Ազգային հավաքականում հիմա մեծ փոփոխություններ են. Եղիշե Մելիքյան
Բելառուսի հավաքականի դեմ ընկերական հանդիպմանն ընդառաջ՝ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը նախախաղային ասուլիսի ընթացքում խոսել է թիմում առկա փոփոխությունների և նախապատրաստական աշխատանքների մասին։
«Նորեկները շատ են, և չէի ցանկանա առանձնացնել կամ խոսել յուրաքանչյուրի մասին։ Ընդհանուր առմամբ, ազգային հավաքականում մեծ փոփոխություններ են. կան ֆուտբոլիստներ, որոնց՝ հավաքականից հեռանալու ժամանակն արդեն եկել էր, և կան խաղացողներ, որոնց միանալու ժամանակն է։ Պետք է լավատես լինել, համբերություն դրսևորել և աշխատել։ Եթե նրանք հրավիրվել են, ուրեմն արժանի են։ Տղաները պետք է պայքարեն իրենց տեղի համար և ապացուցեն իրենց կարևորությունը թիմում. դա պարզ կդառնա վաղվա և առաջիկա ընկերական խաղերում։
Մեկ հանդիպման ընթացքում հնարավոր չէ ստանալ այն ամենը, ինչ կցանկանայի։ Պատահական չէ, որ նվազագույնը երկու խաղ է նախատեսվում, որպեսզի մարզիչը հասցնի կիրառել իր գաղափարները։ Ունենք այն, ինչ ունենք։ Չեմ ցանկանում տրտնջալ. մենք պատրաստ ենք վաղվա հանդիպմանը և փորձարկումների միջոցով կտեսնենք մեր կատարած աշխատանքի արդյունքը։ Ճիշտ է՝ այս ընթացքում խաղային պրակտիկա չենք ունեցել, բայց աշխատել ենք այլ ուղղություններով։ Մենք կորած օրեր չենք ունեցել։
Եվս մեկ օր ունենք՝ վերջնականապես հասկանալու համար՝ Սպերցյանը դուրս կգա՞ խաղադաշտ, թե՞ ոչ։ Ներկայումս նրա հետ աշխատանքներ են տարվում։
Ինչ վերաբերում է Կառլեն Հովհաննիսյանին, ապա ես նրան հավատում եմ։ Վաղուց եմ նկատել, որ նա մեծ ապագա ունի և հաստատ կօգնի մեր հավաքականին։ Հնարավոր է՝ վաղը նա լինի խաղադաշտում։ Ընդհանուր առմամբ, նրան համարում եմ մեր հավաքականի ապագայի կարևորագույն ֆուտբոլիստներից մեկը»,- նշել է Մելիքյանը։
Ամբողջական հարցազրույցը՝ ստորև
