Եկեղեցու պատմության մեջ եղել են դեպքեր, երբ կաթողիկոսը պաշտոնանակ է արվել, եպիսկոպոսը քրեական պատասխանատվության է ենթարկվել, դրանից եկեղեցին չի փլուզվել»․Փաշինյան | Region

Եկեղեցու պատմության մեջ եղել են դեպքեր, երբ կաթողիկոսը պաշտոնանակ է արվել, եպիսկոպոսը քրեական պատասխանատվության է ենթարկվել, դրանից եկեղեցին չի փլուզվել»․Փաշինյան

Հոկտեմբեր 16,2025 14:49

Իմ կողմից Հայ Առաքելական եկեղեցու վրա հարձակում չկա: Այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին՝ ինչպե՞ս է ստացվում, երբ ամեն անգամ Ադրբեջանի հոգևոր առաջնորդը հայտարարում է, որ Հայ Առաքելական եկեղեցին խաթարում է խաղաղության գործընթացը, զուգահեռ Հայաստանում հոգևորականներ են կալանավորվում, հնարավո՞ր է, որ եկեղեցու վրա ձեր հարձակումը խաղաղության գործընթացի մաս է։

Փաշինյանը շարունակելով, ասաց՝ Հայաստանյաց  Առաքելական սուրբ եկեղեցու թղթերում որևէ տեղ գրված չէ, որ կաթողիկոսի պաշտոնում գտնվող անձն ու եկեղեցին  նույնական են, որևէ տեղ գրված չէ, որ եպիսկոպոսն ու եկեղեցին նույնական են․«Հայաստանյաց Առաքելական եկեղեցու պատմության մեջ եղել են մի շարք, եթե ոչ բազմաթիվ դեպքեր, երբ կաթողիկոսը պաշտոնանակ է արվել, հրաժարական է տվել և գնացել է։  Իսկ ի՞նչ է տեղի ունեցել դրա արդյունքում՝ եկեղեցին փլուզվե՞լ է։ Ո՛չ, չի փլուզվել։ Էլ չեմ ասում, որ  նախկինում ՀՀ-ում դեպք է եղել, որ եպիսկոպոսը քրեական պատասխանատվության է ենթարկվել և տարիներ է անցկացրել բանտում։ Կարծեմ Ասողիկ եպիսկոպոսը կալանավորվել էր»։

Նա վստահեցրեց, որ չի հետևում Ադրբեջանի հոգևոր առաջնորդի հայտարարություններին.«Եթե ուզում եք որևէ գործողություն համադրել որևէ այլ գործողության մեջ, օրինակ՝ իմ այսօրվա  ճեպազրույցը կարող է համընկնել տասնյակ այլ իրադարձությունների հետ Ադրբեջանում, Թուրքիայում, Իրանում, Գազայի գոտում և այլն։ Եթե հետազոտություն կատարենք, կարող է պարզվի, որ այն պահին, երբ դուք հարց տվեցիք, աշխարհի հազարավոր մզկիթներում նամազի ժամ է,  և կարող է հնչել հարց՝ իսկ ձեր հարցն արդյո՞ք պատահական համընկավ նամազի մեկնարկի հետ։ Ես ոչ թե ուզում եմ ձեզ հակադարձել, այլ ուզում եմ ցույց տալ, որ եթե որևէ մեկն ուզենա գտնել համընկումներ, կգտնի»։

Նա հայտարարեց՝ ոչ, հնարավոր չէ, որ ՀՀ-ում տեղի ունեցող գործողությունները պայմանավորված են Ադրբեջանի հոգևոր առաջնորդի հայտարարությունների հետ։

Դիտարկմանը, որ Փաշինյանի քննադատությունները համընկնում են իրավապահների՝ հոգևորականներին կալանավորելու գործընթացների հետ, քանի որ վարչապետն ունի լծակներ իրավապահների ցուցումներ տալու, Փաշինյանը պատասխանեց՝ այն քննադատությունները, որոնք հնչեցրել եմ, նմանատիպ  քննադատություններ ես հնչեցրել եմ դեռևս 1995 թվականից․«Ես բացառում եմ, որ այն գործընթացները, որոնք տեղի են ունենում և որոնց մասին հայտարարվում, դրանք որևէ կերպ դուրս լինեն իրավական ընթացակարգերի և օրենքի շրջանակներից։ Ես ոչ բոլորին հրահանգներ տալու լիազորություններ ունեմ, չեմ կարծում, որ Հայաստանում կան պաշտոնյաներ, որոնք պատրաստ են ապօրինի հրահանգներ կատարել։ Հայաստանի հանրապետությունում պետական ինստիտուտները գործում են իրենց լիազորությունների և իրենց վերապահված իրավուքնների շրջանակում։ Նույնիսկ եթե հրահանգ տրվի, ո՞վ է այդ հրահանգի ապօրինի գործողության պատասխանատվությունը վերցնելու։ Չկա նման բան, պարզապես չկա»։

Փաշինյանը հավելեց․«Մի այսպիսի բան կա՝ կարող է պարզվի, որ Հայաստանում քրեական պատասխանատվությունից խուսափելու լավագույն ձևը ընդդիմադիր քաղաքակն գործունեություն ծավալելն է։ Դառնում ես ընդդիմադիր՝ իմանալով, որ դու օրենքի հետ այս խնդիրն ունես, այն խնդիրն ունես, և բան չի պատահի, բան չի պատահի, իսկ եթե հանկարծ այդ ամենը բացահայտվի, լավագույնը ձևը ընդդիմադիր լինելն է։ Մի պաշտոնյա կար մեր ստեղծած կազմակերպությունում, հենց հայտնվեց հետախուզման մեջ, պարզվեց, որ ամբողջ կյանքը ընդդիմադիր է եղել»։

Թե ինչո՞ւ հիմա հոգևորականներ կալանավորվեցին, Փաշինյանը պատասխանեց՝ հիմա է եղել հաղորդում հանցագործության մասին։

 

Նորություններ