Նոյեմբերի 1-ից ՀՀ-ում գործարկվելու է բիոմետրիկ անձնագրի նոր համակարգը․հնարավոր է ինքնուրույն նկարվել, ինքնուրույն հանձնել մատնահետք | Region

Նոյեմբերի 1-ից ՀՀ-ում գործարկվելու է բիոմետրիկ անձնագրի նոր համակարգը․հնարավոր է ինքնուրույն նկարվել, ինքնուրույն հանձնել մատնահետք

Հոկտեմբեր 29,2026 17:14

Կառավարությունն ընդունել է «ՀՀ քաղաքացու անձնագրի և նույնականացման քարտի տրամադրման և տրամադրման մերժման կարգը, լրացուցիչ վճարի դիմաց ավելի սեղմ ժամկետում ՀՀ քաղաքացու անձնագրի և նույնականացման քարտի տրամադրման ժամկետը և լրացուցիչ վճարի չափը սահմանելու և ՀՀ քաղաքացու անձնագրի կամ նույնականացման քարտի տրամադրման ընթացքում մասնավոր գործընկերոջ ներգրավման մասին» որոշում։ Որոշման նպատակն է՝ ապահովել «Անձը հաստատող փաստաթղթի մասին» օրենքի 10-րդ հոդվածի 18-րդ մասի կատարումը՝ սահմանելով անձը հաստատող փաստաթղթի տրամադրման և տրամադրման մերժման կարգը և դրա իրականացման իրավակարգավորումների հստակեցումը և մեխանիզմները:

ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը նշել է, որ նոյեմբերի 1-ից ՀՀ-ում գործարկվելու է  բիոմետրիկ նոր համակարգը. «Ուզում եմ փաստել, որ այսօր և վաղը վերջին երկու օրերն են հնամաշ ենթակառուցվածքի գործարկման։ Մենք մոբիլիզացրել ենք մեր ամբողջ ռեսուրսը, որ մինչ այս պահը ստացած բոլոր դիմումները կարողանանք սպասարկել և տպագրել հին նմուշի փաստաթղթեր, իսկ նոյեմբերի 1-ից կկարողանանք նոր նմուշի փաստաթղթերը տրամադրել քաղաքացիներին»։

Նա տեղեկացրել է, որ մասնավոր գործընկերոջ հետ իրականացվել են աշխատանքներ՝ Եվրոպական միության  ստանդարտին համապատասխան փաստաթուղթ ունենալու համար։ «Նկարագրեմ ընթացակարգը՝ առաջին անգամ ներդրվելու է նախագրանցման ինստիտուտը, որպեսզի քաղաքացին մինչև գրասենյակ գալը կարողանա ամբողջ գործընթացն իրականացնել թվային պլատֆորմում՝ տնից կամ որևէ այլ վայրից, որտեղից իրեն հարմար կլինի։ Պետությունը՝ ի դեմս ՆԳՆ-ի, մինչև գրասենյակ մուտք թույլատրելը, բնակչության պետական ռեգիստրով կիրականացնի քաղաքացու ամբողջական ստուգումը։ Եվ պետության կողմից կանաչ լույս ստանալուց հետո միայն անձը կարող է այցելել մասնավոր գրասենյակ և ստանալ ծառայությունը»,-ասել է Արփինե Սարգսյանը՝ հավելելով, որ նախագրանցման շրջանակում գրասենյակ այցելելու համար մեյլին ստանալու են QR-կոդ։

Վճարումն ամբողջովին իրականացվելու է մինչև գրասենյակ այցելությունը։ «Անկանխիկ վճարման տրամաբանության մեջ պլատֆորմով պիտի իրականացնենք վճարումներ և գանք գրասենյակ, հանձնենք միայն մատնահետք, լուսանկարվել մասնավոր գործընկերոջ գրասենյակում, և այդքանով կավարտվի մեր գործարքը»,– ասել է ՆԳ նախարարը՝  կարևորելով նաև ինքնասպասարկման մեխանիզմ ունենալու հանգամանքը՝  Kiosks սարքերից օգտվելու հնարավորություն, որը թույլ կտա երկու պրոցեսներն էլ առանց որևէ ծառայողի հետ շփման ավարտել՝ ինքնուրույն նկարվել, ինքնուրույն հանձնել մատնահետք»,-ասել է նախարարը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ նոյեմբերից ամբողջ հանրապետությունում կգործի 14 գրասենյակ, որոնցից 2-ը՝ Երևանում։ Մայրաքաղաքի գրասենյակները կգործեն մոլերում։

«Հայաստանում բիոմետրիկ անձնագիր ունեցողները սահմանը հատելու են առանց սահմանապահի հետ որևէ կոնտակտի։ Հիմա մենք արդեն աշխատում ենք, որ «Զվարթնոց» օդանավակայանում կամ անցակետերում կենսաչափական անձնագիր ունեցողն անձնագիրը դնի, դուրս գա։ Իսկ այլ երկրներում՝ կախված նաև մեր երկկողմ պայմանավորվածություններից, օրինակ՝ կարող ենք Ֆրանսիայի կամ ԵՄ-ի հետ պայմանավորվել, որ տվյալների փոխանակում ենք իրականացնում։ Այսինքն՝ դրսում էլ գնալ-գալիս  սահմանային կետերը  քաղաքացին հատում է բիոմետրիկ անձնագրով»,- ասել է երկրի ղեկավարը՝ հավելելով, որ ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման գործընթացում այն ունի անկյունաքարային նշանակություն։

Արփինե Սարգսյանը տեղեկացրել է նաև՝ նրանք, ում անձնագիրը կամ նույնականացման քարտը դեռ վավեր է, կարող են այն օգտագործել մինչև վավերականության ժամկետի ավարտը։ Իսկ երբ ցանկություն ունենան ստանալու բիոմետրիկ փաստաթուղթ, պետք է հանձնեն իրենց մոտ եղած բոլոր փաստաթղթերը։

Նորություններ