Վալերի Ավանեսյան. «Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը չի փոխի թուրքական հասարակության վերաբերմունքը Հայոց ցեղասպանությանը» | Region

Վալերի Ավանեսյան. «Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը չի փոխի թուրքական հասարակության վերաբերմունքը Հայոց ցեղասպանությանը»

Ապրիլ 24,2026 17:00

«Որպես պատմաբան՝ ես չեմ կարող համաձայնել Հայոց ցեղասպանության մոռացության քաղաքականության հետ։ Չի կարելի արգելել Հայոց ցեղասպանության զոհերի հանրային հիշատակումը։ Պատմական հիշողությունը թույլ չի տալիս լռեցնել այս ողբերգությունը, քանի որ այն փոխանցվել է սերնդեսերունդ՝ ազդելով զավակների, թոռների և ծոռների ճակատագրերի վրա։ Միևնույն ժամանակ, Հայոց ցեղասպանությունը կապված է էթնիկ ինքնության հետ։ Քաղաքական գործիչները պետք է հստակ գիտակցեն, որ չի կարելի սեփական ժողովրդի ողբերգությունը մոռացության մատնել հանուն քաղաքական կոնյունկտուրայի։ Առավել ևս, որ բազմաթիվ ազդեցիկ պետություններ, նույնիսկ նրանք, որոնք առնչություն են ունեցել դրան, ճանաչել են Հայոց ցեղասպանությունը»,-այս կարծիքը RegionsTV-ի հետ զրույցում ասաց պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վալերի Ավանեսյանը։ Նա նշեց, որ ցեղասպանության մասին պատմական հիշողությունը հայ ժողովրդի ինքնագիտակցության անբաժանելի մասն է, որը կապում է անցյալը ներկայի հետ։

Հայոց ցեղասպանությունը տեղի է ունեցել Օսմանյան կայսրությունում 1915-1920 թվականներին (ըստ որոշ աղբյուրների՝ այն իրականացվել է մինչև 1923 թ.)։ Հայ բնակչության էթնիկ զտումները կազմակերպվել են օսմանյան, իսկ այնուհետև շարունակվել թուրքական իշխանությունների կողմից։ Դրանց նպատակն էր ամբողջական վերահսկողություն հաստատել Արևմտյան Հայաստանի տարածքի նկատմամբ։ Ընդհանուր առմամբ, 1915-1920 թթ. ընթացքում սպանվել է 1,5 միլիոն էթնիկ հայ, ևս շուրջ 1 միլիոն մարդ տեղահանվել է Թուրքիայից։ Այսօրվա դրությամբ աշխարհի ավելի քան 30 երկիր ճանաչել է 1915-1920 թթ. Օսմանյան կայսրությունում իրականացված Հայոց ցեղասպանությունը։

Հարկ է նշել, որ նախկինում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունն էր։ Հայաստանի գործադիր և օրենսդիր իշխանությունների ներկայիս ներկայացուցիչները բազմիցս մատնանշել են, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումն այլևս չի համարվում երկրի արտաքին քաղաքականության առաջնահերթություն։ Մարտին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերահաստատեց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի կողմից ավելի վաղ արված հայտարարությունն այն մասին, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը Երևանի արտաքին քաղաքական առաջնահերթությունը չէ։

Կարևոր ասպեկտը, որի վրա ուշադրություն հրավիրեց Վալերի Ավանեսյանը, այն է, որ Հայոց ցեղասպանության ճանաչումը մշտապես եղել է Հայաստանի արտաքին քաղաքականության օրակարգում։ Ըստ նրա՝ Հայաստանի արտաքին քաղաքական կուրսի փոփոխությունը՝ կապված միջազգային ճանաչման առաջնահերթության վերանայման հետ, մտահոգիչ է։ Ավելին, պրոֆեսորը մտավախություն է հայտնում արտաքին քաղաքական առաջնահերթությունները պահի քաղաքական կոնյունկտուրային ստորադասելու վերաբերյալ․«Չէ՞ որ բազմաթիվ երկրների օրենսդիր իշխանություններ ճանաչել են Հայոց ցեղասպանության փաստը, և նրանց հետ հարաբերություններ կառուցելիս չէր կարելի անտեսել դա։ Եվ հիմա էլ չպետք է արտաքին քաղաքականության առաջնահերթությունները դիտարկել միայն ի վնաս սեփական անձի։ Առավել ևս, չպետք է արտաքին քաղաքականության առաջնահերթությունները կախվածության մեջ դնել քաղաքական կոնյունկտուրայից»։

Արցախցի պրոֆեսորը գտնում է, որ Թուրքիայի քաղաքականությունը Հայոց ցեղասպանության հարցում տասնամյակների ընթացքում սկզբունքորեն չի փոխվել։ Թուրքիան, ինչպես ասում է պրոֆեսորը, հերքում է Հայոց ցեղասպանությունը և հայ բնակչության նպատակաուղղված ոչնչացման ցանկացած մեղադրանք, Թուրքիայում դասագրքերում ներառված անցյալի մասին պատկերացումները հսկայական ազդեցություն են ունենում քաղաքացիների աշխարհայացքի վրա․«Գոյություն ունեն որոշակի նարատիվներ, որոնք ամուր արմատավորված են հանրային գիտակցության մեջ։ Սոցիումն իր հայացքներում հիմնականում կայուն է։ Եթե այդ հասարակության մեծ մասը մինչ օրս չի ճանաչում Հայոց ցեղասպանության փաստը, չեմ կարծում, թե հիմա կամ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումից հետո այդ հասարակությունը կարող է ճանաչել և ազդել Թուրքիայի իշխանությունների վրա, որպեսզի նրանք ճանաչեն Ցեղասպանության փաստը։ Էլ չեմ խոսում վնասի փոխհատուցման և հենց զավակներին, թոռներին, ծոռներին և այլոց փոխհատուցում տրամադրելու մասին։ Ուստի դա անիրականալի երազանքների ոլորտից է»։

Նրա կարծիքով՝ Թուրքիայի քաղաքականությունը փաստացի չի փոխվել։ Դիվանագիտական հարաբերությունների վերականգնման համար Թուրքիան առաջ է քաշել նախապայմաններ, որոնցից մեկը հենց Ցեղասպանության փաստի ժխտումն էր, այսինքն՝ նրանք հերքում էին, որ օսմանյան Թուրքիայի պատմության մեջ նման բան ընդհանրապես եղել է։

Վալերի Ավանեսյանը նշեց, որ Թուրքիան Հայաստանի հետ հարաբերությունների բարելավումը կապում է Ադրբեջանի հետ Հայաստանի խնդիրների լուծման հետ։ Նա հավելեց՝ նախ՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերություններն, անշուշտ, բարելավվում են, բայց բարելավվում են այն բանի հաշվին, որ Հայաստանը պատրաստ է, այսպես ասած, կատարել Ադրբեջանի կողմից առաջադրվող պահանջները․«Բացի այդ, նույնիսկ դրանից հետո հարաբերությունները դեռ կարող են բարելավվել՝ կախված նրանից, թե հետագայում Հայաստանն ինչ հարցերում կզիջի, մասնավորապես՝ Սահմանադրության ընդունումը, Անկախության հռչակագրի փոփոխությունը և այլն։ Թուրքիան գիտակցաբար սահմանում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունները որպես Հայաստանի հետ հարաբերությունների բարելավման անհրաժեշտ պայման։ Ուստի ես չեմ կարծում, որ երկու պետությունների միջև հարաբերություններն այս փուլում կարող են բարելավվել։ Թուրքիա-Ադրբեջան տանդեմը հետայսու ևս առաջադրելու է նախապայմաններ։ Հասկանալի է, որ նրանք այդքան արագ չեն կարող կարգավորել իրենց հարաբերությունները, առևտուրը, տնտեսությունը և ընդհանրապես սահմանների բացումը»։

Վալերի Ավանեսյանն ընդգծում է, որ ներկայիս աշխարհաքաղաքական իրավիճակը չափազանց դինամիկ է, և հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ ցանկացած կանխատեսում՝ կապված Իրանում պատերազմի հետ, մնում է ենթադրությունների տիրույթում։ Նա կարծում է, որ դժվար է խոսել այն մասին, թե ինչով կավարտվի ԱՄՆ-ի և Իրանի միջև այս պատերազմը, և դա ինչ դեր կխաղա մի կողմից Թուրքիայի և Իրանի, մյուս կողմից՝ Թուրքիայի և Հայաստանի հարաբերություններում։ «Եթե, ասենք, Իրանը կարողանա դուրս գալ այս պատերազմից քաղաքական հաղթանակով (իսկ ռազմական հաղթանակ Իրանի կողմից լինել չի կարող, քանի որ Ամերիկայի ռազմական ներուժն ու Իրանի ռազմական ներուժն անհամեմատելի են), Միացյալ Նահանգները, երբ սկսեցին այս պատերազմը, իրենց առջև որոշակի նպատակներ էին դրել և այս տեսանկյունից դեռևս այդ նպատակները չեն իրագործել։ Իսկ եթե Իրանը, այնուամենայնիվ, պահպանի իր դիրքերը և պնդի, որ դրանք դառնան Ամերիկայի և Իրանի հարաբերությունների հիմնական օրակարգը, այդ ժամանակ արդեն կարելի է խոսել, կրկնում եմ, Թուրքիայի և Իրանի, իսկ հետո՝ Թուրքիայի և Հայաստանի միջև որոշակի հարաբերությունների մասին։ Այժմ այդ առումով որոշ միտումներ կան։ Թուրքիայի և Իրանի միջև հարաբերությունները բարելավվում են, որպեսզի նրանք դառնան հիմնական տարածաշրջանային խաղացողները այստեղ՝ Մերձավոր և Միջին Արևելքում»։

Զաբելա Ավագյան

 

Նորություններ