոնալ բացատրություն։

Ժամանակակից կարգավորող քաղաքականության կարևորագույն սկզբունքը պարզ է.

Որքան ավելի խորն է պետության միջամտությունը շուկային, թվային ենթակառուցվածքներին և քաղաքացիների իրավունքներին, այնքան ավելի բարձր պետք է լինեն վերլուծության որակի, հանրային քննարկման թափանցիկության և ընդունվող որոշումների հիմնավորվածության պահանջները։

Հետևաբար տրամաբանական է ստանալ հետևյալ հարցերի պատասխանները.

  • Արդյո՞ք իրականացվել է լիարժեք Կարգավորման ազդեցության գնահատում (Regulatory Impact Assessment – RIA)։
  • Դիտարկվե՞լ են կարգավորման այլընտրանքային մոդելները, այդ թվում՝ եվրոպական փորձը։
  • Ինչո՞ւ են մերժվել ավելի քիչ սահմանափակող կարգավորման գործիքները։
  • Ի՞նչ հաշվարկներով է հիմնավորվում, որ ընտրված մոդելն ամենաարդյունավետն ու համաչափն է Հայաստանի պայմաններում։

Եվ վերջապես՝ ամենակարևոր հարցը.

Եթե Հայաստանը գիտակցաբար ընտրում է կարգավորման այնպիսի մոդել, որն իր կառուցվածքով շատ ավելի մոտ է ԵԱՏՄ անդամ երկրներում ձևավորված կարգավորման մոտեցմանը, քան Եվրոպական միության երկրների ճնշող մեծամասնության կիրառած մոդելին, ապա ինչո՞վ է պայմանավորված այդ ընտրությունը և ի՞նչ օբյեկտիվ առավելություններ է այն ապահովում Հայաստանի համար։

Այս հարցի պատասխանը կարևոր է ոչ միայն հեռահաղորդակցության ոլորտի, այլև այն բանի համար, թե ինչ սկզբունքներով է ձևավորվում Հայաստանի պետական կարգավորող քաղաքականությունը։

Հ.Գ. Եթե նման համեմատական վերլուծություն և Կարգավորման ազդեցության գնահատում (Regulatory Impact Assessment – RIA) իրականացվել են, ապա նպատակահարմար կլինի դրանք հրապարակել հանրային քննարկման համար։ Թափանցիկությունն ու հիմնավորվածությունը ժամանակակից պետական կառավարման կարևորագույն սկզբունքներից են»։

RIPE NCC տարածաշրջանային ինտերնետ ռեգիստրի ներկայացուցիչ Վահան Հովսեփյանն էլ սոցիալական ցանցում  գրել է․«Այս նախաձեռնությունը կարող է ազդել բջջային ինտերնետի հասանելիության, սարքերի նույնականացման, անձնական տվյալների պաշտպանության և շուկայի կարգավորման վրա։ Հետևաբար այն նախ պետք է ներկայացվեր Ինտերնետ կառավարման խորհրդին, տեխնիկական համայնքին, տվյալների պաշտպանության մասնագետներին, քաղաքացիական հասարակությանը, սպառողների ներկայացուցիչներին և օպերատորներին։

Նախ պետք էր հասկանալ՝ արդյո՞ք նման համակարգ ընդհանրապես անհրաժեշտ է։ Հետո միայն կարելի էր քննարկել դրա մեխանիզմները։

Հիմա ստացվում է հակառակը․ նախ հայտարարվում է քաղաքական որոշում, հետո հանրությանը հրավիրում են քննարկելու դրա մանրամասները։ Սա վտանգավոր մոտեցում է, որովհետև քննարկումը կարող է դառնալ ոչ թե որոշման վերանայման իրական գործընթաց, այլ արդեն հայտարարված մոտեցման լեգիտիմացման գործիք։

Այդ պատճառով հասարակական կազմակերպությունները, փորձագետները և այն կառույցները, որոնք տեսնում են նման նախաձեռնության ռիսկերը, չպետք է առաջին հերթին մտնեն միայն բովանդակային դիտարկումների դաշտ։

Առաջնային պահանջը պետք է լինի հետևյալը․ Կառավարությունը պետք է դադարեցնի այն գործելաոճը, երբ լայն ազդեցություն ունեցող թվային կամ օրենսդրական նախաձեռնությունները նախ առաջ են տարվում քաղաքական որոշման տեսքով, իսկ մասնագիտական և հանրային քննարկումը կազմակերպվում է հետո։

Եթե Կառավարությունը ընդունի այս սխալը և հստակ հանձն առնի, որ հետագայում նման նախաձեռնությունները մշակվելու են բազմաշահառու մոտեցմամբ՝ մասնագիտական կառույցների, քաղաքացիական հասարակության, ոլորտի մասնակիցների և սպառողների ներգրավմամբ, այդ ժամանակ կարելի է անցնել բովանդակային քննարկման»։

 

 

Նորություններ