Տվյալներ են ստացվել, որ «Ուժեղ Հայաստան»-ի՝ Ստեփանավանի համայնքապետի թեկնածուն ընտրակաշառք է բաժանել․ՀԿ | Region

Տվյալներ են ստացվել, որ «Ուժեղ Հայաստան»-ի՝ Ստեփանավանի համայնքապետի թեկնածուն ընտրակաշառք է բաժանել․ՀԿ

Հոկտեմբեր 21,2026 11:23

Հակակոռուպցիոն կոմիտեն հայտարարություն է տարածել հոկտեմբերի 25-ին կայանալիք Ստեփանավանի ավագանու ընտրություններում առաջադրված՝ «Ուժեղ Հայաստան»-ի ցուցակը գլխավորող թեկնածու Արսեն Գևորգյանի ձերբակալության մասին։

Խմբի կազմում ընտրակաշառք տալու, դրան օժանդակելու, ինչպես նաև ընտրակաշառք ստանալու մեղադրանքներով ձերբակալվել է 14 անձ։ Հայտնում են կոմիտեից։
Ըստ կառույցի․« ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված միջոցառումների հիման վրա Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթով փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ 2026 թվականի հոկտեմբերի 25-ին կայանալիք Ստեփանավան խոշորացված համայնքի ավագանու համամասնական ընտրակարգով հերթական ընտրություններում առաջադրված՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցության ցուցակը գլխավորող թեկնածուն, ընտրությանը մասնակցելու և ընտրության ժամանակ հիշյալ կուսակցության օգտին քվեարկելու պայմանով, ավագանու անդամների թեկնածուների, ինպես նաև կուսակցության անունից հանդես եկող անձանց օժանդակությամբ, նույն համայնքում ընդգրկված տարբեր բնակավայրերի մի քանի տասնյակ ընտրողների տվել է ընտրակաշառք»։

Բացի այդ, նախաքննությամբ պարզվել է, որ նույն թեկնածուն, հիշյալ կուսակցության օգտին քվեարկելու պայմանով, ավագանու անդամի թեկնածուների օժանդակությամբ, յուրաքանչյուր ընտրողի համար նախատեսված գումարներն առանձնացնելու, նշումներ կատարելու և ցուցակներ կազմելու եղանակով նախապատրաստվել է ընտրակաշառք տալ 3 տասնյակից ավելի ընտրողների նույնպես։

Դեպքի առթիվ Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթով ձերբակալվել են մի շարք անձինք, կատարվել են խուզարկություններ և վարութային այլ գործողություններ:

Հիշեցնենք, որ այսօր կուսակցությունից հայտնել էին, որ վաղ առավոտից խուզարկություններ ու ձերբակալություններ են կատարվում  Ստեփանավանի տարածաշրջանում «Ուժեղ Հայաստան»-ի աջակիցների շրջանում:

Նորություններ