Այսօր հոկտեմբերի 27-ի ոճրագործության 27-րդ տարելիցն է | Region

Այսօր հոկտեմբերի 27-ի ոճրագործության 27-րդ տարելիցն է

Հոկտեմբեր 27,2026 09:57

Այսօր լրանում է հոկտեմբերի 27-ի ոճրագործության 27-րդ տարելիցը:

1999 թվականի հոկտեմբերի 27-ին՝ ժամը 17։00-ի սահմաններում, երբ խորհրդարանում ընթանում էր կառավարության հետ հարցուպատասխանը, Նաիրի Հունանյանի գլխավորած զինված խմբավորումը ներխուժեց Ազգային ժողովի նիստերի դահլիճ և կրակ բացեց։

Ահաբեկչությանը զոհ գնացին Ազգային ժողովի նախագահ Կարեն Դեմիրճյանը, վարչապետ Վազգեն Սարգսյանը, ԱԺ փոխնախագահներ Յուրի Բախշյանն ու Ռուբեն Միրոյանը, պատգամավորներ Արմենակ Արմենակյանը, Հենրիկ Աբրահամյանը, Միքայել Քոթանյանը և օպերատիվ կառավարման նախարար Լեոնարդ Պետրոսյանը:

Ահաբեկչական խումբը պատանդ էր վերցրել 91 մարդու, հիմնականում՝ պատգամավորների։ Գերեվարված են եղել նաև նիստը լուսաբանող լրագրողները, որոնց որոշ ժամանակ անց ահաբեկիչները ազատ են արձակել։ Վիրավորում ստացած պատգամավորներին և կառավարության անդամներին նույնպես որոշ ժամանակ անց դուրս են թողել։

Պատանդ մնացած անձինք ազատ են արձակվել հոկտեմբերի 28-ի լուսադեմին՝ ահաբեկիչների կողմից զենքերը վայր դնելուց ու հանձնվելուց հետո։

Դատարանը 2003 թվականի դեկտեմբերի 2-ին հրապարակեց գործով դատավճիռը: Նորք-Մարաշ շրջանային դատարանի դատավոր Սամվել Ուզունյանը ոճրագործությունն իրականացրած 7 ահաբեկիչների նկատմամբ կայացրեց վճիռ, ըստ այդմ՝ 6 հոգի դատապարտվեց ցմահ, իսկ 1-ը՝ 14 տարվա ազատազրկման:

2024–ի օգոստոսի 26–ին «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում մահացել է «Հոկտեմբերի 27»-ի ոճրագործության գործով ցմահ դատապարտված 64-ամյա Աշոտ Կնյազյանը:

«Հոկտեմբերի 27»-ի ոճրագործության գործով ցմահ դատապարտվածներից ողջ են Նաիրի և Կարեն Հունանյանները, Դերենիկ Բեջանյանը:

 

Նորություններ