«Խաղաղության համաձայնագրի» նրբերանգները և «Թրամփի ուղու» գործարկման հեռանկարը․ հարցումներ Սյունիքում | Region

«Խաղաղության համաձայնագրի» նրբերանգները և «Թրամփի ուղու» գործարկման հեռանկարը․ հարցումներ Սյունիքում

Հոկտեմբեր 17,2025 17:33

2025 թ․-ի օգոստոսի 11-ին Հայաստանը և Ադրբեջանը հրապարակեցին «Խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի» ամբողջական տեքստը։ Դրանից 3 օր առաջ Վաշինգտոնում հռչակագիր էր ստորագրվել, որի կետերից մեկով սահմանված է, որ Հայաստանի Հանրապետությունն աշխատելու է «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (կամ TRIPP) հաղորդակցության ծրագրի իրականացման շրջանակը սահմանելու ուղղությամբ։

Վերջերս Նիկոլ Փաշինյանն էլ հայտարարեց․ «Հայաստանի քաղաքացիները պետք է ընտրություն կատարեն խաղաղության և ոչ խաղաղության միջև առաջիկա ընտրություններում, չեմ ուզում ասել՝ խաղաղության և պատերազմի միջև, ավելի մեղմ կասեմ՝ խաղաղության և ոչ խաղաղության միջև»։

Ի՞նչ կարծիք ունեն այս գործընթացների վերաբերյալ Լեռնահայաստանի մեր հայրենակիցները։ Սյունիքի մարզում Regions TV-ի անցկացրած հարցումներն արձանագրեցին, որ ոչ ոք չի  վիճարկում խաղաղության անհրաժեշտությունը մեր պետության և ժողովրդի համար, սակայն այդ ցանկությունն ու ձգտումները չպետք է լինեն միակողմանի։ Համենայնդեպս, Իլհամ Ալիևի շարունակական սպառնալիքները ցույց են տալիս, որ նա խաղաղության հաստատման բուռն ցանկությամբ չի տառապում։

Մարզկենտրոն Կապանում, Մեղրի համայքում, Գորիսում և Սիսիանում հարցվածների մի մասն անթաքույց ուրախությամբ է ընդունում Ադրբեջանի հետ հարաբերությունների հաստատման, «Թրամփի ուղու» գործարկման և ազատ տեղաշարժի հեռանկարը, ոմանք էլ տարակուսանք են հայտնում՝ ինչպե՞ս կարող է Հայաստանը ստորագրել «Խաղաղության պայմանագիր» այն դեպքում, երբ ադրբեջանական զորքերը 2021 թ․-ից ի վեր բռնազավթել են ՀՀ տարածքի մի մասը, երբ հայ պատանդները դեռ Բաքվի բանտերում են, իսկ Արցախից բռնի տեղահանվել է 120 հազար հայ։

Տեսանյութը՝ առանց մեկնաբանության։

Նորություններ