Հայաստանը նրա համար պետք է դառնար ապաստան, այլ ոչ գերեզման․ իրավապաշտպանը ընտանեկան բռնության պատճառով Չեչնիայից փախած կնոջ մասին

Ընտանեկան բռնության պատճառով Չեչնիայից փախած ու Հայաստանում ապաստանած Այշաթ Բայմուրադովային այսօր Երևանում գտել են մահացած։ ՆԳՆ ոստիկանությունն այսօր տեղեկացրել է, որ հոկտեմբերի 19-ին ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել մի քաղաքացի և հայտնել, որ Երևանի Դեմիրճյան փողոցի վարձակալության տրված բնակարաններից մեկում կնոջ դի կա։ Նշված վայր են մեկնած օպերատիվ խմբերը պարզել են, որ հայտնաբերվածը հոկտեմբերի 17-ից որպես անհետ կորած որոնվող 23-ամյա Այշաթ Բայմուրադովայի դիակն է։ Նշանակվել են փորձաքննություններ, առայժմ հայտնի չէ՝ արդյոք 23-ամյա կնոջ մարմնի վրա բռնության հետքեր եղել են, թե՝ ոչ։
Իրավապաշտպան Զառա Հովհաննիսյանը սոցիալական ցանցում անդրադառնալով այս ցավալի դեպքին, գրում է՝ ըստ նախնական տվյալների՝ Այշաթ Բայմուրադովան փախել էր Չեչնիայից՝ փորձելով ազատվել բռնությունից, փորձելով նոր կյանք սկսել մի երկրում, որտեղ, թվում էր, անվտանգ կլինի։
«Եվ ահա՝ Երևանում, որտեղ նա պիտի իրեն ապահով զգար, նրա կյանքն ընդհատվեց։ Նրան որոնում էին մի քանի օր շարունակ։ Ընկերներն ասում էին՝ 15-ին գնացել էր հանդիպման՝ Instagram-ով ծանոթացած մի աղջկա հետ։ Հետո պարզվել է, որ այդ աղջկա հետևորդների մեջ կան մարդիկ՝ Ռամզան Կադիրովի շրջապատից։ Հետո լռություն։ Հետո՝ մարմինը գտան վարձով բնակարանում։ Հայաստանը պետք է դառնար ապաստանի վայր, այլ ոչ գերեզման նրա համար։
Որպես կանանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող և նախկինում նաև ապաստարանների հետ գործ ունեցած անձ ասեմ, որ Չեչնիայից փախած կանայք պնդում էին, որ եթե ամուսինները գտնեն իրենց հետքը, կենդանի կթաղեն։ Գաղտնիության պահպանումը թիվ մեկ խնդիրն էր, որպեսզի որևէ կերպ նրանց չհայտնաբերեն Հայաստանում»,-նշում է իրավապաշտպանը։
Նրա դիտարկմամբ՝ այս պատմությունը սարսափելի է ոչ միայն նրա համար, որ երիտասարդ կին է սպանվել, այլև սա հակամարդկային համակարգի ձեռքերի երկարացման ապացույցն է․«Այն համակարգի, որն իր քաղաքացիներին հալածում է նույնիսկ դրսում, այն կանանց, որոնք փորձել են ազատվել բռնությունից։ Նրանք իրավազուրկ էակներ են, իրենց կյանքի վերաբերյալ որևէ որոշում չեն կարող կայացնել, նրանց ստիպողաբար ամուսնացնում են, նրանք իրենց ընտանիքների ու ամուսինների սեփականությունն են, ու պետությունը որևէ քայլ չի ձեռնարկվում նրանց պաշտպանելու այդ մարդատյաց համակարգից»։