Ապատեղեկատվության դեմ պայքար․ Էստոնիայի փորձը և Հայաստանի մարտահրավերները | Region

Ապատեղեկատվության դեմ պայքար․ Էստոնիայի փորձը և Հայաստանի մարտահրավերները

Հոկտեմբեր 28,2026 17:10

Ինչպե՞ս ճանաչել համակարգված ապատեղեկատվությունը, պաշտպանել հանրային վստահությունը և կանխել արտաքին տեղեկատվական միջամտությունները։ Այս հարցերն էին 2026 թվականի հոկտեմբերին Էստոնիա մեկնած հայ լրագրողների ճանաչողական այցի և քննարկումների առանցքում։ Եռօրյա այցը կազմակերպել էր «Միջազգային մասնագետների գործընկերության ցանց» (PractNet) ոչ առևտրային կազմակերպությունը, որն աշխատում է ռազմավարական հաղորդակցության, ապատեղեկատվության դեմ պայքարի և հասարակությունների դիմակայունության ուղղություններով։

Արտաքին միջամտության նպատակներն ու մեթոդները

Հաննես Ռում

PractNet-ի փորձագետ, լրագրող Հաննես Ռումը բացատրում է օտարերկրյա տեղեկատվական մանիպուլյացիաների և միջամտության՝ FIMI (Foreign Information Manipulation and Interference) հասկացությունը։ «Պարզ լեզվով ասած՝ դրանք թշնամաբար տրամադրված պետության փորձերն են՝ թուլացնելու այլ երկրներին ապատեղեկատվության տարածման և նրանց ներքին գործերին միջամտելու միջոցով»,- ասում է նա։

Ռումի խոսքով միջամտությունը կարող է ներառել տեղեկատվական հարթակների, հասարակական կազմակերպությունների, արհեստական բանականության գործիքների և այլ մեխանիզմների օգտագործում։ Նա որպես օրինակ մատնանշում է Ռուսաստանի գործողությունները ԵՄ երկրների նկատմամբ՝ դրանք կապելով հասարակությունների ներսում հակասությունները խորացնելու փորձերի հետ։

Էստոնիայի դիմակայունությունը․ կրթություն

Ռումը կարծում է, որ Էստոնիայի տեղեկատվական դիմակայունությունը ձևավորվել է երկարամյա փորձի շնորհիվ։ «Էստոնիան բավական լավ է պաշտպանված FIMI-ի ազդեցությունից, քանի որ մեր մեծ արևելյան հարևանը՝ Ռուսաստանը, մշտապես տեղեկատվական հարձակումներ է իրականացնում մեր դեմ 1991 թվականին անկախության վերականգնումից ի վեր։ Այդ պատճառով մեր քաղաքացիների վրա ազդելն ավելի դժվար է, քան, օրինակ, գերմանացիների կամ ֆրանսիացիների»,- ընդգծում է նա։

Էստոնական դպրոցներում տասնամյակներ շարունակ դասավանդվում է մեդիագրագիտություն, իսկ դասընթացների բովանդակությունը փոխվում է տեխնոլոգիաների զարգացմանը զուգահեռ։ Այժմ ուշադրության կենտրոնում է նաև արհեստական բանականությամբ ստեղծված բովանդակությունը։ Ռումն անձամբ տասնյակ դասեր է անցկացրել դպրոցներում՝ աշակերտներին սովորեցնելով ճանաչել ապատեղեկատվությունը։

Provereno.Media․ ստուգման գործիքները գործնականում

Իլյա Բեր

Հայ լրագրողների համար կազմակերպված աշխատարանը վարում էր Provereno.Media-ի փաստերի ստուգման մասնագետ Իլյա Բերը (Ilja Ber)։ Քննարկվեցին կասկածելի հրապարակումների ստուգմանը, FIMI-ի հնարավոր դրսևորումներին և դրանց արձագանքման եղանակներին վերաբերող թեմաներ։ Գործնական մեթոդներից էին լուսանկարների հակադարձ որոնումը, տեսանյութերի կադրերի ուսումնասիրությունը, հրապարակումների ժամանակագրության համեմատումը և բաց աղբյուրների ստուգումը։

Ռումը խորհուրդ է տալիս չվստահել նույնիսկ արտաքինից հեղինակավոր թվացող աղբյուրներին. «Միշտ մանրակրկիտ ստուգեք տեղեկատվության աղբյուրները՝ նախքան նյութը հրապարակելը, նույնիսկ եթե արտասահմանյան սկզբնաղբյուրն առաջին հայացքից վստահելի է թվում։ Օրինակ, արհեստական բանականության միջոցով համացանցում հաճախ ստեղծվում են կեղծ կայքեր, որոնք արտաքին տեսքով նման են խոշոր և հեղինակավոր լրատվամիջոցների կայքերին»։

Delfi․ փաստերի ստուգում և հետաքննություն

Ճանաչողական այցի կանգառներից էր Delfi լրատվամիջոցի հետաքննական լրագրության խմբագրությունը։ Փաստերի ստուգման լրագրող Մարտա Վունշի (Marta Vunš) հետ քննարկվեցին ապատեղեկատվության բացահայտման մեթոդները, լսարանի վստահության պահպանման սկզբունքներն ու ընտրությունների ժամանակ լրագրողների պատասխանատվությունը։

Վունշի խոսքով՝ Էստոնիայում ապատեղեկատվության խնդիրը համեմատաբար ավելի կառավարելի է, քան մի շարք այլ երկրներում։ Դրան նպաստում է հասարակության մեդիագրագիտության բարձր մակարդակը։ Սակայն լսարանի վստահությունը պահպանելու համար կարևոր է ոչ միայն անկախ և թափանցիկ լինելը, այլև այդ անկախությունն ու թափանցիկությունը տեսանելի դարձնելը։ «Երբ սխալվում ենք, պատասխանատվություն ենք ստանձնում և բացահայտորեն ուղղում սխալը»,- նշում է նա։

Մարտա Վունշ

Վունշն ընդգծում է նաև ապացույցների կարևորությունը․ լրագրողները չպետք է պնդումներ ներկայացնեն առանց բավարար հիմնավորումների՝ անկախ նրանից՝ խոսքը փաստերի ստուգման, թե հետաքննական նյութի մասին է։ Թափանցիկությունը վերաբերում է նաև լրատվամիջոցի սեփականատերերին, ֆինանսավորման աղբյուրներին և գործընկերություններին։ Օրինակ, Delfi-ն բացահայտ նշում է, որ իր փաստերի ստուգման նախագիծը մասնակցում է Meta-ի երրորդ կողմի փաստերի ստուգման ծրագրին, ինչպես նաև տեղեկացնում է Եվրոպական հանձնաժողովի միջոցներից ստացվող ֆինանսավորման մասին։

Ապատեղեկատվության աղբյուրը պարզելիս՝ Վունշը խորհուրդ է տալիս առանձնահատուկ զգուշությամբ վերաբերվել անանուն աղբյուրներից ստացված արտահոսքերին և հուզական, զարմանալի կամ սենսացիոն տեղեկություններին։ Նույնիսկ եթե լրագրողը գիտի փաստաթղթերը փոխանցած անձին, անհրաժեշտ է ստուգել փաստաթղթերի իսկությունը և նույն պնդումները հաստատող լրացուցիչ ապացույցներ գտնել։ Սոցիալական ցանցերում տարածվող տեղեկությունը կեղծ կամ քարոզչական անվանելուց, ինչպես նաև այն որևէ դերակատարի վերագրելուց առաջ պետք է ներկայացնել հիմնավորումները։

Մարտա Վունշի խոսքով՝ լրագրողները պետք է ճանաչեն տվյալ պահին տարածվող ապատեղեկատվական հիմնական թեզերը, այդ թվում՝ ռուսական քարոզչության բնորոշ նարատիվները։ Էստոնական լրատվամիջոցներում, նրա դիտարկմամբ, երբեմն եղել են դեպքեր, երբ ռուսական նարատիվները վերաշարադրվել են այնպես, կարծես դրանք լրագրողի սեփական դիտարկումներն են կամ ինքնուրույն նյութ։ Այդպիսի օրինաչափությունները, սակայն, հաճախ նկատելի են նաև լսարանի համար։

Վունշն ընդգծում է, որ ընտրությունների ընթացքում լսարանի հետ վստահելի կապը զրոյից ստեղծել հնարավոր չէ․ այն պետք է կառուցել ամեն օր՝ ընտրություններից շատ առաջ։ Delfi-ում արդեն նախապատրաստվում են 2027 թվականի մարտին կայանալիք խորհրդարանական ընտրություններին՝ մտածելով թեկնածուների, տեղեկատվական միջավայրի և ապատեղեկատվության լուսաբանման ձևաչափերի մասին։ Փաստեր ստուգողները, նրա խոսքով, պետք է արագ արձագանքեն ի հայտ եկող մանիպուլյացիաներին և օգնեն կողմնորոշվել այն մարդկանց, որոնք չգիտեն՝ ինչին հավատալ։

Ապատեղեկատվության նպատակը միշտ չէ, որ մարդկանց համոզելն է․ երբեմն բավական է կասկած ու շփոթություն առաջացնել, նվազեցնել վստահությունը լրատվամիջոցների և պետական հաստատությունների նկատմամբ։ Այդ պատճառով լրագրողի պարտականությունն է հստակ ասել նաև այն դեպքերում, երբ պնդումը հաստատող ապացույցներ չկան։ Միևնույն ժամանակ, Վունշը կարևորում է ընտրությունները կազմակերպող հանձնաժողովների, կառավարության և մյուս կառույցների նկատմամբ քննադատական վերաբերմունքը․ անկախ լրագրությունը պետք է ստուգի բոլորին, ոչ թե միայն մեկ կողմին։

Մարտա Վունշը որևէ հատուկ գործիք չի առանձնացնում, որը կարող է ինքնին ապահովել լսարանի վստահությունը։ Նրա համոզմամբ՝ դրա համար «կախարդական միջոց» չկա․ վստահությունը ձևավորվում է շարունակական աշխատանքի, թափանցիկության, ապացույցների վրա հիմնված հրապարակումների և սխալներն ընդունելու պատրաստակամության շնորհիվ։

Հասարակության «ճաքերը»՝ մանիպուլյացիայի թիրախ

«Ցանկացած պետություն և հասարակություն կարելի է համեմատել ճաքեր ունեցող ծաղկամանի հետ։ Արտաքին հակառակորդներն իրենց հարձակումներն ուղղում են հենց այդ ճաքերին, քանի որ այդ հատվածներում ցանկացած հասարակություն առավել խոցելի է»,- ասում է Ռումը։ Նրա դիտարկմամբ՝ Էստոնիայում հնարավոր խոցելիություններից է էթնիկ էստոնացիների և ռուսախոս բնակչության միջև լարվածությունը․ բնակչության մոտ 30 տոկոսը ռուսախոս է, և այդ խմբի մի մասը օգտվում է ռուսալեզու տեղեկատվական աղբյուրներից։

Հայաստանի մասին խոսելիս Ռումը ենթադրում է, որ շահարկման թեմա կարող է դառնալ արտաքին քաղաքական կողմնորոշման շուրջ բևեռացումը։ «Դատելով ընտրությունների արդյունքներից՝ կհամարձակվեմ ենթադրել, որ ձեր հասարակության ամենախոր ճեղքը երկրի հետագա զարգացման ուղղության շուրջ բևեռացումն է՝ դեպի Մոսկվա՞, թե՞ դեպի Արևմուտք»,- ասում է նա։ Նրա գնահատմամբ՝ Սահմանադրության հնարավոր փոփոխության թեման նույնպես կարող է թիրախ դառնալ։ Ռումը շեշտում է՝ պետության փոքր չափը ինքնին չի նշանակում ավելի մեծ խոցելիություն․ որոշիչ են ներքին հակասություններն ու դրանց շահարկումը։

Տեղական լրատվամիջոցներ․ մեդիա ասոցիացիա և Lääne Elu

Օլավի Սեյսոնեն

Ճանաչողական այցի ընթացքում հայ լրագրողները եղել են նաև Էստոնիայի Հաապսալու քաղաքում, որտեղ հանդիպել են քաղաքապետ Օլավի Սեյսոնենի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են քաղաքի և ամբողջ երկրի առջև ծառացած մարտահրավերները՝ ժողովրդագրական խնդիրներից մինչև քաղաքացիների մասնակցությունը երկրի ապագայի ձևավորմանը։

Ըստ քաղաքապետի՝ Հաապսալույի համար առաջնային խնդիրներից մեկը բնակչության թվի նվազումն է, որը մտահոգիչ է։

«Կարծում եմ՝ Էստոնիայի համար ամենակարևոր խնդիրներից մեկը բնակչության թվի նվազումն է։ Հաապսալուում բավարար թվով բնակիչներ չունենք։ Ուստի մենք պետք է քայլեր ձեռնարկենք այս խնդիրը լուծելու համար»,- ընդգծեց Օլավի Սեյսոնենը։

Խոսելով երկրի ապագայի մասին՝ քաղաքապետն ընդգծեց նաև քաղաքացիների պատասխանատվությունը՝ հատկապես ընտրություններին մասնակցելու միջոցով սեփական երկրի զարգացմանը նպաստելու հարցում։

«Ես միշտ մասնակցել եմ ընտրություններին, քանի որ քվեարկելը փոփոխություն անելու հնարավորություն է։ Եթե չես օգտվում այդ իրավունքից, ապա հետո դժգոհելն այնքան էլ ճիշտ չէ»,- նշեց նա՝ կարևորելով քաղաքացիների ակտիվ մասնակցությունը հանրային կյանքին։

Այվար Օեպա

Հաապսալու քաղաքում պատվիրակությունն այցելեց նաև Lääne Elu թերթի խմբագրություն։ Գլխավոր խմբագիր Այվար Օեպայի (Aivar Õepa) հետ զրույցը նվիրված էր համայնքային լրագրության առօրյային, տեղական լրատվամիջոցի աշխատանքին և ընտրությունների լուսաբանման փորձին։

Լրագրող Հաննես Ռումը հատկապես ընդգծում է մարզային լրագրողների դերը․ տեղեկատվական միջամտություն իրականացնողները կարող են որպես թիրախ օգտագործել յուրաքանչյուր տարածաշրջանի սոցիալական ու տնտեսական խնդիրները։ «Օրինակ՝ եթե որևէ մարզում գործունեության հիմնական ուղղությունը գյուղատնտեսությունն է, ապա հենց այնտեղ կարող է տարածվել գյուղատնտեսական թեմաներով ամենաշատ ապատեղեկատվությունը»,- նշում է նա։

Ըստ նրա՝ տեղական լրագրողները լավ գիտեն իրենց համայնքի առանձնահատկությունները և կարող են արագ նկատել որևէ խնդրի շահարկումը։ «Բայց հենց այդ պատճառով էլ տեղական լրագրողների վրա առանձնահատուկ պատասխանատվություն է դրված՝ պաշտպանելու իրենց տարածաշրջանը տեղեկատվական մանիպուլյացիաներից»,- ընդգծում է Ռումը։ Այս դիտարկումը կարևոր է նաև Հայաստանի մարզային խմբագրությունների համար, որոնք սահմանափակ ռեսուրսների պայմաններում հաճախ ավելի մոտ են տեղական աղբյուրներին ու խնդիրներին։

 

 

Նորություններ