Սուրեն Պապիկյանն ամփոփել է տարին, անդրադարձել ԶՈՒ-ում մահվան դեպքերին, ռազմական ծախսերին, ուխտերթին մասնակցած զինվորականներին ու ՊՆ-ում պաշտոնանկություններին | Region

Սուրեն Պապիկյանն ամփոփել է տարին, անդրադարձել ԶՈՒ-ում մահվան դեպքերին, ռազմական ծախսերին, ուխտերթին մասնակցած զինվորականներին ու ՊՆ-ում պաշտոնանկություններին

Հունվար 13,2026 15:20

Պաշպանության նախարար Սուրեն Պապիկյանն այսօր հրավիրված ասուլիսում անդրադարձել է մի շարք հարցերին։

Պաշտպանական ծախսեր

Նախարարի ներկայացմամբ՝ 2018 թվականին պաշտպանության ծախսերը կազմել են 245 միլիարդ, իսկ 2025 թվականին՝ 664 միլիարդ դրամ, այն է՝ 1 միլիարդ 741 միլիոն 604 հազար դոլար: Պաշտպանական ոլորտի ծախսերն ավելացել են 1,1 միլիարդ դոլարով: 2025 թվականը կարող ենք համարել գերարդյունավետ տարի, պաշտպանության ոլոտը մեծապես շահել է»։

Սպառազինություն

Պապիկյանը նշեց, որ սպառազինության, ռազմական տեխնիկայի գնման շուկաների դիվերսիֆիկացիան, ինչպես նաև տեղական արտադրության զարգացումը շատ կարևորում են։

Նախարարի ներկայացմամբ՝ եթե 2022-ին տեղական ռազմարդյունաբերության հետ կնքված պայմանագրերի ծավալը կազմել էր 9,5 մլրդ դրամ, այսօր գործող պայմանագրերով այն հասել է 170 մլրդ դրամի, որի մեծ մասն արդեն մատակարարված է։  2026-2028 թվականների եռամյա ծրագրով կառավարությունը նախատեսում է 150 մլրդ դրամ հատկացնել տեղական ռազմարդյունաբերության ոլորտին։

Կապիտալ շինարարություն

Անդրադառնալով կապիտալ շինարարության ոլորտում կատարած ներդրումներին, նախարարը, ինչպես ռազմական ծախսերի դեպքում, այս տվյալներն էլ համեմատեց 2018 թվականի հետ, նշելով՝ 2018-ին կապիտալ ծախսերը կազմել են շուրջ 17 միլիարդ 718 միլիոն դրամ,  2025-ին այն հասել է 57 միլիարդ 702 միլիոն դրամի։

«Սա ապահովում է և ամրաշինական կառույցների և զորանոցային ֆոնդի շինարարությունը, ինչպես նաև կենսապահովման այլ ուղղություններով կատարվող շինարարությունները, այդ թվում նաև վերանորոգումները»,-ասաց նախարարը։

 Զինվորական նոր համազգեստի շուրջ ստեղծված աղմուկը

Զինվորական նոր համազգետի վերաբերյալ ընդդիմադիրների և հանրային տիրույթում հնչող քննադատություններին անդրադառնալով, Պապիկյանը պարզաբանեց, որ թյուր կարծիք է տարածվել, թե ՊՆ-ը նոր համազգեստի ամբողջական գնում է իրականացրել, այնինչ իրենք դեռ ստացել են միայն համազգետի փորձանմուշները, որն այս փուլում ԶՈՒ-ում անցնում է զորային փորձարկում:

Զինծառայողների բնակարանային ապահովման ծրագիր

Պապիկյանը վստահեցրեց՝  զինծառայողների բնակարանային ապահովման ծրագրոմ էական, առաջընթաց է գրանցվել՝ «2020 թվականից գործող սպայական և ավագ սպայական կազմի պայմանագրային զինծառայողների հիպոտեքային վարկավորման ծրագրի շրջանակներում 2170 զինծառայող արդեն իսկ ձեռք է բերել բնակարան, կամ բնակելի տուն, որի համար հատկացվել է 8 միլիարդ 684 միլիոն դրամ:

2026 թվականի հունվար ամսվա դրութամբ՝ ՀՀ պետական բյուջերից շուրջ 8 միլիարդ 184 միլիոն դրամ է ծախսվել ՊՆ համակարգի բնակարանային ապահովման կարիք ունեցող, զինվորական կեենսաթոշակի կարիք ունեցող, զոհված կամ զինվորական հաշմանդամության կենսաթոշակի իրավունք ունեցող զինծառայողների բնակարանային ապահովման համար։

Բանակում մահվան դեպքերը

Պապիկյանի ներկայացմամբ՝ էական աշխատանքներ են կատարվել նաև համակարգում կարգապահությունը  բարելավելու ուղղությամբ, 2025 թվականի ընթացքում, ըստ նախարարի՝ կանոնադրային հարաբերությունների խախտման հետևանքով սպանությունների դեպքեր չեն արձանագվել, ի տարբերություն նախորդող տարիների:

Այդուհանդերձ, ըստ նախարարի, 2025 թվականին Զինված ուժերում 30 զինծառայող է մահացել։ Նրա խոսքով՝ 6 դեպք՝ բանակում տեղի ունեցած պատահարներ՝ կայծակի հարված, հոսանքահարում, 2 ինքնասպանություն կամ ինքնասպանության հասցնելու դեպք և 2-ը՝ առողջական վիճակի պատճառով։ Ըստ նրա՝ խոսքը ժամկետային զինծառայողների մասին չէ։

Ընդհանուր առմամբ մահացել է 30 զինծառայող։ Մնացած 24-ը մահացել են ծառայության հետ չկապված պատճառներով՝ ճանապարհատրանսպորտային պատահարներ, կենցաղային պատճառներ, հիվանդություններ։2024 թվականի համեմատ դեպքերի թիվը նվազել է 40 տոկոսով։

Սև լճի տարածք ու ադրբեջանական դիրքեր

Անդրադառնալով քննադատություններին, որ Սյունիքում ադրբեջանցիները ոտքից գլուխ ստուգում են իրենց տեղադրած անցակետի տարածքով անցնող հայ զինծառայողներին, նախարարն ասաց․ «2021 թվականի մայիսից հետո ստեղծված իրավիճակում Սեւ լճի տարածքում մի դիրք ունենք, որտեղ հասնելու համար մեր զինծառայողներն անցնում են ադրբեջանական դիրքի կողքով, բայց նրանց չեն ստուգում»։

Պապիկյանը նշեց․ «Խնդիրը հետեւյալն է՝ կամ պետք է այդ դիրքը թողնենք, կամ պետք է անցնենք ադրբեջանական դիրքի կողքով։ Դիրքը թողնելու պարագայում դուք ինձ պետք է մեղադրեք հայրենիքի ինչ-որ հատված զիջելու մեջ։ Դրա մասին խոսում են մարդիկ, ովքեր 2021 թվականին եւ դրանից հետո պատասխանատվություն են կրել։ Դուք էլ ակտիվորեն լուսաբանում եք այդ մարդկանց, նրանց հարց տվեք, ասեք՝ ո՞նց  է այդ դիրքը հայտնվել այդ դիրքում, հարգելի նախկին պաշտոնյաներ։ Այդ հատվածում նախկինում լարվածություն առաջացել է, բայց ամիսներ շարունակ խնդիրներ չեն եղել»։

Օկուպացված տարածքներ

Ադրբեջանցիների կողմից օկուպացված հայկական տարածքները թե ինչո՞ւ չեն ազատագրվում, Պապիկյանն այս առնչությամբ կրկնեց նախկինում արած իր ու իշխանավորների պնդումները՝ «այս հարցերը կարգավորվելու են սահմանազատման եւ սահմանագծման հանձնաժողովի աշխատանքների շրջանակներում։ Սա այն լուծումն է, որը կապահովի երկարաժամկետ խաղաղություն մեր տարածաշրջանում»։

ՊՆ աշխատակիցների օտարերկրյա քաղաքացի զավակները

Պապիկյանը վստահացրեց, որ ՊՆ-ում աշխատանքից ազատել է նրանց, ում զավակները այլ երկրի քաղաքացի են։

«Գաղտնիք չէ, որ մեր հասարակությունում արմատավորված է այն կարծրատիպը, ըստ որի յուրաքանչյուր ծնող պատրաստ է ամեն ինչ անել, որ իր արու զավակին ազատի զինծառայությունից: Սա ես համարում եմ մեր հասարակությունում առկա ամենախայտառակ բաներից մեկը: Վերջին մեկ տարվա ընթացքում ես հորդորել եմ, կամ իմ որոշմամբ ազատել եմ աշխատանքից ՊՆ նախարարության համակագում գտնվող բոլոր այն ծնողներին, ում զավակներն այլ երկրի քաղաքացիություն ունեն։ Սա այն հիմնական սողանցքն է, որը փակելով, մենք կարող ենք լուրջ դրական փոփոխություններ արձանագրել»,-ասաց նախարարը։

Զինվորականներն ու քաղաքական գործընթացները

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հրավիրած ուխտերթին զինվորականների մասնակցությանը, պաշտպանության նախարարը պնդեց՝ բանակը ոչ մի կերպ չի կարող ներքաշվել քաղաքական գործընթացների։

«Սա ես բացառում եմ ամբողջությամբ։ Այն, ինչ արձանագրվել է մեր մի շարք գործընկերների կողմից, դա եղել է ոչ աշխատանքային օրը ոչ քաղաքական միջոցառմանը մարդու մասնակցություն»,-վստահեցրեց Պապիկյանը։

Նա նշեց, որ ինքը չի խրախուսել զինվորականների մասնակցությունը․ «Դուք պատկերացնո՞ւմ եք, որ պաշտպանության նախարարը խրախուսի, որ զինված ուժերն ինչ-որ բանի մասնակցեն։ Այսինքն՝ այդ ժամանակ դուք 1, 2, 3 հոգու կարձանագրե՞ք, թե՞ կարձանագրեք հազարավոր եւ տասնյակ հազարավոր մարդկանց։ Մտնել մի շահարկման մեջ, որն իրականության հետ ոչ մի աղերս չունի, կարծում եմ՝ ճիշտ չէ։ Ես պաշտոնապես հերքում եմ զինված ուժերի մասնակցությունը որեւէ քաղաքական ակցիայի»։

 Իրան-հնդկական զենքի մատակարարում

Արդյոք Իրանում տեղի ունեցող բողոքի ցույցերը խոչընդոտում են հնդկական զենքի մատակարարմանը։  Այս առնչությամբ նախարարն ասաց․«Չեմ ցանկանում ասել, թե բնականոն գործունեությունը դադարել է։ Մենք շարունակում ենք աշխատել նույն սկզբունքով։ Հիմա իմ կողմից ավելորդ կլիներ դրամատիզացնել այն, ինչ հիմա կատարվում է մեր հարևանների մոտ։ Ես չեմ կարծում, որ անհրաժեշտ է խուսափել որոշակի խնդիրների անդրադառնալուց։ Կարծում եմ, որ խնդիրները կլուծվեն հնարավորինս արագ և բնական գործընթացը կշարունակվի»։

Նիկոլ Մարգարյան

Նորություններ