«Մոսկվան այլևս չի հավատում Փաշինյանի խոսքերին և չի հովանավորելու ՀՀ տնտեսությունը բարեկամության մասին հայտարարությունների դիմաց»․քաղաքագետ
Նիկոլ Փաշինյանի Ռուսաստան կատարած այցից հետո իրավիճակը, ըստ էության, չի բարելավվել. հարաբերությունների կարգավորման հնարավորություններ թերևս կային, սակայն դրանք չօգտագործվեցին։ Այս կարծիքին է քաղաքագետ Հրանտ Միքայելյանը։ REGIONSTV-ի հետ զրույցում նա մեկնաբանելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Եկատերինբուրգ, ասաց՝ ռուսական կողմն ի սկզբանե չէր պլանավորել այդ այցը, սակայն Փաշինյանը պնդել է, որպեսզի հանդիպումը կայանա։
«Այցի նպատակը հետևյալն էր. Փաշինյանին հետաքրքրում էին մի քանի թեմաներ։ Առաջինը՝ հայ արտադրողների նկատմամբ ռուսական սահմանափակումների չեղարկումը, երկրորդը՝ մեկ ամիս առաջ տեղի ունեցած վիճահարույց ընտրություններից հետո սեփական լեգիտիմության ճանաչումը։ Փաշինյանն այս հարցում ակնկալում է Ռուսաստանի աջակցությունը։ Այս պահին արդեն ակնհայտ է, որ այս թեմաներից և ոչ մեկով հաջողության հասնել չի հաջողվել»,-ասաց Միքայելյանը։
Հուլիսի 6-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել էր Եկատերինբուրգ, որտեղ նախատեսված էին բանակցություններ ՌԴ կառավարության ղեկավար Միխայիլ Միշուստինի հետ։ Սա ընտրություններից հետո նրա առաջին այցն էր Ռուսաստան։ Դրանից առաջ
Եկատերինբուրգյան հանդիպման պաշտոնական արձանագրումները
Եկատերինբուրգում ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինի հետ հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ, չնայած համաշխարհային տնտեսության տուրբուլենտությանը, ՌԴ-ն առաջին տեղն է զբաղեցնում Հայաստանի արտաքին առևտրային գործընկերների և ներդրողների թվում։ Ռուսական ընկերություններն ակտիվորեն գործում են Հայաստանի հանքարդյունաբերության, մեքենաշինության, տրանսպորտային ենթակառուցվածքների, էներգետիկայի (ներառյալ խաղաղ ատոմը) և թվային տնտեսության ոլորտներում։
«Հայաստանը հանձնառու է Ռուսաստանի հետ հարաբերությունների հետագա զարգացմանը և ցանկանում է մնալ Եվրասիական տնտեսական միության մաս։ Այսօրվա հանդիպումը լավ հնարավորություն է քննարկելու մեր հարաբերությունների ողջ սպեկտրը, իսկ ընտրություններից հետո՝ լավ առիթ մտքերի փոխանակման համար»,- նշել է Փաշինյանը։
Միշուստինն իր հերթին հույս է հայտնել, որ ընտրություններից հետո ձևավորված Հայաստանի նոր կառավարությունը կապահովի Ռուսաստանի հետ հարաբերությունների զարգացումը բարեկամության ու բարիդրացիության ոգով։
«Կարևոր է, որ Հայաստանի կառավարությունը շարունակի հարմարավետ պայմաններ ստեղծել ռուս ներդրողների համար և ապահովի նրանց իրավունքների ու օրինական շահերի հարգումը»,- ընդգծել է ՌԴ վարչապետը՝ հավելելով, որ փոխգործակցության բոլոր հարցերը գտնվում են միջկառավարական հանձնաժողովի մշտական վերահսկողության ներքո։
Կողմերը նաև միասին այցելել են Ռուսաստանի խոշորագույն «ԻՆՆՈՊՐՈՄ» ցուցահանդեսին։
Դիվերսիֆիկացման կոչեր և «փակագծեր չբացող» պայմանավորվածություններ
Այցից հետո՝ ՀՀ կառավարության այսօրվա նիստում, վարչապետ Նիկոլ Փաշինյանը տնտեսվարողներին կոչ է արել հարմարվել փոփոխվող պայմաններին և յուրացնել նոր շուկաներ, որոնք սեփական ստանդարտներն են թելադրում։ Նա հայտնել է, որ հունիսին արտահանման ծավալները բարձր են եղել՝ դա որակելով որպես հավասարակշռման քաղաքականության արդյունք։ Ըստ Փաշինյանի՝ տարվա ընթացքում գլխավոր խնդիրն է առավելագույնս դիվերսիֆիկացնել արտահանման ուղղությունները, այդ թվում՝ գյուղմթերքի մասով, որպեսզի խուսափեն մեկ շուկայից ունեցած չափազանց մեծ կախվածությունից։
Նիստից հետո լրագրողների հետ զրույցում Փաշինյանը հավաստիացրել է. «ՌԴ կառավարության նախագահի հետ ունեցել ենք բաց, անկեղծ և բարեկամական քննարկում, ձեռք են բերվել մի շարք պայմանավորվածություններ»։
Թե կոնկրետ ինչ պայմանավորվածությունների մասին է խոսքը, վարչապետը չի հստակեցրել՝ նշելով. «Եկեք սպասենք, մինչև դրանք կյանքի կոչվեն, որպեսզի բոլորը տեսնեն»։
Փորձագիտական վերլուծություն. «Մոսկվան այլևս չի հավատում բառերին»
Քաղաքագետ Հրանտ Միքայելյանի կարծիքով՝ Նիկոլ Փաշինյանն ակնկալում էր պայմանավորվածությունների հասնել հայտարարությունների մակարդակով, սակայն Ռուսաստանի հետ հարաբերությունները հասել են այնպիսի փուլի, երբ միայն խոսքերը բավարար չեն. պահանջվում են գործնական քայլեր։
«Քանի որ ներկայիս աշխարհաքաղաքական կոնֆիգուրացիայում Փաշինյանը չի կարող լուրջ քայլեր ձեռնարկել, այցը կարելի է անարդյունավետ համարել. Հայաստանի նկատմամբ նոր սահմանափակումներ են հայտնվել։ Ըստ ամենայնի, հայկական ապրանքների համար սահմանափակումներն այժմ տարածվում են ողջ Եվրասիական տնտեսական միության վրա։ Նման հայտարարություն արվել է ռուսական կողմից։ Հետևաբար, հանդիպման արդյունքները պետք է գնահատել բացասական»,- նշեց Միքայելյանը։
Նրա դիտարկմամբ՝ հանդիպումը չի անցել բարձրագույն (նախագահների) մակարդակով, ինչը զարմանալի չէ ընտրություններից մեկ ամիս առաջ Փաշինյանի և Պուտինի միջև հրապարակային հեռակա բանավեճի ֆոնին։ Փորձագետի խոսքով՝ Փաշինյանը հույս ուներ Ռուսաստան ժամանել հաղթողի դիրքերից և նորովի կառուցել երկխոսությունը, սակայն Մոսկվայում դրանում նորություն չեն տեսել, քանի որ քաջածանոթ են նման ընտրական տեխնոլոգիաներին։
«Փաշինյանը փորձում էր քաղաքական հարցը լուծել խորհրդանշական քայլով՝ ցույց տալով, թե նախկին էսկալացիան նախընտրական քարոզարշավի մի մասն էր, իսկ այժմ ինքը պատրաստ է մեղմել հռետորաբանությունը։ Սակայն հնարավոր չէ մի կողմից հայտարարել տոնայնության մեղմացման մասին, մյուս կողմից՝ Հայաստանում հետապնդել Մոսկվայի հետ կապեր ունեցող կամ դրանում կասկածվող անձանց։ Այս աշխարհաքաղաքական կոնստրուկցիայում միայն խոսքերով հարց լուծելն անհնար է»,-նշեց քաղաքագետը։
Աշխարհաքաղաքական երկընտրանք և անվստահության խորացում
Միքայելյանի դիտարկմամբ՝ Հայաստանը կրկին հայտնվել է աշխարհաքաղաքական սահմանագծին (ֆրոնտիրում)։ Ռուսաստանի և Արևմուտքի միջև դիմակայության կտրուկ սրման պայմաններում Հայաստանի դիրքավորումը որպես արևմտյան ճամբարի մաս կարող է հանգեցնել նրան, որ երկիրը ընկալվի որպես հակառակորդ։ Ելքը, ըստ նրա, որևէ բլոկի հետ կոշտ նույնականացումից հրաժարվելն է։
«Մի կողմից Փաշինյանը հայտարարում է, որ Հայաստանը տրամադրված է զարգանալ ԵԱՏՄ շրջանակներում, մյուս կողմից՝ պնդում է, թե հայ ժողովուրդը ռազմավարական ընտրություն է կատարել հօգուտ Եվրամիության։ Այս հակասականությունը հարցեր է առաջացնում։ Տարբեր ինտեգրացիոն վեկտորներ համադրելու հնարավորություն գոյություն ուներ 20 տարի առաջ. հենց այդ դիլեման հանգեցրեց ուկրաինական հակամարտությանը։ Հայաստանն այն ժամանակ կարողացավ խուսափել դրանից Սերժ Սարգսյանի՝ ԵԱՏՄ-ին անդամակցելու որոշման շնորհիվ»,-ասաց քաղաքագեը։
Նրա կարծիքով՝ Մոսկվան այլևս չի հավատում Փաշինյանի խոսքերին և չի հովանավորելու Հայաստանի տնտեսությունը բարեկամության մասին ծիսական հայտարարությունների դիմաց։
Պուտինի հետ Մոսկվայում կայացած վերջին հանդիպումը մերկացրեց խորացող վստահության ճգնաժամը, իսկ եկատերինբուրգյան հանդիպումը ցույց տվեց, որ ելքի ուղիներ դեռ չեն սահմանագծվում։
«Կարծիք կա, որ եթե Հայաստանի իշխանությունները գնային որոշակի զիջումների, օրինակ՝ ատոմակայանի հարցում, ապա Մոսկվան կգնար պատասխան զիջումների։ Ես չգիտեմ, թե որքանով է այս տեսակետը հիմնավորված, բայց փորձագիտական համայնքում նման տեսակետ գոյություն ունի։ Առավել ևս, որ ատոմային էներգետիկայի վերաբերյալ ռուսական առաջարկը տնտեսական առումով բավականին շահավետ է։ Սակայն ԱԷԿ-ի մասին խոսելիս ի հայտ են գալիս նաև քաղաքական հարցեր,-ասաց քաղաքագետը։
Հարաբերությունների վերանայում «զրոյական կետից»
Միքայելյանի խոսքով՝ Մոսկվայում արդեն ընդունվել է որոշում, որ ներկա փուլում Ռուսաստանը չի դիտարկում Հայաստանի հետ դաշնակցային հարաբերությունների պոտենցիալը, և պատրաստվում է վերանայել հարաբերությունների ողջ շրջանակը (տնտեսություն, անվտանգություն, էներգետիկա և այլն), ինչի մասին Պուտինն ակնարկել էր դեռ ընտրություններից առաջ։
«Հարաբերությունների ողջ շրջանակի վերանայումը կնշանակի, որ կողմերը, նույնիսկ եթե ինչ-որ բան վերականգնելու ցանկություն ունենան, ստիպված կլինեն ամեն ինչ կառուցել զրոյից։ Ամենայն հավանականությամբ, մենք կհասնենք այդ կետին»,-ասաց Միքաելյանը։
Ըստ նրա՝ ներկայիս պայմաններում Փաշինյանը կարող է միայն փոխել հռետորաբանությունը, բայց դա բավարար չէ, ինստիտուցիոնալ քայլերը հետ շրջելը շատ դժվար կլինի․«Մենք գնում ենք դեպի հայ-ռուսական հարաբերությունների փլուզում արդեն կառուցվածքային մակարդակով։ Հնարավոր է՝ վերջին պահին կողմերին հաջողվի ինչ-որ կերպ մեղմել իրավիճակը, բայց ես դրանում վստահ չեմ»։
Զաբելա Ավագյան
