Արարատ․ գյուղատնտեսության կողքին՝ թունավոր արտանետումներով գործարաններ, վտանգավոր ցիանային պոչամբար | Region

Արարատ․ գյուղատնտեսության կողքին՝ թունավոր արտանետումներով գործարաններ, վտանգավոր ցիանային պոչամբար

Օգոստոս 20,2026 18:00

Արարատի մարզի Արարատ համայնքի ո՛չ օդն է մաքուր, ո՛չ հողը։ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ի տվյալներով՝ Արարատում վերջին երեք տարիներին օդում փոշու պարունակությունը թույլատրելի սահմանը գերազանցել է մինչև 5.2 անգամ:  Նաև ծծմբի և ազոտի երկօքսիդների գերազանցումներ են արձանագրվել։ Կենտրոնի զեկույցի համաձայն՝ Արարատում հողի մեջ պղինձը, նիկելը, քրոմը, մկնդեղը գերազանցում են սահմանված նորման։

Արարատում մի քանի կիլոմետրի վրա թունավոր արտանետումներով արտադրություններ են՝ ցեմենտի երկու գործարան, մետաղաձուլարան, քարի աղացներ, ոսկու կորզման ֆաբրիկա և այլն։ Իսկ դրանցից ոչ հեռու գյուղատնտեսական հողեր են մշակվում։ Ձկնաբուծական լճակների հարևանությամբ էլ տեղակայված է Հայաստանի ամենառիսկային ցիանային պոչամբարը։

Չեխական «Առնիկա», հայաստանյան «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» և «ԷկոԼուր» ՀԿ-ները համատեղ հողի փորձանմուշներ են վերցրել Կախանովի ջրանցքից, կենսաբանական նմուշներ Արարատի բնակիչներից։ Փորձանմուշների ուսումնասիրությամբ պարզվել է՝ մկնդեղի ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է ոսկու կորզման ֆաբրիկայի հարակից հատվածում։ Հողում հայտնաբերված մկնդեղի, նիկելի, քրոմի և պղնձի չափաքանակները զգալիորեն գերազանցում են հայաստանյան և համաշխարհային սահմանված նորմաները։

Մտահոգիչ է նաև բնակիչներից վերցրած կենսաբանական նմուշների ուսումնասիրությունը․ օրինակ՝ «մեզի բոլոր նմուշներում մկնդեղի ցուցանիշները գերազանցում են եվրոպական միջին մակարդակը»։

Բնակիչները գիտեն, որ մի փոքր տարածքում այսպիսի վտանգավոր արդյունաբերությունը չի կարող բացասական ազդեցություն չունենալ, սակայն, ասում են՝ դա նրանց եկամտի աղբյուրն է, տեղացիների զբաղվածության հնարավորությունն է։

Ինգա Զառաֆյան

«Կառավարությունը հանքարդյունաբերությունը դնում է առաջին տեղ։ Իհարկե, ճիշտ չի անում, որովհետև, հասցնելով վնաս շրջակա միջավայրին, մենք  քայքայում ենք մեր երկիրը։ Ու եթե պետությունը պատասխանատվության մակարդակն իջեցնում է նվազագույնի, ապա ապագայում մենք կունենանք վատ սերունդ՝ առողջության տեսանկյունից, և  աղտոտված միջավայր»,- Regions TV-ի հետ զրույցում նշեց «Էկոլուրի» ղեկավար Ինգա Զառաֆյանը։

ՀԿ-ների հետազոտության այս մտահոգիչ տվյալների վերաբերյալ Regions TV-ի հարցերին Շրջակա միջավայրի նախարարությունը չի պատասխանել։

Ռուսական «Գեոպրոմայնինգ գոլդ» ընկերությունն էլ, որը պատասխանատու է պոչամբարի համար, երկու ամիս է՝ չի արձագանքել մեր մի շարք հարցերին։

Այս պոչամբարը գործարկվել է 1976 թվականին, բնապահպանների գնահատմամբ՝ այն գրեթե ամբողջությամբ լցված է։

«Ցիանը դա ահավոր թույն է, որը լցված է այդ պոչամբարում։ Ու քանի որ պոչամբարը բավականին էժան ձևով է կառուցված, այդ թույները կամաց-կամաց տարածվում են՝ աղտոտելով հողը, ջուրը, և ջրի հետ հասնում են մինչև մարդկանց հողերը»,- ահազանգում է Ինգա Զարաֆյանը։

 

Նելլի Բաբայան

 

Նորություններ