Սվետլանա Կուլչիցկայա․«Ստեփանակերտի հուշահամալիրում մտածում էի՝ նրանց հայրերը մահացան, որպեսզի այս երեխաները երջանիկ ապրեն, բայց ստացվեց, որ 90-ականներին նրանք կռվեցին, որ իրենց երեխաները զոհվեն» | Region

Սվետլանա Կուլչիցկայա․«Ստեփանակերտի հուշահամալիրում մտածում էի՝ նրանց հայրերը մահացան, որպեսզի այս երեխաները երջանիկ ապրեն, բայց ստացվեց, որ 90-ականներին նրանք կռվեցին, որ իրենց երեխաները զոհվեն»

Հոկտեմբեր 20,2025 21:30

Ես նախկինում երազանքներ չունեի, բայց 44-օրյա պատերազմից հետո սկսեցի երազել Արցախի մասին, սկսեցի երազել այն մարդկանց մասին, որոնց սիրում էի և սիրում եմ։ Ես լացել եմ, ինձ համար շատ դժվար է առանց Արցախի։ Բնականաբար, Արցախը ինձ համար թանկ վայր է։ Այսպես սկսեց իր զրույցը Սանկտ Պետերբուրգից հայտնի ռուս հասարակական գործիչ, հեռուստալրագրող և վավերագրական ֆիլմերի ռեժիսոր Սվետլանա Կուլչիցկայան RegionTV-ի հետ զրույցում։

2023 թվականի աշնանը արցախցիների բռնի տեղահանումից հետո նա առաջին անգամ այցելեց Հայաստան, մասնավորապես՝ Գյումրի։

Սվետլանա Կուլչիցկայան ակտիվորեն լուսաբանում է կարևոր հասարակական և քաղաքական խնդիրներ։ Նա հատուկ ուշադրություն է դարձնում հայկական հարցերին, և նրա գործերն Արցախի մասին մեծ ուշադրության են արժանացել։ Սվետլանա Կուլչիցկայան Ղարաբաղյան պատերազմի ընթացքում և դրանից հետո բազմիցս այցելել է Արցախ, 1992-1993 թվականներին Արցախում նկարահանված «Հրետանային ռմբակոծությունից հետո», «Խաղաղության գինը», «Ապրել» և «Վերադարձ» վավերագրական ֆիլմերի հեղինակն է։ Չնայած պատերազմական կադրեր ներառելուն, Կուլչիցկայայի ֆիլմերը հակապատերազմական են։

Արցախին նվիրած նրա գործերը շեշտադրվել են մարդկային տառապանքների և զինված հակամարտության քաղաքական հետևանքների վրա։

Սվետլանա Կուլչիցկայա

«Արցախը կառուցվել և վերածնվել է ավելի քան երեսուն տարի։ Իհարկե, իմ հակապատերազմական «Վերադարձ» ֆիլմում ես ցույց եմ տվել և խոսել այն մասին, թե որքան գեղեցիկ է Արցախը, որքան լավն է այն, և ինչպես են մարդիկ սկսել ապրել այնտեղ այլ կերպ։ Բայց սահմաններին գրեթե ամեն օր պատերազմ էր, կրակոցներ, և այդ պատճառով էլ իրադրությունը զարգանում էր այս ուղղությամբ»,-ասում է Կուլչիցկայան։

Նա կարծում է, որ Արցախը դավաճանվել է, նույնիսկ վստահ է դրանում․«Ես հիանալի հասկանում եմ, որ բոլոր ազգերն էլ, ռուսները, հայերը, մյուս, մյուս ազգերը սրիկաներ ունեն, ոչինչ չես կարող անել, մարդկային էությունն է այդպիսին։ Ես չգիտեմ, թե ինչի համար են միջազգային դիվանագիտական ինստիտուտները։ Ես կուզեի տեսնել, թե որտեղ են այն դիվանագետները, ովքեր համաձայնությունների են հասել, որովհետև սկզբում միշտ խոսքն էր, այլ ոչ թե փամփուշը»։

Սվետլանա Կուլչիցկայան հիշեցնում է՝1994 թվականին ստորագրվել է ոչ թե խաղաղության պայմանագիր, այլ հրադադարի համաձայնագիր, ու նշում, որ իր համար պարզ էր՝ եթե հակամարտությունը չլուծվի խաղաղ ճանապարհով, պատերազմ կլինի, քանի որ տարածքային պատկանելության հարցը չի լուծվել․« Ակնհայտ է, որ հողերն իրավաբանորեն, ընդգծում եմ՝ իրավաբանորեն և միջազգային առումով, պատկանում էին Ադրբեջանին, և դրանից խուսափել հնարավոր չէր։ Վերջին 30 տարիների ընթացքում մեր մի ժամանակ հարգված նախագահները, կարելի է ասել, դավաճանել են Արցախը։ Նրանցից յուրաքանչյուրը, առանց բացառության, չի կարողացել լուծել այս հարցը։ Նրանք ժամանակ ունեին, բայց այն վատնվեց։ Սա առաջին կետն է։ Երկրորդ՝ բանակը չամրապնդվեց, սահմանները չզարգացան, դիրքերը իսկապես չամրապնդվեցին։ Բնականաբար, այս ամենը նպաստեց պատերազմի պարտությանը։ Բայց ես գիտեմ, որ պատերազմը պարտվեց նաև այն պատճառով, որ այն կազմակերպվել էր Արցախը հանձնելու համար։ Այն կազմակերպվել էր դրսից, բնականաբար, Ադրբեջանի և Թուրքիայի միջև բարեկամության և կապերի շնորհիվ։ Բայց Հայաստանի կառավարությունը, նոր կառավարության՝ նկատի ունեմ Փաշինյանի իշխանության գալուց ի վեր, ցանկանում էր հանձնել Արցախը։ Դա հասկանալի էր։ Ես երբեք չեմ մոռանա, թե ինչպես հանդիպեցի Փաշինյանին։ 2019 թվականի մայիսի 9-ին, Ստեփանակերտի հուշահամալիրում նա ծնկի իջավ հուշարձանների առջև՝ գրկելով լացող մայրերին, նույն 1990-ականների մայրերին։ Նա անկեղծ էր թվում, աչքերում արցունքներ կային»։

Կուլչիցկայան հիշում է, թե ինչպես է 2020 թվականի դեկտեմբերի 25-ին այցելել է Ղարաբաղ և Նոր տարվա գիշերն անցկացրել գերեզմանատանը՝ հուշահամալիրում։ Պատմում է՝ այնտեղ դեռ շատ դատարկ գերեզմաններ կային, որովհետև շատերին չէին գտել, զոհվածների որոնումները շարունակվում էին անտառներում ամիսներ շարունակ․«Ես կանգնեցի հուշահամալիրի վերևում և ասացի՝ նրանց հայրերը մահացան, որպեսզի այս երեխաները երջանիկ ապրեն, բայց պարզվեց… Պարզվեց, որ 1990-ականներին նրանք կռվել են, որպեսզի իրենց երեխաները մահանան։ Սա այն պատմությունն է, որը նրանք գրել են նրանց համար, հասկանո՞ւմ եք։ Եվ ես չեմ կարող ներել դա»։

Կուլչիցկայան վստահ է, որ Ռուսաստանը նույնպես դեր է խաղացել, կարծում է, որ առանց Ռուսաստանի թույլտվության պատերազմ չէր լինի․«2021 թվականին Արցախի ախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանի հետ իմ հարցազրույում նա խոսում էր այն մասին, թե ինչ որը կլինի Թուրքիայի հաջորդ քայլը և ինչպես «կհարձակվի» Ռուսաստանի վրա, եթե Արցախը դադարի գոյություն ունենալուց. սա կհանգեցնի անկանխատեսելի աշխարհաքաղաքական գործընթացների, և պանթուրքիստական ​​​​միտումը կճեղքի Անդրկովկասը։ Ռուսաստանը մեծ խնդիրներ կունենա Հյուսիսային Կովկասում, Վոլգայի շրջանում, Կենտրոնական Ասիայում և դրանից դուրս, այնտեղ է Օսմանյան կայսրությունը։ Այո, ես վստահ եմ դրանում։ Նրանք պլանավորում են առաջխաղացում ունենալ մեր արևելյան երկրների միջոցով դեպի վերև»։

Կուլիչիցկայան նաև մտահոգված է արցախցիների ներկայիս վիճակով, նկատում է, որ նրանք դժվարությունների են բախվում քաղաքացիություն ստանալու, աշխատանք գտնելու  և սոցիալական ծառայություններից օգտվելու հարցում:

«Այս մարդիկ, ովքեր պատերազմ և դժվարություններ են ապրել, աջակցության և հայկական հասարակության մեջ ինտեգրման կարիք ունեն: Ես մեկ շաբաթ է, ինչ Հայաստանում եմ և հանդիպել եմ արցախցիների, կռված մարդկանց հետ: Նրանք քաղաքացիություն չունեն, չնայած որ Հայաստանի քաղաքացիներ են, չնայած այն հանգամանքին, որ նրանց անձնագրերում գրված է 070: Ես ճանաչում եմ մի մարդու, որը կռվել է, վերջին պատերազմի հերոսներից մեկը: Նա մայոր է, ունի բարձրագույն կրթություն, շատ խելացի և խելացի մարդ է: Նա ուզում էր միանալ բանակին, բայց նրան չէին ընդունում, ասել են, որ նա իրենց զինվորը չէ, այլ Ղարաբաղի զինվորն է, չնայած որ նա մասնագետ է: Նրանք նրան չէին վերցնում այդ ոլորտում, քանի որ նա Հայաստանի քաղաքացի չէ, ուստի նա հիմա ստիպված բանվոր է աշխատում։  Սա ի՞նչ է: Մի՞թե Հայաստանին լուսավորված, խելացի և կրթված մարդիկ պետք չեն: Նրանց քաղաքացիական իրավունքների և մասնագիտական ​​հմտությունների մերժումը ոչ միայն անարդար է, այլև զրկում է Հայաստանին արժեքավոր մարդկային կապիտալից», – նշում է Սվետլանա Կուլչիցկայան։

Նա ցավով է խոսում Արցախի ձյուդոյի ֆեդերացիայի մարզիկ Սոսե Բալասանյանի ճակատագրի մասին։ Նշում է՝ Սոսեն խաղաղ ժամանակ ձյուդոիստ է, պատերազմի ժամանակ՝ պաշտպան, մասնակցել է 44-օրյա պատերազմին։

«Սոսեն հայտնի մարզիկ է ոչ միայն իր հայրենիք Արցախում, այլև Եվրոպայի և Հայաստանի բազմակի չեմպիոն, ինչպես նաև սամբոյի և ձյուդոյի աշխարհի բրոնզե մեդալակիր։ Այսօր նա աշխատում է որպես շինարար. տեղափոխում է բիտում և տեղադրում աղյուսներ։ Ի՞նչ է սա։ Սոսե Բալասանյանը լեգենդար աղջիկ է, երկրի աղը։ Նրան աշխատանք են առաջարկել Գերմանիայում, Ֆրանսիայում և Ամերիկայում, բայց նա Արցախից ավելին չի ուզում։ Եվ նա կաշխատեր այս հողում, եթե այս մարդիկ, այս կառավարությունը ճանաչեին և գնահատեին նրան։ Նրա նման մարդկանց պետք է հուշարձաններ կանգնեցվեն, մենք պետք է հպարտանանք, որ նման ազգ գոյություն ունի»,-հավելում է Կուլչիցկայան։

Նշում է՝ արցախցի ում հանդիպում է՝ աշխատանք չունի, նկատում է, որ բռնի տեղահանվածները չափազանց բարձր են վճարում վարձակալած բնակարանների համար, այն դեպքում, երբ նրանք իրենց հայրենի հողից, տներից փախել են առանց ոչ մի բանի․«Կարխես նրանք բոլորն իրենց համարում են երրորդ կարգի քաղաքացիներ։ Ես դա զգացի, տեսնում եմ։ Եվ սա ինձ միայն ցավ է պատճառում։ Արցախցիների ինտեգրումը պետք է դառնա առաջնահերթություն կառավարության և հասարակության համար՝ Հայաստանի բոլոր քաղաքացիների համար կայուն և բարգավաճ ապագա ապահովելու համար»։

Զաբելա Ավագյան

Նորություններ