Ավտոբուսում կնոջը վիրավորած և նվաստացրած տղամարդը ձերբակալվել է, նախաձեռնվել է քրեական վարույթ
Հանրային տրանսպորտում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ ստացված հաղորդման հիման վրա նախաձեռնվել է քրեական վարույթ՝ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու և խուլիգանություն կատարելու հոդվածների հատկանիշներով: Այս մասին հայտնում է Քննչական կոմիտեի խոսնակը։ Տեսանյութում երևացող տղամարդը ձերբակալված է:
Այսօր ավելի վաղ ներքին գործերի նախարարությունից հայտնել են, որ Երևանի ավտոբուսներից մեկում կնոջը վիրավորելու և նվաստացնելու մեջ կասկածվող տղամարդը ձերբակալվել է։ Նա ներկայացվել է նախաքննական մարմին։ Երեկ համացանցում տարածված տեսանյութում երևում է, թե ինչպես է տղամարդը վիրավորում ու նվաստացնում իր կողքին նստած կնոջը։
Տեսանյութում կինը վախեցած էր ու շփոթված, նա որևէ կերպ չէր արձագանքում իրեն վիրավորական խոսքեր ասող տղամարդուն։ Տեսանյութում նաև երևում է, թե ինչպես է ուղևորներից մեկը փորձում միջամտել, ինչից հետո ավտոբուսում վիճաբանություն է սկսվել։ Ենթադրվում է, որ միջմտողը նույն տեսանյութի հեղինակն է։ Ոստիկանությունը միջադեպի վերաբերյալ նյութերը փոխանցել է նախաքննական մարմին։
