«Գյումրու ռուսական ռազմաբազան կարող է դիմակայել ընդամենը 20 րոպե, եթե Թուրքիայի հետ պատերազմական իրավիճակ լինի»․ Սարիկ Մինասյան | Region

«Գյումրու ռուսական ռազմաբազան կարող է դիմակայել ընդամենը 20 րոպե, եթե Թուրքիայի հետ պատերազմական իրավիճակ լինի»․ Սարիկ Մինասյան

Հոկտեմբեր 28,2026 15:14

Այսօր խորհրդարանում լրագրողները «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության գյումրեցի պատգամավոր Սարիկ Մինասյանից հետաքրքրվեցին, թե ինչ կարծիք ունի Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանի հայտարարության վերաբերյալ, որից հետո ռուսական կողմը Առուշանյանի՝ «Իվաններ» արտահայտությունը որակել է որպես նացիստական։

«Մեջբերում է արել, կոնկրետ ռուս ազգին չի ուղղված։ Հիմա կարող է  Իվան չասեր, Ռաշիդ ասեր։  Ռուս ազգը մեզ բարեկամ ազգ է»,-այսպես է արձագանքել Մինասյանը։

Հարցին՝ եթե բարեկամական ազգ է, ապա ինչո՞ւ է իշխանությունը ընդդիմությանը վիրավորելու համար պարբերաբար նշում «Նիժնիյ Տապր», ասում եք՝ ռուսների ագետներն են․«Հարցերն ուղղեք պարոն Առուշանյանին։ Ես մեր թիմի որևէ անդամի կողմից չեմ նկատել, որ թշնամական վերաբերմունք ունենան ՌԴ-ի կամ ռուս ազգի նկատմամբ։ Դա քաղաքական է, կարծում եմ՝ կհարթվի»։

Ինչ վերաբերում է  «Կրեմլի ագենտ» արտահայտությանը, Մինասյանն ասաց, որ դա շրջանառվեց այն ժամանակ, երբ պարզվեց, որ Սամվել Կարապետյանը ռուսական ФСБ-ի հետ կապ ունի։

«Որպես գյումրեցի՝ կարծում եմ՝ Դավիթ Առուշանյանը հումորով ինչ-որ բան է նկատի ունեցել, այդպես համեմատություն է արել, հա՞։ Ես Դավիթ Առուշանյանի փոխարեն լինեի՝ կվիրավորվեի, կպահանջեի, որ ավելի բարձր մակարդակով արձագանքեն, որովհետև Վարդան Ղուկասյանի մասին խոսում է Ռուսաստանի Դաշնության արտգործնախարարը, անվտանգության խորհրդի քարտուղար Մեդվեդևը, իսկ մեր մարզպետի խոսքին արձագանքել է դաշնային խորհրդի նախագահը․ ավելի ցածր մակարդակ է, քան արտգործնախարարը»,-ասաց Մինասյանը։

Հիշեցնենք, որ  Դավիթ Առուշանյանը Գյումրու օրվա առթիվ «Ուժեղ Հայաստան»-ի կազմակերպած տոնական համերգի առիթով ֆեյսբուքյան գրառում էր արել․ «Մի քանի տեսախցիկ, մի քանի մտահոգ դեմք, մի քանի բարձրագոչ նախադասություն՝ «մեր Գյումրու» մասին, և ահա պատրաստ է հերթական քաղաքական ներկայացումը։
Մնում է միայն հանդիսատես գտնել։ Բայց այստեղ մի փոքրիկ անհարմարություն կա՝ Գյումրին ձեր «Նիժնի Տաբորը» չէ, իսկ գյումրեցին՝ ձեր «Իվանը»․․․»։

Լրագրողները նաև հետաքրքրվեցին՝ արդյոք որպես գյումրեցի համաձայն է, որ Գյումրու ռուսական 102-րդ բազան պետք է դուրս հանել, ինչին Սարիկ Մինասյանը պատասխանեց․«Ես չեմ որոշողը։ Գյումրու ռուսական 102-րդ բազան Գյումրիում անվտանգային որևէ խնդիր չի լուծում։ Տնտեսական ինչ-որ առումով աշխուժություն քաղաքում մտցնում է, բայց այստեղ մեկ հարց կա նաև՝  102-րդ ռազմաբազայի սպայական կազմը, ինչպես Հայաստանի Հանրապետության զինված ուժերի սպայական կազմը, օրենքով սահմանված կարգով ազատված է գույքահարկից։ Նրանք ունեն տրանսպորտային միջոցներ, գույքահարկ չեն վճարում, ազատված են, ինչպես հավասարեցված է ՀՀ զինված ուժերի սպայական կազմերի իրավունքի հետ։  Եթե անգամ այդ ինչ-որ չափով տնտեսական աշխուժություն կարող է մտցնել Գյումրու առօրյայում, նույն կերպ իրենք այդ գույքահարկը չեն վճարում, և եթե հաշվի առնենք, որ այս 102-րդ բազան Ռուսաստանի Դաշնությունը կամ Դաշնության նախագահը որոշի, որ պետք է դուրս գա, մեկը մյուսին կբալանսավորի, խնդիր չեմ տեսնում։ Ես, որքան փորձել եմ հետաքրքրվել և ուսումնասիրել 102-րդ ռազմաբազան, Աստված չանի, եթե Թուրքիայի հետ պատերազմական իրավիճակ լինի, ընդամենը կարող է դիմակայել 20 րոպե»։

Նորություններ