Միջնադարյան հայ ճարտարապետության գլուխգործոցը՝ Որոտան գետի կիրճի եզրին | Region

Միջնադարյան հայ ճարտարապետության գլուխգործոցը՝ Որոտան գետի կիրճի եզրին

Հոկտեմբեր 15,2025 17:30

Տաթևի վանական համալիրը միջնադարյան հայ ճարտարապետության գլուխգործոցներից է: Համալիրի առաջին եկեղեցին կառուցվել է 4-րդ դարում։ 8-րդ դարի վերջին եղել է Սյունյաց եպիսկոպոսության աթոռանիստը։ Սկսած 10-րդ դարից Տաթևի վանքը Սյունիքի հոգևոր-մշակութային կենտրոնն էր, իսկ 14-րդ դարում այստեղ հիմնադրվել է Տաթևի համալսարանը։

Համալիրի շինությունները բազմիցս ավերվել են թշնամիների կողմից, կողոպտվել են վանքի գանձերը, այրվել ձեռագրերը: Մեծ վնաս են հասցրել ժամանակ առ ժամանակ տեղի ունեցած երկրաշարժերը: Այնուամենայնիվ, քանդված եկեղեցիներն ու ավերված շինությունները վերստին կառուցվել ու վերանորոգվել են: Տաթևի վանական համալիրը բաղկացած է երեք եկեղեցիներից, սեղանատնից, գրատնից, դամբարանից, շտեմարաններից և պաշտպանական կառույցներից:

2010 թ․-ին բացվեց «Տաթևի թևերը»՝ աշխարհի ամենաերկար անկանգառ հետադարձելի ճոպանուղին, որը տանում է դեպի Տաթևի վանք։ Այն գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում։

Ի դեպ, «Տաթևի թևեր» ճոպանուղին նշում է իր 15-ամյակը և կրկին պայքարում է World Travel Awards 2025 մրցանակաբաշխության վարկածով աշխարհի լավագույն ճոպանուղու կոչման համար՝ մինչ այդ 3 անգամ հաղթելով այս անվանակարգում՝ 2021, 2023 և 2024 թվականներին։

Նորություններ