Հունվարից Երևանի քաղաքապետի, փոխքաղաքապետի ու թաղապետերի աշխատավարձերը կբարձրանան․ ավագանին հաստատեց նախագիծը
Երևանի ավագանին այսօրվա նիստում հաստատեց քաղաքապետարանի պաշտոնյաների աշխատավարձերի հաշվարկման գործակիցների փոփոխության նախագիծը, որը օրակարգում էր ընդգրկվել որպես չզեկուցվող հարց։
Ընդդիմադիր «Ազգային առաջընթաց» խմբակցության ղեկավար Արամ Թորոսյանն առաջարկել էր նախագիծը հանել չզեկուցվող հարցերից ու այն քննարկել որպես զեկուցվող, հրապարակային քննարկել այն, որպեսզի քաղաքացիներն իմանան, թե ինչ փոփոխություններ են նախատեսվում։ Ըստ նրա՝ նախատեսվում է, որ հունվարից աշխատավարձերի 30 տոկոսով բարձրացում կլինի։ Թորոսյանը, մինչ նախագծի ընդունումը, հարց էր հնչեցրել՝ արդյոք ճիշտ չէ առաջին հերթին բարձրացնել ավելի ցածր աշխատավարձ ստացողների վարձատրությունը։ Նրա առաջարկը մերժվել է։
Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը հայտարարել էր, որ այս փուլում սահմանվում են աշխատավարձերի հաշվարկման գործակիցները․«Մենք այսօր պարզապես ֆիքսելու ենք գործակիցները, որոնցով հնարավոր կլինի հաշվարկել աշխատավարձի չափերն արդեն բյուջեով։ Գործակիցները ֆիքսելն իրականացվում է ամբողջ պետական համակարգում և մյուս տեղական ինքնակառավարման մարմիններում, և Երևանը չի կարող անմասն մնալ այդ պրոցեսից»։
Նրա խոսքով․«Եեթե համեմատենք աշխատավարձ/պարգևավճար համադրությունը, ապա ֆիքսված թվերով, ըստ էության, երևի մի բան էլ աշխատավարձի իջեցում է տեղի ունենում»։
Նշենք, որ այս փոփոխություններից հետո, ըստ նախագծի, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի ամսական աշխատավարձը ներկայիս 1 միլիոն 320 հազար դրամից կարող է դառնալ 2 միլիոն 80 հազար դրամ, իսկ քաղաքապետի առաջին տեղակալի աշխատավարձը կկազմի 1 միլիոն 913 հազար դրամ, մյուս տեղակալներինը՝ 1 միլիոն 830 հազար դրամ։ Վարչական շրջանների ղեկավարների աշխատավարձը 850 հազարից կհասնի 1 միլիոն 248 հազար դրամի, իսկ քաղաքապետի խորհրդականներինը՝ 629 հազարից 915 հազարի։
Նոր կարգը կգործի 2027 թվականի հունվարի 1-ից։
«Երևան քաղաքն ունեցել է 400 հազար դրամ աշխատավարձ ստացող քաղաքապետ Գագիկ Բեգլարյան, Տարոն Մարգարյան, Երվանդ Զախարյան, և ինչ ենք մենք իրենցից ժառանգել։ Իրենք արդյունքում ունեն տներ, ռեստորաններ, հյուրանոցներ, շքեղ մեքենաներ, իսկ Երևան քաղաքը լցված է ինքնակամ բուդկաներով, ժանգոտած կրպակներով, ամբողջ այգիներն ու բակերը գրավված վիճակում են»,-հայտարարել է
Արմեն Գալջյանը։
