Հայաստանի և Ադրբեջանի կողմից ստորագրվելիք խաղաղության համաձայնագիրը կփոխի տարածաշրջանի մթնոլորտը։ Երևանն այժմ ցուցադրում է տնտեսական ինտեգրման ավելի ճկուն մոտեցոմ»․Էրդողան | Region

Հայաստանի և Ադրբեջանի կողմից ստորագրվելիք խաղաղության համաձայնագիրը կփոխի տարածաշրջանի մթնոլորտը։ Երևանն այժմ ցուցադրում է տնտեսական ինտեգրման ավելի ճկուն մոտեցոմ»․Էրդողան

Հուլիս 05,2025 19:50

«Զանգեզուրի միջանցքը նոր հնարավորություններ կբերի ոչ միայն Ադրբեջանի, այլև ամբողջ տարածաշրջանի համար»,-այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

Նա նշել է, որ Թուրքիան այս «միջանցքը» դիտարկում է ոչ միայն որպես աշխարհաքաղաքական, այլև աշխարհատնտեսական առաջընթացի մաս։

«Չնայած Հայաստանը սկզբում դեմ էր Զանգեզուրի միջանցքին, այժմ Երևանը ցուցադրում է տնտեսական ինտեգրման ավելի ճկուն մոտեցում»,-ասել է Էրդողանը։

Նա նշել է, որ «այս տարածաշրջանի զարգացումը հնարավորություն է ոչ միայն Ադրբեջանի, այլև Հայաստանի, մեզ համար, Իրանի և այլ երկրների համար։ Զանգեզուրի միջանցքը նոր հնարավորություններ կբացի ոչ միայն Ադրբեջանի, այլև ամբողջ տարածաշրջանի համար։ Մենք այս երթուղին դիտարկում ենք ոչ միայն որպես աշխարհաքաղաքական, այլև որպես աշխարհատնտեսական հեղափոխության մաս։ Զանգեզուրի միջանցքի բացումը ռազմավարական քայլ կլինի նաև Միջին միջանցքի համար»։

Թուրքական և ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ Էրդողանն ասել է․« Երբ միջանցքը բացվի, Թուրքիայից ապրանքները կկարողանան ավելի արագ մատակարարվել Կասպից ծովով դեպի Կենտրոնական Ասիա և Չինաստան, իսկ Եվրոպայից Չինաստան բեռները կսկսեն անցնել Թուրքիայով։ Միջին միջանցքի բացումը ընդգրկում է բազմաթիվ երկրներ՝ հարավից մինչև մեզ և Ադրբեջան։ Բացի այդ, այն ինտեգրված է Չինաստանից եկող երթուղու հետ։ Սա նախագծին տալիս է հատուկ նշանակություն։ Մենք ձեռնարկում ենք բոլոր քայլերը այս գործընթացում»։

Էրդողանը նշել է, որ «այստեղ առանցքային օղակը Զանգեզուրի երթուղին է։ Այն նաև ներառում է երկաթուղային համակարգը։ Միջին միջանցքի ինտեգրումը Զանգեզուրի երթուղու հետ և դրա շահագործումը ինչպես բեռնափոխադրումների, այնպես էլ ուղևորափոխադրումների մեջ միավորումից հետո մեծ նշանակություն կունենա»։

Էրդողանը նաև ընդգծել է Կարս-Նախիջևան երկաթուղու կարևորությունը, նշելով, որ այն հիմա կառուցման փուլում է․ «Միջին միջանցքն իր ողջ ուժը ստանում է այստեղից։ ․․․Այս գծի իրականացմամբ, կարծում եմ, որ մենք կարևոր քայլ կանենք բեռնափոխադրումների զարգացման գործում: Բացի այդ, Կարս-Իգդիր-Նախիջևան երկաթուղին և Թուրքիայի շինարարական ներդրումները Ղարաբաղում ավելի արդյունավետ կգործեն Զանգեզուրի միջանցքի բացումից հետո»։

Նա հավելել է, որ Հայաստանի և Ադրբեջանի կողմից ստորագրվելիք խաղաղության համաձայնագիրը կփոխի տարածաշրջանի մթնոլորտը.

«Աշխարհը փոխվում է, և այս իրավիճակը պահանջում է նոր քայլեր: Փոփոխություններին համընթաց քայլելը նշանակում է ներուժի ակտիվացում և շահույթի համար դռների բացում: Հայաստանի և Ադրբեջանի կողմից ստորագրվելիք խաղաղության համաձայնագիրը կփոխի տարածաշրջանի մթնոլորտը: Մենք կտեսնենք նոր և պատմական հնարավորություններ, որոնք մեկը մյուսի հետևից կբացվեն ձեռք բերված խաղաղության շնորհիվ: Հակամարտություններից և պատերազմներից ամայացած տարածաշրջանների ներուժը ակտիվացնելով՝ կհայտնվի հաջող մոդելի ևս մեկ հազվագյուտ օրինակ»,-ասել է Թուրքիայի նախագահը։

ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանն՝ անդրադառնալով Թուրքիայի նախագահի՝ տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման թեմային վերաբերվող հայտարարության, Արմնենպրեսին ասել է․«Հայաստանը եղել և մնում է շահագրգռված տարածաշրջանային փոխկապակցվածության ընդլայնման և տնտեսական զարգացման մեջ»։

Բադալյանի խոսքով․«Հայաստանը եղել և մնում է շահագրգռված տարածաշրջանային փոխկապակցվածության ընդլայնման և տնտեսական զարգացման մեջ: Այդ ըմբռնումով է, որ ՀՀ-ն հանդես է եկել «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությամբ և դրան համահունչ առանձին գաղափարներով, լուծումներով, կառուցողական առաջարկներով։ Մեր կարծիքով, դրանք կարող են փոխշահավետ արդյունքներ ապահովել ինչպես տարածաշրջանի երկրների, այնպես էլ ավելի լայն աշխարհագրությամբ հաղորդակցությունների ցանցի զարգացմամբ հետաքրքրված գործընկերների համար: Ինչպես նախկինում, այժմ ևս տարածաշրջանում տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման ՀՀ տեսլականը խարսխված է հիմնարար սկզբունքների՝ ինքնիշխանության, կապուղիների նկատմամբ ազգային իրավազորության վրա, և ինչպես հայտնի է, չի ենթադրում այլ տրամաբանություն։ Շահագրգիռ գործընկերների հետ քննարկումները շարունակվում են»։

 

Նորություններ