«Միջազգային համայնքը պետք է կոշտ գնահատական տա հայկական տաճարները «աղվանական» ներկայացնելու Բաքվի փորձերին»․Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմեն
«Ադրբեջանում դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների այցն օկուպացված Արցախ ոչ թե պարզապես տարակուսանք է առաջացնում, այլ լուրջ մտահոգության և կատեգորիկ դատապարտման տեղիք է տալիս։ Նման այցերը Բաքվի կողմից օգտագործվում են որպես Արցախի հայկական պատմամշակութային ժառանգության յուրացման, վերամեկնաբանման և ջնջման պետական քաղաքականության լեգիտիմացման ու միջազգային առաջմղման գործիք։ Այս համատեքստում օտարերկրյա դիվանագետների ներկայությունն՝ առանց տեղի ունեցողի հանրային ու սկզբունքային գնահատականի, ծայրահեղ վտանգավոր նախադեպ է ստեղծում. լռելյայն ներկայությունը սկսում է ընկալվել որպես համաձայնություն Ադրբեջանի կողմից պարտադրվող պատմական մեկնաբանությանը»,-REGIONSTV-ի հետ հարցազրույցում նման կարծիք հայտնեց Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմեն Հովիկ Ավանեսովը՝ խստորեն քննադատելով օտարերկրյա դիվանագետների այցը Գանձասարի վանք և օկուպացված Արցախի այլ հայկական եկեղեցիներ։
Սեպտեմբերի 11-12-ին Բաքվում հավատարմագրված օտարերկրյա դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներն այցելել են օկուպացված Արցախ։ Պատվիրակության կազմում եղել է 58 երկրի և ինը միջազգային կազմակերպության շուրջ 150 ներկայացուցիչ՝ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի ուղեկցությամբ։ Մասնակիցների թվում էին Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպան Սոֆի Լագուտը, ԱՄՆ գործերի ժամանակավոր վստահատար Էմի Կարլոնը, Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոն և այլոք։ Հիքմեթ Հաջիևը տեսանյութ է հրապարակել օտարերկրյա դիվանագետների՝ Գանձասար և Դադիվանք այցերի մասին, որի ընթացքում հայտարարել է, թե դրանք ոչ թե հայկական, այլ «հին Կովկասյան Աղվանքի քրիստոնեական ժառանգություն» են։
Գանձասար վանական համալիրի ցուցասրահում Հաջիևը ցույց է տվել իբրև թե հայկական հին գրքերը՝ հեգնել է, իբ թե դրանք հին քրիստոնեական գրքեր են, ապա բացելով դրանք՝ դիվանագետներին ցույց էր տվել այդ գրքերի դատարկ էջերը։ «Միայն մեկ էջը… մնացածը դատարկ են: Եվ սա քրիստոնեական ժառանագությունն է, ինչը դուք կարող եք տեսնել» ,-ահա այս խոսքերով ու ժպիտը դեմքին Հաջիևը հեգնել է, իսկ ներկա դիվանագետներն էլ ծիծաղով են արձագանքել։
Այս այցից հետո Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոն սոցիալական ցանցում գրել է, թե «կողմերը դեռևս «խորապես տարբերվող տեսակետներ ու նարատիվներ ունեն որոշ վայրերի ծագման վերաբերյալ»:
Նրա այս գրառումն ու դիվանագետների այցը բուռն քննադատության են արժանացել հայ հանրությունում։ Շաբաթ օրվա այդ իրադարձությանը սակայան հայկական կողմը պաշտոնական մակարդակով չի արձագանքել։
Միայն այսօր խորհրդարանում ընդդիմադիր պատգամավորի հարցին՝ որքանո՞վ են այս քայլերը մոտեցնում խաղաղության հաստատմանը, պատաստվո՞ւմ եք հնչեցնել դիրքորոշում, որ Գանձասարը հայկական է, Աժ նախագահ Ռուբեն Ռուբինյանն ասել է, թե «նոր ձեռք բերած խաղաղությունը խնամքի կարիք ունի, և շատ կարևոր է զգայունություն ցուցաբերել տարբեր հարցերի վերաբերյալ»:
«Ձեր մատնանշած հայտարարությունները, բնականաբար, չեն նպաստում, օգտակար չեն խաղաղության համատեքստում, բացի նրանից, որ դրանք նաև անհիմն են»,- ասել է Ռուբինյանը։
Մեզ հետ զրույցում Հովիկ Ավանեսովն ասում է, որ Գանձասարը «Կովկասի աբստրակտ հուշարձան» չէ և ոչ էլ մի օբյեկտ, որին կարելի է կամայականորեն վերագրել այլ էթնոմշակութային պատկանելություն։ Նրա հայկական պատմական, ճարտարապետական և հոգևոր-մշակութային ինքնությունը գիտական ու փաստագրական գիտելիքի առարկա է, այլ ոչ թե քաղաքական իրավիճակի հարց։
Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմենի կարծիքով՝ Երևան այցի ժամանակ Գրոնոյին անհրաժեշտ է ցույց տալ հայկական կոնկրետ ձեռագիր- հուշարձաններ, որոնք ստեղծվել են Արցախի տարբեր գրչօջախներում, որոնք դարեր ի վեր գործել են տարածաշրջանի խոշոր վանական համալիրներին կից։ «Սա հատկապես կարևոր է այն պայմաններում, երբ Ադրբեջանը համառորեն վարում է Արցախի հայկական մշակութային ժառանգության յուրացման և կեղծման քաղաքականություն»,-ասաց Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմենը։

Պատասխանելով Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հայտարարությանը, ըստ որի նա Լեռնային Ղարաբաղի հայկական միջնադարյան Դադիվանք և Գանձասար վանքերը ներկայացրել էր որպես «աղվանական», Ավանեսովն ասաց. «Միջազգային համայնքը պարտավոր է աչքերը բացել. մեր առջև ոչ թե մեկնաբանությունների վեճ է, այլ պատմության վերանայման, կեղծման նպատակամղված պետական քաղաքականություն, հայկական ժառանգության համակարգված յուրացում և դրա հայկական պատկանելության բուն փաստի հետևողական ջնջում։ Հատկապես աղաղակող է, երբ օտարերկրյա դիվանագետներն այցելում են այս սրբավայրերը՝ Բաքվից չպահանջելով թափանցիկություն, անկախ փորձագետների մուտք, միջազգային մոնիտորինգ և հայկական հնությունների վերանվանման ու «աղվանացման» քաղաքականության անհապաղ դադարեցում։ Եթե միջազգայն հանրությունն իսկապես դեմ է մշակութային ցեղասպանությանը, պատմական ռևիզիոնիզմին և ժողովուրդների մշակութային ինքնության ոչնչացմանը, նա պարտավոր է կոշտ, հանրային և անվերապահ գնահատական տալ Արցախում տեղի ունեցողին և առաջին հերթին՝ հայկական տաճարներն ու վանքերը, ներառյալ Գանձասարը, որպես «աղվանական» ժառանգություն ներկայացնելու լկտի փորձերին»։
Ավանեսովի խոսքով՝ այս գործողություններն իրականացվում են բացահայտ, հետևողականորեն և որպես պետական մեքենայի անբաժանելի մաս, այնինչ հայկական կողմը ցուցաբերում է աններելի պասիվություն․«Լռությունը Բաքուն կընկալի որպես ազդանշան, որ նման քաղաքականությունը արժանի հակահարվածի չի հանդիպի»։
Ավանեսովի կարծիքով՝ «հայկական մշակութային ժառանգության պաշտպանությունը քաղաքական իրավիճակի հարց չէ և ոչ էլ Հայաստանի ներքին գործն է։ Սա պատմական ճշմարտության և համամարդկային ժառանգության պահպանման հարց է։ Հիմա պահանջվում է ոչ թե լռություն, այլ ամուր պետական դիրքորոշում, հաշվարկված դիվանագիտական աշխատանք և անշեղ միջազգային պատասխանատվություն։ Քանի դեռ հայկական ժառանգության հանդեպ հանցավոր քաղաքականությունը մնում է անպատիժ, այն միայն թափ է հավաքելու»։
Հատկապես մտահոգիչ է, Ավանեսովի խոսքով, Հայաստանի պետական կառույցների անգործությունը, երբ մեր դեմ հիշողության ջնջման համակարգված պատերազմ է վարվում՝ հայկական ներկայության բուն փաստի ժխտում, տարեգրությունների կեղծում, մշակութային սրբավայրերի ծագման ու էության նենգափոխում։
Ավանեսովը հարցադրում արց՝ ինչու մինչ օրս Հայաստանը չի բարձրացրել իր ձայնը՝ բարձր, դիվանագիտական, իրավական, որպեսզի պաշտոնապես ՅՈՒՆԵՍԿՕ-ի և այլ իրավասու ատյանների առջև դնի Արցախի թանգարանային գանձերի հարցը։ Ինչո՞ւ չի ստեղծվել դրանց ճակատագրի նկատմամբ մշտական միջազգային մոնիտորինգի մեխանիզմ, չի բարձրացվել դրանք օրինական տերերին վերադարձնելու հարցը, և ինչո՞ւ համաշխարհային թանգարանային հանրությունն մինչ օրս կոչված չէ ոտքի ելնելու այդ արժեքների պաշտպանության համար՝ որպես մեր պատմության կենդանի վկաների։
Նա ընդգծեց՝ տարածքին ֆիզիկական հասանելիության բացակայությունը ամենևին չի նշանակում մշակութային ժառանգության նկատմամբ իրավունքների կորուստ։ «Օկուպացիան չի կարող թանգարանները, թանգարանային ֆոնդերն ու պատմական հավաքածուները ավտոմատ կերպով դարձնել դրանց նկատմամբ ապօրինի վերահսկողություն հաստատած պետության սեփականությունը։ Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հատուկ պատասխանատվություն է կրում այն բանի համար, որ այս հարցը չանհետանա միջազգային օրակարգից։ Անհրաժեշտ է հետևողական պետական քաղաքականություն՝ դիվանագիտական, իրավական, գիտական և թանգարանային։ Այսօրվա լռությունը վաղվա անդառնալի կորստի ռիսկն է։ Սա պատմական հիշողության, մշակութային իրավունքների և գալիք սերունդների առջև պատասխանատվության հարց է»,-նշեց փորձագետը։
Այնուամենայնիվ, Ավանեսովը համոզված է, որ «քանի դեռ հայկական կողմը խոսում է խաղաղության մասին, Բաքուն շարունակում է կառուցել տեղեկատվական ու քաղաքական միջավայր, որտեղ ագրեսիան կարող է ներկայացվել որպես «անհրաժեշտություն», իսկ զավթողական քաղաքականությունը՝ որպես «արտոնյալ արդարության վերականգնում»։ Սա վերաբերում է ոչ միայն տարածքներին, այլև հայկական պատմամշակութային ժառանգությանը, պատմական հիշողությանն ու հայ ժողովրդի՝ գոյություն ունենալու և վերադառնալու բուն իրավունքին։ Ուստի միջազգային համայնքը պետք է գնահատի ոչ թե Բաքվի հայտարարությունները, այլ նրա իրական գործողությունները, պետական հռետորաբանությունն ու վերջին տարիների հետևողական պրակտիկան։ Խաղաղությունն անհնար է այնտեղ, որտեղ մի կողմը խոսում է խաղաղությունից, իսկ մյուսը խաղաղասիրական հռետորաբանությունն օգտագործում է որպես քող՝ ագրեսիվ ու ծավալապաշտական քաղաքականության համար»։
2021 թվականի դեկտեմբերի 7-ին ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը կայացրել է իրավաբանորեն պարտադիր որոշում, որը պարտավորեցնում է Ադրբեջանին կանխել և պատժել հայկական հուշարձանների վանդալիզմի ու պղծման գործողությունները։ Սակայն տարիներ անց այդ պահանջներն անտեսվում են. արձանագրությունները ոչնչացվում են, իսկ սրբավայրերը՝ յուրացվում։ ՅՈՒՆԵՍԿՕ-ի և համաշխարհային կառույցների անգործությունը նրանց դարձնում է պատմական հիշողության ջնջման լռելյայն մասնակիցներ և ցույց է տալիս մշակութային ժառանգության պաշտպանության միջազգային մեխանիզմների ձախողումը։
Ավանեսովի կարծիքով՝ միջազգային իրավունքը և ստանձնած պարտավորությունները գոյություն ունեն մշակութային ժառանգության ոչնչացումը կանխելու, այլ ոչ թե այն արդեն անհետանալուց հետո արձանագրելու համար։ ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի որոշումը քաղաքական հանձնարարական կամ բարի մտադրությունների հռչակագիր չէ։ Սա հայկական մշակութային ժառանգության պաշտպանության իրավաբանորեն պարտադիր միջոց է գործնականում, այլ ոչ թե միայն միջազգային փաստաթղթերում հիշատակված»։
Փորձագետը միջազգային ատյանների լռության մեջ չարագույժ ռիսկ է տեսնում. նրանց ներկայությունը կարող է վերածվել լռելյայն մասնակցության՝ պատմական հիշողության անողոք ջնջմանը․ «ՅՈՒՆԵՍԿՕ-ի և այլ միջազգային կառույցների լռությունը ընկալվում է որպես փաստացի անպատժելիություն, իսկ անպատժելիությունը՝ ուղղակի կոչ ոչնչացման նոր գործողությունների։ Միջազգային կառույցների լռությունն այն իրավիճակում, երբ մշակութային ժառանգությունը համակարգված կերպով ոչնչացվում է, ժառանգության պաշտպանության միջազգային մեխանիզմի ձախողումն է և պատասխանատվության լուրջ հարց այն կառույցների, որոնք ստեղծվել են հենց դրա պահպանման համար»։

Զաբելա Ավագյան
