Բանակում այս տարի արձանագրված մահվան 5 դեպքերը միայն հրապարակվածներն են, մինչդեռ ՀՔԱՎ-ի տվյալներով՝ այս 4 ամսում զինծառայողների մահվան դեպքերը 12-ն են․Նազելի Մովսեսյան | Region

Բանակում այս տարի արձանագրված մահվան 5 դեպքերը միայն հրապարակվածներն են, մինչդեռ ՀՔԱՎ-ի տվյալներով՝ այս 4 ամսում զինծառայողների մահվան դեպքերը 12-ն են․Նազելի Մովսեսյան

Ապրիլ 20,2026 21:05

2026 թվականի այս 4 ամիսների ընթացքում բանակում խաղաղ պայմաններում արդեն 5-րդ զինծառայողի մահվան դեպքն է արձանագրվել։ Ապրիլի 14-ին, ըստ ՊՆ-ի, մահացել է զինծառայող Նարեկ Արշակի Հակոբյանը։ Քննչական կոմիտեն հայտնել է, որ զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ զինծառայողին ինքնասպանության հասցնելու հոդվածով, նշանակվել են փորձաքննություններ:

Մինչդեռ այս տարի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը 2025 թվականն ամփոփող ասուլիսում հայտարարել էր, թե «էական աշխատանքներ են կատարվել նաև համակարգում կարգապահությունը բարելավելու ուղղությամբ։ 2025 թվականի ընթացքում կանոնադրային հարաբերությունների խախտման հետևանքով սպանությունների դեպքեր չեն արձանագվել, ի տարբերություն նախորդող տարիների: Ընդհանուր առմամբ մահացել է 30 զինծառայող։ Մնացած 24-ը մահացել են ծառայության հետ չկապված պատճառներով՝ ճանապարհատրանսպորտային պատահարներ, կենցաղային պատճառներ, հիվանդություններ։ 2024 թվականի համեմատ դեպքերի թիվը նվազել է 40 տոկոսով»։

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի պաշտպանության և անվտանգության ոլորտի նկատմամբ քաղաքացիական վերահսկողության բաժնի համակարգող Նազելի Մովսեսյանը Regions TV-ի հետ զրույցում վստահեցնում է՝ բանակում այս տարվա մահվան դեպքերը շատ ավելին են, քան պաշտոնապես հայտարարվել է․«5 դեպքը միայն հրապարակված դեպքերն են։ Այս տարի բանակում արձանագրվել է մահվան 12 դեպք, որոնց մեջ են նաև ոչ հրապարակային դեպքերը, դրանց մասին իրավապահներից ենք իմացել»։ Դեպքերի մի մասը պաշտոնապես դասակարգվում են որպես զինվորական ծառայության հետ չկապված։ Այս համակարգը՝ զինծառայության հետ կապված և չկապված, ներդրվել է 2017-ից հետո է։ Օրինակ՝ այն դեպքերը, որոնք տեղի են ունենում զորամասից դուրս՝ավտոթար, առողջական խնդիր կամ ասենք զինծառայողը մահացել է արձակուրդում գտնվելու ժամանակ, դասակարգվում են որպես ծառայության հետ չկապված։

«Միայն այս փաստը, որ մահվան դեպքերը ոչ մարտական պայմաններում են, բավականին մտահոգիչ է այն իմաստով, որ տարիներ շարունակ այս խնդիր կա ու կա նման վիճակագրություն, երբ զինված ուժերում քրեական բարքերի առկայության հետևանքով արձանագրվում է զինծառայողների սպանության, ինքնասպանության, արժանապատվությունը նվաստացնելու դեպքեր, ինչի հետևանքով կան համակարգային կերպով չլուծված խնդիրներ և որի մասին պաշտպանական գերատեսչությունները տեղեկացված են։ Որքան էլ, որ նշում են, թե որոշակի քայլեր են իրականացնում, փաստացի մենք ունենք այս տխուր վիճակագրությունը՝ մահվան դեպքերը նվազելու որևէ միտում չկա»,- ասաց Նազելի Մովսեսյանը։

Եթե անգամ զինծառայողի մահվան դեպքը առողջական խնդիրների պատճառով են, ինչը ՊՆ-ն համարում է ծառայության հետ չկապված, այդուհանդերձ, զինծառայության ընթացքում մարդու կյանքն ու անվտանգությունը պետության հոգածության ներքո է, այս դեպքում՝ պատասխանատուն ՊՆ-ն է։

Իրավապաշտպանի դիտարկմամբ՝ նույնիսկ առողջական խնդիրների հետևանքով արձանագրվող մահվան դեպքերում պետք է ի սկզբանե իրականացվի օրինաչափ, իրավական կերպով զորակոչ․«Համապատասխան հետազոտությունները անցնելուց հետո զինվորական ծառայության զորակոչվում են առողջական խնդիրներ չունեցող անձիք կամ այնպիսի խնդիրներ ունեցող անձիք, որոնց դեպքում թույլատրվում է զինվորական ծառայությունը։ Մյուս կողմից՝ եթե մենք ունենք առողջական խնդիրներ պայմանագրային զինծառայողների շրջանում, սպաների շրջանում, պետությունը պետք է իրականացնի պլանային և առողջության պարտադիր հետազոտություններ, որպեսզի խնդիրները հայտնաբերվեն վաղ փուլում և պետության միջոցներով որոշակիորեն լուծվի խնդիրը»։

Ինչ վերաբերում է ավտովթարների և մեքենաների շահագործման կանոնների հետևանքով մահվան դեպքերին, ըստ իրավապաշտպանի, այստեղ ևս պետությունը պարտավորություն ունի․«Այն է՝ զինծառայողը որքանո՞վ է պատրաստ վարելու մեքենան, որքանո՞վ է տիրապետում մեքենան շահագործելու կանոններին և արդյոք ճանապարհները, ենթակառուցվածքները հարմարեցված են, դա վերաբերում է այն դեպքերին, երբ մահվան դեպքը կամ զինծառայողների՝ ավտովթարի հետևանքով վնասվածք ստանալու դեպքերը տեղի են ունեցել զինվորական մեքենաներով։ Իհարկե, կան դեպքեր, երբ զինծառայողները մահանում են սեփական մեքենաներով վթարի հետևանքով, զինվորական ծառայության հետ կապված չեն և սա նորից խնդիր է պաշտպանական գերատեսչության համար, որովհետև այստեղ առաջանում է պաշտոնը համալրելու, մարդկային ռեսուրսով ապահովելու խնդիր»։

Նշենք, որ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն Ազգային ժողովում ելույթի ժամանակ դժգոհել էր, թե ինչու՞ են պաշտպանության գերատեսչությանը վերագրում այն մահվան դեպքերը, որոնք կապ չունեն զինված ուժերի հետ։ Նազելի Մովսեսյանն այս առնչությամբ ասաց՝ կան դեպքեր, երբ զինծառայողներն իրենց սեփական մեքենայով են վթարի ենթարկվել, տվյալ մեքենան չի օգտագործվել աշխատանքային նպատակով․«Մի խնդիր է ավտովթարի հետևանքով մահվան դեպքերը, որոնք պետք է քննության առնվեն և 100% հաստատեն, որ օրինակ սեփական մեքենան չի օգտագործվել ենթադրենք աշխատանքային նպատակներով՝ ինչ-որ տեղ գնալու և այլն։ Մյուս հանգամանքը, օրինակ՝ առողջական խնդիրներով է պայմանավորված, նախարարը խոսում էր այն դեպքերի մասին, որոնք համարվում են զինվորական ծառայության հետ չկապված։ Բայց օրինակ առողջական խնդիրների հետևանքով սպաների, և պայմանագրային զինծառայողների մահացության դեպքերը, ուղղակիորեն պաշտպանության նախարարության հոգածության տակ պետք է լինեն, որովհետև այդ զինծառայողները պետք է անցնեն պլանային որակյալ հետազոտություններ։ Բայց ի՞նչ ունենք մենք հիմա՝ զինծառայողները չեն անցնում այդ հետազոտությունները, եթե նույնիսկ անցնում են, ապա դա լինում է սեփական միջոցներով և հնարավոր չի լինում օրինակ քրոնիկ հիվանդությունները արձանագրել դրանց սկզբնական փուլում, երբ դեռևս հնարավոր է զինծառայողի կյանքը փրկել, այս դեպքերի մասին է խոսքը եղել։ Ցանկացած պարագայում, պաշտպանական գերատեսչությունը ունի պարտավորություն իր ենթակայության տակ գտնվող կառույցների զինծառայողների առողջության պահպանման և ապահովման համար և այս տեսանկյունից երբ չի ապահովում այդ պարտականությունը, բնականաբար, մահացության դեպքերը ուղղակիորեն կարող է կապվել պաշտպանական գերատեսչության աշխատանքի թերացումների հետ»։

Մյուս դեպքերը սպանության, ինքնասպանության դեպքերն են, որոնք վիճակագրության մեջ թերևս ամենամտահոգիչն են, թե ի՞նչն է նախորդում սպանությանը կամ ինքնասպանությանը, Նազելի Մովսեսյանի կարծիքով՝ դրանց նախորդում են արժանապատվությանը նվաստացնող վերաբերմունքը զինծառայողների կամ հրամանատարների կողմից, վեճերը, քրեական բարքերի առկայությունը։

«Այս տարի մահվան ևս մի դեպք արձանագրվեց, երբ զինծառայողների միջև վեճ էր բռնկվել և հնչել էր հայհոյանք մեկը մյուսի նկատմամբ, որը հանգեցրել էր սպանության։ Բոլոր այն հանգամանքները, որոնք նպաստում են զինծառայողների միջանձնային հարաբերությունների վատթարացմանը, պետք է վերահսկվեն և վերացվեն հենց անմիջապես վերադաս հրամանատարության և պաշտպանական գերատեսչության կողմից»,-ասաց իրավապաշտպանը։

Նա նշեց, որ ինքնասպանության և սպանության դեպքերին նախորդում են զինծառայողների հենց այն վարքը կողմից, որոնք կարող են անհանգստացնող ու ռիսկային դիտարկվել հոգեբանների կողմից․«Ուստի, շատ կարևոր է, որ զինված ուժերի բոլոր զորամասերում լինեն սպա հոգեբաններ, որոնք կնկատեն զինծառայողների շրջանում խնդրահարույց և ռիսկային վարքը և զրույցների ու մասնագիտական կարողությունների ներդրման միջոցով հնարավոր կլինի հարթել խնդիրները, որպեսզի դրանք չհասնեն այն աստիճանի, որ զինծառայողը կամ դիմի ինքնասպանության կամ մեկը մյուսի նկատմամբ բռնություն գործադրի ու սպանություն տեղի ունենա։ Այս խնդիրները պետք է ոչ թե առանձին-առանձին դիտարկել, այլ համախմբել և համակարգային լուծում տալ, և ոչ թե մնա թղթի վրա այլ գործնականում կիրառեն»։

Նիկոլ Փաշինյանն էլ բանակում բռնության դեպքերն ու ոչ կանոնադրային հարաբերությունների https://regionstv.am/37513.html պատճառ է նշել կրթության ցածր մակարդակը։ Այս առնչությամբ էլ Մովսեսյանն ասաց՝ համաձայն է, որ Հայաստանում կրթական մակարդակը բավականին ցածր է, սակայն բանակում այն դրսևորվում է լրիվ այլ կերպ․«Անհրաժշտ է, որ կրթության ոլորտը բարեփոխվի այնպես, որ ցանկացած անձ լինի հարգված և չլինեն արտոնյալներ։ Բանակը այն համակարգն է, որտեղ այդ սահմանը պետք է չլինի, բոլորը պետք է ունենան հավասարաություն այն իմաստով, որ վերահսկողություն իրականացվի հրամանատարների կողմից և որևէ մեկը չփորձի իրեն բարձր դասել մյուսի նկատմամբ և փորձի հեղինակություն ունեցող անձի դեր խաղալ, ճնշի մյուսներին։ Պետք է գործադրել ցանկացած ջանք, որպեսզի նման հարաբերությունները, եթե նույնիսկ առկա է քաղաքացիական կյանքում, որևէ կերպ չդրսևորվի բանակում, որովհետև դրա հետևանքները բանակում շատ ավելի վտանգավոր են»։

Տիրուն Մարգարյան

 

 

 

 

Նորություններ