Ինչու և ինչպես էր պաշարվել Գյումրիի քաղաքապետարանը․ ամբողջական տեսանյութ

Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանն արդեն Երևանում է՝ Հակակոռուպցիոն կոմիտեում: Այս մասին հայտնեց նրա փաստաբան Արամայիս Հայրապետյանը:
Այսօր առավոտյան դիմակավորված ուժայինները հատուկ գործողություն են սկսել Գյումրիի քաղաքապետարանում՝ կողպելով բոլոր դռները և արգելելով աշխատակիցների ու լրատվամիջոցների մուտքը։
Հարյուրավոր քաղաքացիներ էին հավաքվել քաղաքապետարանի դիմաց, որտեղ մեծ թվով ոստիկանական ուժեր էին կուտակված։ Եկեղեցու զանգերն անընդհատ ղողանջում էին։ Մի քանի անգամ բախումներ տեղի ունեցան քաղաքապետարանի շենքի դիմաց։
Օրվա ընթացքում ավտոբուսներով հավելյան նոր ուժեր բերվեցին։ Հատուկ գործողությանը ներգրավվել էին նաև կարմիրբերետավորները։ Լարված իրավիճակ էր նաև քաղաքապետարանի ներսում։
Անակնկալի բերելով հավաքված քաղաքացիներին՝ Գյումրիի քաղաքապետարանի բակի կողմից քաղաքապետ Վարդան Ղուկասյանին ուժայիններն արագ տարան և նստեցնելով ավտոմեքենան՝ հեռացան տարածքից։ Այդ ընթացքում ևս քաշքշոց տեղի ունեցավ ոստիկանների և քաղաքացիների միջև։
Հիշեցնենք, որ Հակակոռուպցիոն կոմիտեն հաղորդագրություն էր տարածել, նշելով, որ քաղաքապետարանի 8 աշխատակիցներ, այդ թվում քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, ձերբակալվել են կաշառք ստանալու և տալու մեղադրանքներով։ Ձերբակալվածների թվում է նաև քաղաքի գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանը։
Գյումրիի քաղաքապետի տեղակալ Ավետիս Առաքելյանն ավելի ուշ հայտնեց, որ վաղվանից համայնքապետարանը հայտարարում է գործադուլ։