Լիլիթ Դալլաքյան. Վաշինգտոնը ստիպված կլինի մեծ ջանքեր գործադրել մեր տարածաշրջանում հաղորդակցություններն ապաշրջափակելու համար

Վաղը Աբու Դաբիում կկայանա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի երկկողմ հանդիպումը՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի շրջանակներում։ Փաշինյանն արդեն ժամանել է ԱՄԷ, որտեղ այսօր կհանդիպի Էմիրությունների նախագահի հետ:
ԱՄՆ-ն ևս հետաքրքրված է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայանգրի ստորագրմամբ։ Պետքարտուղար Մարկո Ռուբիոն, նախօրեին Սպիտակ տանը, երբ ներկայացնում էր վերջին վեց ամսվա ամերիկյան դիվանագիտության հաջողությունները, նաև հույս էր հայտնել, որ շուտով գրանցված արդյունքներին կարող է գումարվել նաև Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագիրը:
Նշենք, որ ավելի վաղ՝ մարտի 25-ին, Մարկո Ռուբիոյի հետ հեռախոսազրույցի ժամանակ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քննարկել է Հայաստանի և ԱՄՆ-ի միջև ռազմավարական գործընկերության, ինչպես նաև Երևանի և Բաքվի միջև խաղաղության գործընթացի առաջխաղացման հարցեր։
«Քարնեգի» վերլուծական կենտրոնը վերջերս հրապարակել էր մեր տարածաշրջանում ճանապարհների ապաշրջափակման վերաբերյալ Թրամփի վարչակազմի ծրագիրը, ըստ որի նախատեսվում է ճանապարհի կառավարումը արտապատվիրակել օտարերկրյա, մասնավոր ընկերության․«․․․ համաձայնագրի երաշխավորը պետք է լինի ամերիկյան բիզնեսը»։
Քաղաքագետ, «Միտք» վերլուծական-հետազոտական կենտրոնի ղեկավար Լիլիթ Դալլաքյանը Փաշինյան-Ալիև վաղվա հանդիպումից դրական արդյունքների չի սպասում։
RegionsTV-ի հետ զրույցում քաղաքագետը նշեց, որ կողմերը չեն քննարկի խաղաղության պայմանագիրը, այլ ավելի շուտ կքննարկեն հաղորդակցությունների ապաշրջափակումը։
«Մենք հաստատ չգիտենք՝ արդյոք այդ հաղորդակցությունները կբացվեն Հայաստանի տարածքային ամբողջականությունը հարգող որոշ ամերիկյան կառավարական կազմակերպությունների օգնությամբ։ Միայն Փաշինյանը կարող է հաստատել դա։ Բայց եթե դա համապատասխանում է Հայաստանի տարածքային ամբողջականությանը, ապա դա ընդունելի է Հայաստանի համար»,-ասաց քաղաքագետը։
Լիլիթ Դալլաքյանը հիշեցրեց, որ Ալիևի հետ զրույցի ժամանակ Դոնալդ Թրամփի վարչակազմը, պետքարտուղար Մարկո Ռուբիոն, ինչպես նաև նախագահի ազգային անվտանգության նախկին խորհրդական Մայքլ Վալցը ընդգծել են, որ հաղորդակցությունները պետք է բաց լինեն՝ համաձայն Հայաստանի տարածքային ամբողջականության։ ԱՄՆ դիրքորոշումը պարզ կլինի հանդիպումից հետո։
Դալլաքյանի խոսքով, եթե այդ հաղորդակցությունների նկատմամբ վերահսկողությունը իրականացնի ամերիկյան կազմակերպություն, դա կհակասի 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրին, որտեղ նշվում է, որ «վերահսկողությունը կիրականացնի Ռուսաստանի Դաշնության ԱԴԾ-ն»։
«Կարծում եմ, որ Արևմուտքի համար սա ավելի շատ աշխարհաքաղաքական հարց է, այն է՝ Ռուսաստանը չունենա նման երթուղիներին մուտք գործելու «բանալիներ»։ Սակայն Արևմուտքը միշտ հայտարարել է, որ աջակցում է Հայաստանի տարածքային ամբողջականությանը։ Ես չեմ տեսնում, որ Արևմուտքը փոխի իր վերաբերմունքը այս հարցում։ Ալիևը կմասնակցի Աբու Դաբիում կայանալիք բանակցություններին, քանի որ նա ճնշման տակ է Միացյալ Նահանգների կամ եվրոպական երկրների կողմից», – նշեց մեր զրուցակիցը։
Նրա կարծիքով՝ Հայաստանի գլխավոր պայմանը հաղորդակցությունների ապաշրջափակման ժամանակ տարածքային ամբողջականությունը հարգելն է։ Ըստ նրա՝ Ռուսաստանը տարածաշրջանում ունի իր շահերը և կփորձի պահպանել իր ազդեցությունն այստեղ։
«Օրինակ, ինձ համար անընդունելի է, որ Ռուսաստանը վերահսկի Սյունիքի ճանապարհը։ Վաշինգտոնը ստիպված կլինի մեծ ջանքեր գործադրել հաղորդակցությունների ապաշրջափակմանը հասնելու համար։ Կարծում եմ, որ ապաշրջափակումից հետո հայկական ընդդիմությունը կասի, որ Փաշինյանը միջանցքը հանձնում է ԱՄՆ-ին, իսկ Թուրքիան ԱՄՆ-ի դաշնակիցն է, ապա ԱՄՆ-ն տարածաշրջանը կտրամադրի Թուրքիային։ Սակայն, ես այդպես չեմ կարծում։ Աշխարհաքաղաքականության մեջ ԱՄՆ-ն Թուրքիային չի ընկալում որպես իր դաշնակից Հարավային Կովկասում, քանի որ Թուրքիան բազմիցս հայտարարել է իր դիրքորոշումը, որ դեմ է ԱՄՆ-ի մասնակցությանը Հարավային Կովկասի հակամարտության կարգավորման գործընթացում։ Հիեցնեմ, որ Թուրքիան կողմ է «3 + 3» ձևաչափին, որտեղ այն գործում է Ռուսաստանի հետ միասին, և երկու կողմերն էլ ասում են, որ Արևմուտքը տեղ չունի մեր տարածաշրջանում։ Ես չեմ կարծում, որ դրանից հետո ԱՄՆ-ն կամ Եվրոպան վստահում են Թուրքիային այս հարցում»,-նշեց քաղաքագետ Դալլաքյանը։
Քաղաքագետը նկատեց՝ Ալիևի և Փաշինյանի հանդիպումը Աբու Դաբիում տեղի է ունենում Ռուսաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների վատթարացման ֆոնին։
Նրա կարծիքով՝ այս խնդիրները փոխկապակցված են․ «Պուտինը ցանկանում է Ալիևին հասկացնել, որ նման ձևաչափերին մասնակցելու անհրաժեշտություն չկա։ Ալիևը բազմիցս հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ադրբեջանը նույն դիրքորոշումն ունեն այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի վերաբերյալ։ Հայաստանի հետ հակամարտությունը նրա համար ձեռնտու է իշխանության մնալու համար, ինչպես ավտոկրատական երկրներում։ Բայց քանի դեռ Ադրբեջանում իշխանության գլուխ է բռնապետ Ալիևը, չեմ կարծում, որ մենք որևէ դրական փոփոխություն կտեսնենք»։
Զաբելա Ավագյան