Կոռումպացված Ադրբեջան. Բաքվի հետ հարաբերությունները՝ Լիբերմանի ընտանեկան գործ | Region

Կոռումպացված Ադրբեջան. Բաքվի հետ հարաբերությունները՝ Լիբերմանի ընտանեկան գործ

Ապրիլ 12,2024 17:58

– Ալիևն ու կոռուպցիան Իսրայելում.

– Լիբերման եղբայրները՝ միջնորդներ Իսրայելի և Ադրբեջանի միջև.

– Ադրբեջանը Pegasus-ով լրտեսել է հայ պաշտոնյաներին.  

– Հետաքննություն. Ադրբեջանի իշխանությունները միլիարդներ են լվանում.

Անցյալ շաբաթ իսրայելական խոշորագույն ԶԼՄ-ներում՝ Haaretz, The Marker և այլն, ծավալուն լրագրողական հետաքննություն էր հրապարակվել իսրայելցի քաղաքական գործիչ և պաշտպանության նախկին նախարար Ավիգդոր Լիբերմանի՝ Ալիևի և Բաքվի ռեժիմի հետ կապերի մասին: Իսրայելցի լրագրողները պատմել են, որ այդ հարաբերությունները բառացիորեն ընտանեկան են։  Այդ իսկ պատճառով հոդվածներն այդպես էլ վերնագրվել են՝ «Ադրբեջանի հետ հարաբերությունները՝ որպես Լիբերմանի ընտանեկան գործ»։  Երբ Ավիգդոր Լիբերմանը իշխանության ղեկին էր, նա սկսեց ավելի ակտիվ զարգացնել հարաբերությունները նախկին խորհրդային հանրապետությունների, հատկապես Ադրբեջանի հետ. նա Ալիևների ընտանիքի հետ գործնական ամուր կապեր ուներ, ինչպես նաև ընտանեկան և անձնական հարաբերություններ:

Իսրայելը, շրջապատված թշնամական արաբական պետություններով, ձգտում էր ամրապնդել հարաբերությունները ոչ արաբական, «չափավոր» մահմեդական երկրների «արտաքին շրջանակի» հետ։  Նախկինում այդ դերը կատարում էին քեմալական Թուրքիան և միապետական Իրանը։ Այսօր Իսրայելը Թուրքիայի հետ լարված հարաբերություններ ունի, իսկ Իրանը վերածվել է ոխերիմ թշնամու։ Դրա համար պերիֆերիալ ռազմավարության գլխավոր օղակներից մեկը դարձավ Ադրբեջանը։ Ադրբեջանի տեսանկյունից Իսրայելի հետ հարաբերություններն արժեքավոր են, քանի որ Իսրայելը ժամանակակից ռազմական տեխնիկա և տեխնոլոգիաներ է մատակարարում՝ Բաքվին հնարավորություն տալով իր տարածքում անօդաչու թռչող սարքերի արտադրություն հիմնել: Իսրայելի հետ Ադրբեջանի կապերի զարգացման ևս մեկ գործոն է իշխանությունների ցանկությունը՝ ապահովել Վաշինգտոնում իսրայելամետ ուժեղ լոբբիի հասանելիությունը, քանի որ Իսրայելի իշխանությունները կապված չեն ԱՄՆ-ում և ԵՄ-ում Ադրբեջանին զենք վաճառելու էմբարգոյի հետ:

Ըստ հրապարակումների՝ Իսրայելի և Ադրբեջանի միջև հարաբերությունները հիմնված են «Սուրբ Երրորդության» վրա՝ նավթ, զենք և հետախուզություն։  Իսրայելը նավթ է գնում Ադրբեջանից և ժամանակակից ռազմական սարքավորումներ է վաճառում: Փոխարենը ադրբեջանցիները հնարավորություն են տալիս իսրայելցիներին մուտք գործել իրենց թիվ մեկ հակառակորդի՝ Իրանի հետ ցամաքային և ծովային սահման։  Այն փաստը, որ Ադրբեջանը Իրանի հարևանն է և բարդ հարաբերություններ ունի Թեհրանի հետ, այդ երկրների միջև համագործակցության կարևոր հիմք է:

2010-2014 թվականներին, երբ Լիբերմանը զբաղեցնում էր արտաքին գործերի նախարարի պաշտոնը, 3 անգամ եղել է Ադրբեջանում, և ամեն անգամ նրան ընդունել է Ալիևը: Foreign Policy ամսագրում մեջբերվում են ամերիկյան հետախուզության բարձրաստիճան ներկայացուցիչների խոսքերն այն մասին, որ գործնականում «Իսրայելն իր համար Ադրբեջան անվանումով օդանավակայան է գնել», ինչպես նաև հիշատակվում են նախկին խորհրդային մի քանի բազաների անուններ, որոնք, ըստ ամսագրի աղբյուրների, օգտագործվել են կամ կօգտագործվեն Իսրայելի կողմից Իրանի վրա հնարավոր հարձակման նպատակով: Միջազգային լրատվամիջոցներում, ինչպիսին է բրիտանական Times-ը, ավելի շատ հաղորդագրություններ են հրապարակվել, որոնցում, մասնավորապես, ասվում է, որ իսրայելական «Մոսադը» բազա ունի Ադրբեջանում:

2021 թ.-ին անցկացված Pegasus Project միջազգային հետաքննությունը ցույց է տվել, որ իսրայելական NSO-ի արտադրության լրտեսական ծրագիրն օգտագործվել է Ալիևի կառավարության կողմից քննադատաբար տրամադրված բազմաթիվ լրագրողների հետապնդման համար, որոնցից մի քանիսը մինչ օրս գտնվում են Ադրբեջանի բանտերում։

NSO-ն միակ կիբերընկերությունը չէ, որն այդ տարիներին իր ծառայությունները վաճառում էր Ալիևի բռնապետությանը։  Մեկ այլ կիբեռընկերություն, որը սպասարկում էր ադրբեջանցիներին, Թել Ավիվում տեղակայված Candiru-ն է: 2021 թվականին այդ ընկերությունը և NSO-ն հայտնվել են ԱՄՆ էկոնոմիկայի նախարարության սև ցուցակում՝ մարդու իրավունքների խախտման մտավախությունների պատճառով։

Իսրայելի և Ադրբեջանի միջև գործարքի միջնորդները, ինչպես հաստատել Է հետաքննությունը, եղել են Ամոս և Կոբի Լիբերմանները:  Լիբերմանի երեխաների ստացած միջնորդավճարները գնահատվում են հարյուր հազարավոր դոլարներ: Վերջին տարիներին Լիբերմանի որդիները Ադրբեջանի կառավարությանը վաճառել են  տարբեր տեխնոլոգիական համակարգեր: Միայն երեք գործարքներից հնարավոր միջնորդավճարները կարող են հասնել միլիոնավոր դոլարների: Միաժամանակ, մինչև վերջերս Լիբերման եղբայրները Իսրայելում ներկայացնում էին ադրբեջանական ազգային ավիաընկերությունը, որը վերահսկվում էր Ադրբեջանի կառավարության կողմից: Լիբերման եղբայրները, պարզվում է, շատ ժամանակ են անցկացնում Բաքվում, որտեղ նրանց համարում են միջնորդներ, որոնք կարողանում են դռներ բացել կառավարությունում։

Amnesty International-ի եւ The Citizen Lab-ի անվտանգության լաբորատորիայի նոր զեկույցում ասվում է, որ Հայաստանից 13 պետական ծառայողներ, իրավապաշտպաններ, լրագրողներ եւ գիտնականներ օտարերկրյա պետության կողմից լրտեսության զոհ են դարձել Pegasus-ի միջոցով: Զոհերի թվում, որոնց հեռախոսները վարակված են եղել Pegasus լրտեսական ծրագրով, եղել են Աննա Նաղդալյանը՝ ՀՀ ԱԳՆ ՆԱԽԿԻՆ մամուլի քարտուղարը, 2 հայ գիտնականներ, որոնք մասնագիտացած են միջազգային հարաբերությունների ոլորտում, և ՄԱԿ-ի 2 աշխատակիցներ, որոնց ինքնությունը չի բացահայտվել: Մինչև 2023 թվականի հունվարը Հայաստանում մարդու իրավունքների պաշտպան Քրիստինե Գրիգորյանը նույնպես լրտեսության զոհ է դարձել։ Նա զբաղվել է տեսանյութերի բովանդակության հետաքննությամբ, որտեղ ադրբեջանցի զինվորականները սպանում են հայ ռազմագերիներին։

Բոլորին է հայտնի, որ Եվրոպայում և ԱՄՆ-ում, անգամ ժողովրդավարական ինստիտուտներում կոռուպցիոն խոշոր սկանդալները կապված են Ադրբեջանի և նախագահ Ալիևի ընտանիքի հետ, որը հսկայական ունեցվածք ունի աշխարհի շատ երկրներում: Ադրբեջանի նախագահի անունը հայտնվել է «Պանդորայի դոսյե»-ում, որտեղ ամբողջ աշխարհից կոռումպացված պաշտոնյաների անուններ են ընդգրկված: Բացահայտվել է Մեծ Բրիտանիայում Ալիևների ընտանիքի ունեցվածքը, Ադրբեջանում իշխող դինաստիայի հարստության ծավալները։ Կոռուպցիայի եւ կազմակերպված հանցավորության հետազոտությունների կենտրոնի (OCCRP) կայքում հրապարակված հետաքննության մեջ ասվում է, որ Ադրբեջանի իշխանությունները Մեծ Բրիտանիայում կեղծ ընկերությունների միջոցով 2,9 մլրդ դոլար են լվացել: Ալիեւներն ու նրանց ընկերները Անգլիայի մայրաքաղաքում 694 մլն դոլար ընդհանուր արժողությամբ անշարժ գույք էին վերահսկում: Մեծ մասը անշարժ գույքը գնել է կանխիկ գումարով: Հետաքննության հեղինակների տվյալներով՝ Ալիևի 3 երեխաներն ու 2 մերձավոր համախոհները օգտագործել են գաղտնի օֆշորային ընկերություններ՝ Լոնդոնի կենտրոնում շքեղ պենտհաուսներ, գրասենյակային տարածքներ և այլ օբյեկտներ գնելու համար:

Ալիևյան ռեժիմը գաղտնի միլիոնավոր գումարներ է վճարել եվրոպացի քաղաքական գործիչներին՝ Եվրոպայի խորհրդում քաղբանտարկյալների մասին զեկույցը վիժեցնելու համար: Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական վեհաժողովում կոռուպցիայի փաստերը ևս կապված են Ադրբեջանի հետ։ Գումար է տրամադրվել եվրոպացի քաղաքական գործիչներին՝ Ադրբեջանում ամբողջովին կեղծված նախագահական ընտրությունները դիտարկելու և հաստատելու համար, որոնց թվում է ԵԽԽՎ նախկին ղեկավար Պեդրո Ագրամունտը: 2013 թվականին գերմանացի քաղաքական գործիչ, Բունդեսթագի նախկին պատգամավոր և ԵԽԽՎ մոնիտորինգի առաքելության նախկին նախագահ Էդուարդ Լինտերը, որը գլխավորել է դիտորդական առաքելությունը Ադրբեջանի ընտրություններում, ստացել է 61 հազար եվրո: 2012-2014 թվականներին նրան փոխանցել են 891 հազար եվրո։  Իտալացի քաղաքական գործիչ Լուկա Վոլոնտեն, իտալական իրավապահ մարմինների պնդմամբ, Բաքվից գումար է ստացել Ադրբեջանում քաղբանտարկյալների վերաբերյալ ԵԽԽՎ բանաձևի ընդունումն արգելափակելու համար: Բրիտանական կեղծ ընկերությունները նրան փոխանցել են ավելի քան 2 մլն եվրո։

Ադրբեջանը ցանկացած չափանիշով համարվում է բռնապետություն։ 2023 թվականին Economist ամսագրի կողմից հրապարակված ժողովրդավարության վերջին ինդեքսում Ադրբեջանը 167 երկրների և ինքնավար տարածքների ցանկում զբաղեցրել է 130-րդ տեղը։  Համեմատության համար նշենք, որ այնպիսի միապետությունները, ինչպիսիք են Մարոկկոն, Հորդանանը, Արաբական Միացյալ Էմիրությունները և Քուվեյթը, գնահատվում են ավելի ժողովրդավարական, քան Ադրբեջանը:

Տարիների ընթացքում Ադրբեջանում իշխող ընտանիքը մեծ ջանքեր է գործադրել արդարացնելու իր բռնակալ կերպարը։ Երկրի նավթային հարստության վրա կառուցված ժամանակակից մայրաքաղաքը հյուրընկալում է բազմաթիվ միջազգային գիտաժողովներ և ցուցահանդեսներ, անցկացվում են տարբեր միջոցառումներ, և հատկապես մեծ գումարներ են ծախսվում արևմտյան մայրաքաղաքներում լոբբիստների և լրատվամիջոցների խորհրդատուների վարձելու համար:

       Զաբելա Ավագյան 

Նորություններ