Վարդան Ղուկասյանի փաստաբանը գաղտնալսման և քրգործի մասին․«Փորձում են ուրիշների արածները կապել Վարդան Ղուկասյանի հետ»

Այս պահին Վարդան Ղուկասյանին տեղափոխում են Երևան՝ Հակակոռուպցիոն կոմիտե։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է նրա փաստաբան Արամայիս Հայրապետյանը։
Նա, անդրադառնալով իրավապահների տարածած հաղորդագրությանն, ասաց՝ գաղտնալսման մեջ ոչինչ հասկանալի չէ․«Եվ եթե անգամ ինչ-որ մարդիկ ինչ-որ բան են արել, առնվազն կասկածներ կան, որ փորձում են ուրիշների արածները կապել Վարդան Ղուկասյանի հետ»։
Փաստաբանի դիտարկմամբ՝ մինչև քրեական վարույթ նախաձեռնելն ու քննչական գործողությունները ՔՊ-ականներն նախաքննական գաղտնիք պարունակող նյութեր էին հրապարակում, ինչն ապացուցում է, որ այս գործընթացը քաղաքական է, ոչ թե՝ իրավական։
«Իրավապահների տարածած հաղորդագրությունում ինչ կա, չի վերաբերում Վարդան Ղուկասյանին, այդտեղ որևէ խոսկացություն կաշառքին չի վերաբերում։ Այլ անձի մասին է խոսքը, չեն կարողացել հասնել Վարդան Ղուկասյանին, դրա համար էլ էս մասկի շոուն են կազմակերպել։ Անընդհատ շեշտում են կաշառք, կաշառք, կաշառքի գործ․․․եթե անգամ արել են, չնայած Ղուկասյանը չի էլ հավատում նման բան արած լինեն, ասենք փետրվար ամսվա գործողությունները բերում են հիմա սրացումների ֆոնին կապում են Ղուկասյանի հետ, ուրեմն փորձում են ճնշել նրան»,-ասել է փաստաբանը։
Հիշեցնենք, որ այսօր հակակոռուպցիոն կոմիտեն հաղորդագրություն է տարածել, ըստ որի՝ «Գյումրի համայնքի ղեկավարը և գլխավոր ճարտարապետը, տեղեկանալով այն մասին, որ քաղաքացու կողմից Գյումրի համայնքի Գարեգին Նժդեհ փողոցի 1/9 հասցեում կառուցվել է շուրջ 1500 մ2 մակերեսով ինքնակամ շինություն, որը ենթակա է եղել քանդման, եկել են նախնական համաձայնության՝ քաղաքացու հետ մտնել «կոռուպցիոն» գործարքի մեջ՝ խոստանալով կառուցված ինքնակամ շինության քանդման ուղղությամբ միջոցներ չձեռնարկել, ավելին՝ կազմել շինությունն իբրև քանդված և նոր կառուցված լինելու վերաբերյալ պաշտոնական կեղծ փաստաթղթեր, օրինականացնել այն՝ դրա դիմաց պահանջելով խոշոր չափերով՝ չորս միլիոն ՀՀ դրամ գումարի կաշառք»։
Այս պահին այս գործով 8 անձ է ձերբակալվել։
Գյումրու Վարդանանց հրապարակում՝ քաղաքապետարանի մոտ իրավիճակը լարված է, քաղաքապետի աջակցիներն ու հարազատները քաղաքապետարանի շենքի մոտ են, այստեղ են նաև մեծ թվով ոստիկաններ։ Մի պահ իրավիճակը լարվեց, հրապարակում ոստիկանների ու հավաքված քաղաքացիների միջև հրմշտոց սկսվեց, մի քանի քաղաքացու բերման ենթարկեցին: