Բրյուսելյան գագաթաժողովն արդարացրե՞ց Հայաստանի սպասելիքները
– ԱՄՆ-ԵՄ-Հայաստան հանդիպումը վտանգի աղբյու՞ր է Ալիևի համար.
– Ինչո՞ւ են դժգոհ Ռուսաստանը, Ադրբեջանը և Թուրքիան.
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենի եռակողմ հանդիպումը տեղի ունեցավ Բրյուսելում ապրիլի 5-ին՝ չնայած նախօրեին և հանդիպումից հետո Երևանի նկատմամբ Ադրբեջանի հռետորաբանության սրումներին, ինչպես նաև Սյունիքի և Գեղարքունիքի ուղղությամբ ձեռնարկված սադրանքներին: ԵՄ-ն և ԱՄՆ-ն վերահաստատեցին Հայաստանի ինքնիշխանությանը, ժողովրդավարությանը, տարածքային ամբողջականությանը և սոցիալ-տնտեսական կայունությանը սատարելու և սերտորեն համագործակցելու պատրաստակամությունը:
Ամփոփիչ հայտարարության մեջ ասվում է. «Եվրոպական միությունը և ԱՄՆ-ն աջակցում են Հայաստանի Հանրապետության և տարածաշրջանի կայուն, խաղաղ, անվտանգ, ժողովրդավարական և բարեկեցիկ ապագային: Այս համատեքստում մենք նպատակ ունենք ընդլայնել համագործակցությունը՝ ուղղված Հայաստանի Հանրապետության կայունության ամրապնդմանը, այդ թվում՝ այնպիսի առանցքային ոլորտներում, ինչպիսիք են քաղաքական բարեփոխումները, տնտեսական զարգացումը և մարդասիրական օգնությունը»
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բարձր է գնահատել Բրյուսելում ԵՄ և ԱՄՆ ներկայացուցիչների հետ տեղի ունեցած խորհրդակցությունները: «Հիանալի խորհրդակցություններ եմ անցկացրել ԱՄՆ և ԵՄ գործընկերների հետ՝ Հայաստանի տնտեսական, հումանիտար և ժողովրդավարական կայունության ամրապնդման համար համագործակցությունն ընդլայնելու ուղղությամբ»,- գրել է Փաշինյանը X սոցիալական ցանցում: Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումներին և տնտեսական կայունությանն աջակցելու նպատակով ԱՄՆ-ն և Եվրոպական Միությունը խոստացել են ընդհանուր առմամբ 330 միլիոն եվրո հատկացնել Երևանին: Եվրամիությունը հայտարարել է Հայաստանի բիզնեսներում, հատկապես փոքր և միջին ձեռնարկություններում ներդրումներ կատարելու մտադրության մասին, որպեսզի նրանք կարողանան զարգանալ և ընդլայնել իրենց ներկայությունը նոր շուկաներում:
Ի դեպ, Նիկոլ Փաշինյանը պնդում է, որ Հայաստանում դեռևս չի քննարկվում ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցը, իսկ կազմակերպության հետ հարաբերությունները գործընկերային են: Սակայն Հայաստանի անդամակցությունը ՆԱՏՕ-ին, ամենայն հավանականությամբ, կարգելափակվեր Ադրբեջանի հիմնական դաշնակից Թուրքիայի կողմից, որը թույլ չէր տա վատթարացնել իր գործընկերոջ դիրքերը։ Շվեդիայի և Ֆինլանդիայի օրինակը ցույց տվեց, որ նախագահ Էրդողանը սկզբունքորեն է մոտենում ՆԱՏՕ-ին անդամակցելու թեկնածուների ընտրության հարցին։
Մեկնաբանելով Բրյուսելում կայացած հանդիպման արդյունքները՝ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդգծել է, որ կողմերը անվտանգային հարցեր չեն քննարկել: «Հանդիպման արդյունքներով հայտարարության մեջ հստակ նշված են մեզ համար չափազանց կարևոր ուղղությունները՝ սկսած Հայաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության աջակցությունից: Սա ամենակարևոր քաղաքական հայտարարությունն է, որը մեզ իսկապես անհրաժեշտ է այսօր։ Այդ կարիքների համար ԵՄ-ն նախատեսում է 4 տարվա ընթացքում հատկացնել 270 մլն եվրո, սակայն կան նաև 2,6 մլրդ եվրոյի ծրագրեր, որոնք ընթացքի մեջ են»։
Սակայն հարկ է նշել, որ Հայաստանին հատկացվող գումարը մանրուք է Ուկրաինային հատկացվող միջոցների համեմատ. այդ երկրին ամսական հատկացվում է 200-250 միլիոն դոլար, իսկ ՀՀ-ին 300 միլիոն մի քանի տարվա համար: Բայց Հայաստանի համար գլխավորը տնտեսական ներդրումների դիվերսիֆիկացման գաղափարն է։ Հայաստանի համար դա շատ կարևոր է, եթե, իհարկե, դրանք դատարկ խոսքեր չեն։ Եթե դա իրականացվի, Հայաստանն այլևս այդքան կապված չի լինի Ռուսաստանի և ԱՊՀ շուկաների հետ: Բայց երկրորդ կետը անվտանգության երաշխիքն է, կարևորագույն տարրը, որը թերևս ավելի կարևոր է Հայաստանի համար, քան տնտեսական անվտանգությունը: Այն դեպքում, երբ Ռուսաստանն ու ՀԱՊԿ-ը փաստացի հրաժարվել են աջակցել իրենց դաշնակցի տարածքային ամբողջականությանը, Արևմուտքը ցույց է տալիս, որ աջակցում է Հայաստանի տարածքային ամբողջականությանը: Եվ, ի դեպ, Հայաստանի տարածքային ամբողջականությանն աջակցել են ոչ միայն արևմտյան երկրները, այլ նաև այնպիսի երկրներ, ինչպիսիք են Իրանը և Հնդկաստանը:
Վաշինգտոնն ու Բրյուսելը մտադիր են շարունակել աջակցությունը Լեռնային Ղարաբաղից ավելի քան 100 հազար փախստականների ինտեգրմանը՝ աջակցություն ցուցաբերելով նրանց բնակարան, աշխատանք և կրթություն տրամադրելու հարցում: Սակայն տասնյակ հազարավոր փախստականների ծագումն ու նրանց հետագա ճակատագիրը դուրս են մնացել բանակցություններից ու ամփոփիչ հայտարարություններից։ Բայց հետաքրքիրն այն է, որ վերջին շաբաթվա ընթացքում Հայաստանում Ֆրանսիայի դեսպանը 3 անգամ տարբեր առիթներով բարձրացրել է արցախահայությանն ազգային իրավունքների վերադարձի հարցը: Սա նշանակում է, որ Ֆրանսիան, որպես Եվրամիության առաջատար երկիր, ոչ մի վայրկյան չի մոռանում և անհրաժեշտ է համարում բարձրացնել արցախահայության իրավունքների հարցը: 2023 թվականի նոյեմբերի 17-ին ՄԱԿ-ի Միջազգային դատարանը վճիռ էր կայացրել, որով պահանջում է արցախահայության խաղաղ և ազատ վերադարձի իրավունք: Բայց Հայաստանում այդ մասին փորձում են չհիշատակել։ Հայաստանի Հանրապետությունն ունի իր ժողովրդի արցախյան հատվածի իրավունքները միջազգային դատարաններում և այլ ատյաններում ներկայացնելու բարոյական և իրավական պարտավորություն: Պաշտոնական Երևանը պարտավոր է օգնել փախստականի կարգավիճակում գտնվող արցախահայությանը:
Մինչև ապրիլի 5-ի հանդիպումը և Դրանից հետո Ադրբեջանը խախտեց փխրուն խաղաղությունը տարածաշրջանում՝ վերսկսելով իր ագրեսիվ գործողությունները Հայաստանի Հանրապետության դեմ։ Դրա հետ էր կապված նաև ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հեռախոսազանգը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, որի ընթացքում Ալիևին զգուշացվել է, որ նման գործողություններն ունենալու են իրենց քաղաքական հետևանքները: Իր հերթին Ֆրանսիան նույնիսկ ակնարկել է Ադրբեջանին COP29-ի չեղարկման մասին Անդրկովկասում էսկալացիայի դեպքում։ Հայաստանի դեմ ագրեսիայի դեպքում Արևմուտքը կարող է նաև անհատական պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության նկատմամբ։
Ի դեպ, անցյալ շաբաթ Արևմուտքի ճնշման տակ Ալիևը կարգադրել էր վերացնել «Արևելյան Զանգեզուրի տնտեսական շրջանը»: Իրավական իմաստով «Արևելյան Զանգեզուր» տերմինն արդեն բացառված է, տեսնենք՝ քաղաքական բառապաշարից այն կջնջվի, թե՝ ոչ։
Եվրոպական Միությունը պետք է հստակ ազդանշան ուղարկի Ադրբեջանին, որ Հայաստանի Հանրապետության նկատմամբ բոլոր տարածքային պահանջները, ներառյալ Տավուշի մարզի գյուղերի հարցը, ինչպես նաև Սյունիքի մարզով արտատարածքային տրանսպորտային միջանցքի պահանջը, բացարձակապես անընդունելի են։ Ադրբեջանի պահանջները որևէ աղերս չունեն դելիմիտացիայի և դեմարկացիայի գործընթացի հետ։ Դա սպառնալիքով կամ ուժով հողազավթման քաղաքականություն է։ Ադրբեջանը պետք է նաև դուրս բերի իր զորքերը Հայաստանի Հանրապետության տարածքից, որը շարունակում է օկուպացիայի տակ պահել։
Մոսկվան, Բաքուն և Անկարան արդեն տևական ժամանակ հանդես էին գալիս այդ միջոցառման քննադատությամբ։ Ընդ որում, թե նախաձեռնողները, թե պաշտոնական Երևանը բազմիցս հայտարարել են, որ հանդիպման ընթացքում քննարկվելու են միայն տնտեսական հարցեր, ինչպես նաև Հայաստանում ժողովրդավարության բարեփոխումներն ու զարգացումը։ Հատուկ ընդգծվում էր, որ հայ-ադրբեջանական օրակարգը չի դիտարկվելու։ Ռուսաստանը Հայաստանի եվրատլանտյան ուղեգծում սպառնալիք է տեսնում իր շահերի համար և զգուշացնում է նման քաղաքականության լուրջ հետևանքների և տարածաշրջանում ապակայունացման վտանգի մասին: Ըստ պաշտոնական Մոսկվայի՝ բարձր մակարդակի նման հանդիպումը վտանգավոր է ՌԴ-ՀՀ գործընկերային հարաբերությունների համար, քանի որ և Բրյուսելը, և Վաշինգտոնը Ռուսաստանին ուղղակիորեն իրենց թշնամին են դիտարկում:
«ԱՄՆ-ԵՄ-Հայաստան եռակողմ հանդիպումն ուղղված է Հարավային Կովկասում համագործակցության դեմ և հետապնդում է Ադրբեջանին մեկուսացնելու նպատակ»: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը՝ ընդունելով Թուրքիայի նախկին արտգործնախարար եւ ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովում թուրքական պատվիրակության ղեկավար Մևլութ Չավուշօղլուին։ «Եվրախորհրդարանի, Եվրոպայի խորհրդի հակաադրբեջանական հայտարարությունները, որոնցով նրանք հանդես են գալիս անցյալ տարվա սեպտեմբերից մինչ օրս, Հայաստանը Հարավային Կովկասում զինված ֆորպոստի վերածելու փորձերը ապագայում շատ մեծ բացասական հետևանքների կհանգեցնեն։ Այդ կապակցությամբ մենք հանդես ենք եկել հայտարարություններով, որպեսզի զգուշացնենք ԱՄՆ-ի եւ Եվրոպայի մեր գործընկերներին»,- ասել է Իլհամ Ալիեւը։
Ադրբեջանա-հայկական կարգավորման հարցերի շուրջ քաղաքական քննարկումներից Բաքվի բացառումը զգալի լարվածություն է առաջացնում նաև Անկարայում։ ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովում թուրքական պատվիրակության ղեկավար Մեւլութ Չավուշօղլուն, մեկնաբանելով Արեւմուտքի կողմից Հայաստանին ֆինանսավորելը, հայտարարել է. «Եթե նրանց նպատակն այն է, որ ամրապնդելով Հայաստանը, նրան մղեն հակամարտության, ապա Ադրբեջանն էլ միայնակ չէ։ Եվ երբեք մենակ չի մնա, Թուրքիան միշտ նրա հետ է։ Եթե նրանք Հայաստանին ինչ-որ բան տան, մենք 3 անգամ ավելի շատ կտանք։ Ադրբեջանը պատերազմ չի ուզում։ Ադրբեջանը չի հավակնում Հայաստանի հողերին»,- նշել է նա։
Հայաստանի տարածքով Իրանի տարանցիկ երթուղու սպառնալիքը, Իրանի եւ Հայաստանի միջեւ միջազգային սահմանների հնարավոր փոփոխությունը Սյունիքի մարզում ճանապարհի ստեղծման միջոցով, Թուրքիայի կողմից Հարավային Կովկասում աշխարհաքաղաքական իրավիճակի փոփոխությունը, Իսրայելի եւ ԱՄՆ-ի հետ լարվածությունը, ինչպես նաեւ հիբրիդային պատերազմը պրոքսիների միջոցով. այսպիսին են Իրանի մտավախությունները: Հայ-ադրբեջանական սահմանային հանձնաժողովի աշխատանքի արդյունքների մասին Թեհրանին տեղեկացնելը կարող է նվազեցնել Իրանի մտահոգությունը, ինչպես նաև նպաստել խաղաղությանն ու կայունությանը Հարավային Կովկասում:
Աճող լարվածության և արմատացած աշխարհաքաղաքական մրցակցության ֆոնին Բրյուսելի հանդիպման հետևանքներն իրենց ազդեցությունն են թողնում ամբողջ տարածաշրջանի վրա:
Զաբելա Ավագյան