«Ամուլսարի շահագործումից հետո ջրերը աղտոտվելու են, 500 տարի անց էլ, միլիարդներ ծախսելով, հնարավոր չի լինի դրանք վերականգնել»․Նազելի Վարդանյան
Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ընթացող ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի (CBD) կողմերի COP17 գագաթնաժողովի շենքի մոտ մի խումբ բնապահպաններ և քաղաքացիներ բողոքի ակցիա են իրականացրել ընդդեմ Ամուլսարի հանքի շահագործման։
Լրագրողների հետ զրույցում իրավաբան, բնապահպան Նազելի Վարդանյանը հիշեցրեց, որ դեռ 2012 թվականին Սևանի հանձնաժողովն ու փորձագետներն արձանագրել են այս նախագծի 4 հիմնական անառարկելի ռիսկերը, որոնք կառավարել կամ կանխելն անհնար է․10-բալանոց սեյսմիկ գոտի, Հայաստանում մեծությամբ երկրորդ սողանքային տարածք, անկառավարելի թթվային դրենաժի վտանգ, ռադիացիոն բարձր ռիսկ (տարածքը 1950-ականներից գրանցված է որպես թորումի և ուրանի երևակում)։
«Այդտեղ է գտնվում Հայաստանի ջրային պաշարների 80%-ը։ Մեր ոսկին մեր ջուրն է, մեր Ջերմուկն է։ Չկա՛ն նման տեխնոլոգիաներ, որ կարողանան կառավարել այս ռիսկերը։ Ամուլսարը գտնվում է Սևանի ջրհավաք ավազանում, և հանքի շահագործումն անթույլատրելի է ինչպես Սևանա լճի մասին օրենքով, այնպես էլ ՄԱԿ-ի Կենսաբազմազանության, Բեռնի և Օրհուսի միջազգային կոնվենցիաներով»,- ընդգծեց Նազելի Վարդանյանը։
Բնապահպանը շեշտեց, որ Բեռնի կոնվենցիան որոշում է կայացրել անհապաղ դադարեցնել Ամուլսարի շինարարությունն ու հանքարդյունաբերությունը և նշանակել նոր փորձաքննություն․«Առանց փորձաքննական վերլուծության հանքարդյունահանում իրականացնելն ապօրինություն է։ Մեր կառավարությունը, արհամարհելով միջազգային կազմակերպության պահանջը COP17-ից առաջ, ձեռնոց է նետում միջազգային հանրությանը։ Փորձագետները միաձայն պնդում են՝ շահագործումից հետո ջրերը աղտոտվելու են, և 500 տարի անց էլ, միլիարդներ ծախսելով, հնարավոր չի լինի դրանք վերականգնել»։
Վարդանյանի փոխանցմամբ՝ ընկերությունն այսօր չունի ՇՄԱԳ (Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման) թույլտվություն, ուստի ցանկացած գործունեություն ապօրինի է, իսկ իրենց պայքարը շարունակվելու է միջազգային հարթակներում և ֆինանսական կառույցներում․«Եվրոպական վերակառուցման և զարգացման բանկին (EBRD) և IFC-ին ներկայացրել ենք խնդիրը, և նրանք դուրս են եկել ծրագրից։ Հիմա պահանջում ենք, որպեսզի միջազգային կառույցները արգելեն իրենց գործընկեր տեղական բանկերին (օրինակ՝ Ամերիաբանկին) ֆինանսավորել այս ծրագիրը»։
Բողոքի ցույցի ժամանակ միջադեպ է տեղի ունեցել բնապահպան ակտիվիստ Անի Խաչատրյանի և ոստիկանի միջև։ Նախ ցույցի մասնակիցները նշել են, որ իրավապահները ամեն կերպ խոչընդոտել են խաղաղ ցույցը՝ միտումնավոր մոլորեցնելով ու ցուցարարներին հեռացնելով համալիրի մուտքից, ինչպես նաև արգելելով պաստառներ պարզել։
Անի Խաչատրյանը մանրամասնել է՝ մոտեցել էր ոստիկաններին՝ պարզելու, թե ինչու թույլ չեն տալիս քաղաքացիներից մեկին միանալ ցույցին։
«Ոստիկանն ինձ պատասխանեց, թե՝ «հետս նորմալ խոսեք, աղջիկ եք, չի սազում»։ Ես հանգիստ տոնով հարցրել եմ ու մատով վերև ցույց տվել, ասում է՝ մատով ցույց մի՛ տվեք։ Դուք ո՞վ եք, որ որոշեք՝ աղջկան ինչն է սազում, ինչը՝ ոչ։ Ոստիկանությո՞ւնն է արդեն որոշում դա։ Ի՞նչ է նշանակում՝ մարդը չի կարող վերև բարձրանալ կամ պաստառ պահել, որովհետև «Save Amulsar» շապիկ է կրում»,- զայրույթով հայտնեց Անի Խաչատրյանը։
Ցույցի մասնակիցները կոչ արեցին Ջերմուկի բնակիչներին և ողջ հանրությանը ոտքի կանգնել և միասնաբար թույլ չտալ Ամուլսարի հանքի շահագործումը։
Տիրուն Մարգարյան
