Արցախցիների վերադարձի և ժառանգության պաշտպանության պահանջով բողոքի ցույց՝ օտարերկրյա դեսպանատների առջև | Region

Արցախցիների վերադարձի և ժառանգության պաշտպանության պահանջով բողոքի ցույց՝ օտարերկրյա դեսպանատների առջև

Հոկտեմբեր 20,2026 15:32

Երևանում օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչությունների և ՄԱԿ-ի գրասենյակի առջև այսօր տեղի է ունեցել բողոքի ցույց, որը կազմակերպել էր «Չկա կենսաբազմազանության պաշտպանություն՝ առանց մարդու իրավունքների և արդարության» քաղաքացիական նախաձեռնությունը։

Հասարակական գործիչներն ու քաղաքացիները միջազգային հանրությունից պահանջում են գործուն քայլեր ձեռնարկել Արցախի բռնի տեղահանված հայերի վերադարձի իրավունքի ապահովման և տարածաշրջանում հայկական մշակութային ժառանգության պահպանման ուղղությամբ։ Նախաձեռնության անդամները նամակ-պահանջագրեր են փոխանցել Հայաստանում հավատարմագրված բոլոր դեսպանատներին։ Նրանց հիմնական կոչն ուղղված է Հայաստանում ընթացող ՄԱԿ-ի Կենսաբազմազանության կողմերի համաժողովի (COP17) մասնակից երկրներին՝ արցախահայության հիմնախնդիրները ներառելու միջազգային քննարկումների օրակարգում՝ քայլեր ձեռնարկել ապահովելու արցախցիների անվտանգ վերադարձի իրավունքի իրացումը դեպի Արցախ։

Դեսպանատներին հանձնված փաստաթղթում ցուցարարները մասնավորապես ընդգծում են՝ աջակցել բռնի տեղահանված արցախցիների՝ իրենց պատմական հայրենիք անվտանգ, կամավոր, արժանապատիվ ու կայուն վերադարձին, ինչպես նաև կոչ անել Ադրբեջանին՝ երաշխավորելու նրանց սեփականության, անվտանգության և համայնքային կյանքի պաշտպանությունը։ Ինչպես նաև պահանջում են ապահովել Արցախի հայկական եկեղեցիների, վանքերի, պատմական հուշարձանների ու գերեզմանատների պաշտպանությունը և նպաստել դրանց վիճակի գնահատման նպատակով անկախ միջազգային մոնիտորինգի իրականացմանը։ «Հարցը դիտարկել Կունմին-Մոնրեալ կենսաբազմազանության գլոբալ շրջանակի թիրախների համատեքստում՝ շեշտադրելով բնիկ ժողովրդի ավանդական գիտելիքների, մշակութային ինքնության և կենսաբազմազանության անխզելի կապը»,-նշվում է հայտարարությունում։

Բողոքի ցույցի ժամանակ Արցախի հանրային խորհրդի անդամ Ալվարդ Զաքարյանը քննադատել է միջազգային կառույցներին և ՀՀ իշխանություններին՝ հարցը լռության մատնելու համար։ Նա ընդգծել է, որ արցախահայության իրավունքների պաշտպանությունը պետք է դառնար COP17 համաժողովի առանցքային թեմաներից մեկը․«Եկել են, բոլորը խոսում են բնիկ ժողովուրդների մասին, իսկ 150 հազար արցախցիների՝ բնիկ ժողովրդի մասին, որը կտրվեց իր ջրից ու հողից, չեն ուզում հիշել»։ Նա նաև հայտնեց, որ նախաձեռնությունը չի սահմանափակվելու միայն նամակներ հանձնելով, նրանք ակնկալում են առանձին հանդիպումներ ունենալ դեսպանությունների ներկայացուցիչների հետ՝ բարձրացված հարցերն ավելի մանրամասն ներկայացնելու համար։

Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ավելի վաղ հայտարարել էր, որ արցախցիների վերադարձն իրենց հայրենիք ներկայումս իրատեսական չէ, և առաջարկել էր տեղահանված հայրենակիցների սոցիալական ու բնակարանային խնդիրները լուծել Հայաստանի Հանրապետության տարածքում։

Նորություններ