«Պատասխանատվությունն իշխող ուժինն է».Սաքունցը մտահոգված է՝ Սահմանադրության նախագիծն ամբողջությամբ չի քննարկվել, սակայն ԱՆ-ն այն շուտով կհրապարակի
Նոր Սահմանադրության նախագիծը նախատեսվում է հրապարակել նոյեմբերին։ Այս մասին խորհրդարանում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, իսկ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ավելի վաղ ասել էր՝ նոյեմբերի կեսերին կհրապարակվի։ ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով Սահմանադրական բարեփոխումների խորհրդի աշխատանքներին՝ նախարարը նշել էր, թե խորհրդի անդամները պատրաստ չեն ստանձնելու տեքստի պատասխանատվությունը որպես համախումբ։ Հետևաբար, ըստ նրա, նախագիծը կհրապարակվի Արդարադատության նախարարության անունից, իսկ խորհրդի անդամները կպահպանեն իրենց կարծիքն ազատ արտահայտելու իրավունքը։
Սահմանադրական բարեփոխումների խորհրդի անդամ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը RegionsTV-ի հետ զրույցում մտահոգություն է հայտնում՝ նախագիծը խորհրդում ամբողջությամբ չի քննարկվել, և անհասկանալի է նախարարության՝ այն ամեն գնով շտապ հրապարակելու միտումը։
Չքննարկված առանցքային դրույթներ և անհիմն խոսքեր պատասխանատվության մասին
Սաքունցի փոխանցմամբ՝ մինչև Ազգային ժողովի ընտրությունները նախարարության հետ աշխատանքն ընթացել է շատ ինտենսիվ, բովանդակային ու արդյունավետ մակարդակով։ Սակայն ընտրություններից հետո իրավիճակը կտրուկ փոխվել է, այսինքն, ընտրություններից հետո ընդամենը մի քննարկում է եղել վերջերս։
Պետության և իշխանության հիմնարար սկզբունքները սահմանող առանցքային դրույթներ, ինչպիսիք են սահմանադրական կարգի հիմունքները, Անկախության հռչակագրին, ինչպես նաև Սահմանադրության երկրորդ ու երրորդ գլուխներին վերաբերող հարցերը, մասնագիտական խորհրդում լիարժեք քննարկում չեն անցել։
Անդրադառնալով նախարարի այն պնդմանը, թե խորհուրդը խուսափում է պատասխանատվությունից՝ իրավապաշտպանը դա անհիմն է համարում ու բացատրում է պարզ հերթականությունը․«Խորհուրդը պետք է մշակեր որոշակի տեքստ և ներկայացներ քաղաքական թիմին։ Ի վերջո, քաղաքական պատասխանատվության հասցեատերը իշխող քաղաքական ուժն է։ Տարօրինակ է խոսել խորհրդի անհատական կամ հավաքական պատասխանատվությունից մի իրավիճակում, երբ տեքստն ամբողջությամբ քննարկված չէ։ Խորհուրդը ԱԺ մտնող վերջնական տեքստի ներկայացնողը չէ. այն մշակողն է, իսկ թե ինչ փոփոխություններ կանի քաղաքական ուժը և ինչպես կներկայացնի խորհրդարան, վերջնական պատասխանատվությունն իրենք են կրում»։
Ինչ փոփոխություններ են առաջարկվում նոր նախագծում
Չնայած կազմակերպչական որոշ բացթողումներին՝ Արթուր Սաքունցն առանձնացնում է նախագծում արդեն իսկ քննարկված և դրական փոփոխություններից մի քանիսը, որոնց հիմքում ընկած է իշխանության տարանջատման և փոխզսպման սկզբունքը՝
Առաջարկվել է, որ դեսպանների թեկնածությունները պարտադիր քննարկվեն գլխադասային հանձնաժողովում (Սաքունցն անձամբ կողմ է եղել, որ դրանք նույնիսկ հաստատվեն Ազգային ժողովի կողմից)։
Եթե գործող Սահմանադրությամբ գլխավոր դատախազի թեկնածուին առաջադրում էր գլխադասային հանձնաժողովը, ապա նոր մոտեցմամբ դա անելու է հատուկ մրցութային հանձնաժողովը, որն էլ թեկնածուին կներկայացնի ԱԺ։
Եթե այժմ կառավարությունը կամ վարչապետը կարող են որոշել երկրից դուրս զինված ուժերը կիրառել, այսինքն միանձյան էր որոշվում հարցը, ապա նոր նախագծով դրա համար պարտադիր կլինի Ազգային ժողովի համաձայնությունն ու թույլտվությունը։
Կատարվել են փոփոխություններ Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնավարման ժամկետների հետ կապված։
Գործող Սահմանադրությամբ Բարձրագույն դատական խորհուրդը (ԲԴԽ) ԱԺ է ներկայացնում պարտադիր երեք դատավորի թեկնածու։ Նոր նախագծի տեքստում, ըստ Սաքունցի, ամրագրված է, որ ԲԴԽ-ն կարող է առաջադրել մեկից երեք թեկնածու։ Այսինքն՝ նախագիծը չի պարտադրում հենց երեք հոգու ներկայացնել, ինչպես հիմա է, և ԲԴԽ-ին հնարավորություն է տալիս իր հայեցողությամբ առաջադրելու նաև մեկ թեկնածու (առանց այլընտրանքի)։ Սաքունցը կողմնակից է հենց մեկ թեկնածուի տարբերակին, որպեսզի խորհրդարանը ոչ թե «ջոկի» առաջարկված երեքից, այլ կամ հաստատի տվյալ թեկնածուին, կամ հիմնավորված մերժի։ Ըստ իրավապաշտպանի՝ սա կուժեղացնի դատական իշխանության անկախությունը, իսկ քաղաքական ուժերի մրցակցությունը դատավորներ նշանակելու հարցում կտեղափոխվի ԲԴԽ-ի ներս։
Առաջարկվում է հանել Սահմանադրական դատարանի նախագահի տեղակալի պաշտոնը, քանի որ դրա անհրաժեշտությունը չկա, և նախագահի բացակայության դեպքում նրան կարող է փոխարինել ավագ դատավորը։
Սահմանադրությունը պետք է ծառայի պետությանը, ոչ թե կուսակցական շահերին
Քննադատելով գործող Սահմանադրությունը՝ Սաքունցն այն բնութագրում է որպես «պարբերաբար ճգնաժամեր ստեղծող, և ոչ թե լուծող» փաստաթուղթ։ Նա համոզված է, որ նոր Սահմանադրությունը պետք է կտրվի կուսակցական նեղ շահերից և դիտարկվի բացառապես որպես ժողովրդավարական, իրավական ու սոցիալական պետության կայունության երաշխիք։
Քանի որ մինչև պաշտոնական հրապարակումը դեռևս կան չքննարկված հոդվածներ, իրավապաշտպանը հույս ունի, որ նախքան վերջնական տեքստի հրապարակվելը, խորհուրդը կհասցնի անցկացնել լրացուցիչ հանդիպումներ և ամբողջացնել դատական իշխանությանն ու մյուս ոլորտներին վերաբերող բլոկները։
Նելլի ԲԱԲԱՅԱՆ
