Զղջալը կամ հաշտվելը չի փրկի․ բռնարարի նկատմամբ պարտադիր կնախաձեռնվի քրեական վարույթ և էլեկտրոնային հսկողություն | Region

Զղջալը կամ հաշտվելը չի փրկի․ բռնարարի նկատմամբ պարտադիր կնախաձեռնվի քրեական վարույթ և էլեկտրոնային հսկողություն

Հոկտեմբեր 31,2026 20:45

«Ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման ու ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրենքում և հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրենսդրական փաթեթով նախատեսվում է արմատապես ուժեղացնել բռնության ենթարկված անձանց պաշտպանության մեխանիզմներն ու խստացնել պատասխանատվությունը։

Regions TV-ի հետ զրույցում «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի» համակարգող Զարուհի Հովհաննիսյանը նշում է՝ փոփոխություններով խստացվող որոշ դրույթներ ճիշտ որոշում է, սակայն օրենքում դեռևս խնդիրներ կան։

Նրա գնահատմամբ՝ բռնարարին նախազգուշացնելու դրույթը տեղին էր օրենքից հանելը։

«Մինչ այս փոփոխությունը ոստիկանությունը պարզապես նախազգուշացնում էր, և դրանով հարցն ավարտվում էր։ Իսկ հիմա նախազգուշացման մեխանիզմը պետք է դուրս գա օրենքից, ինչը ընտանեկան բռնության դեպքում շատ ճիշտ որոշում է։ Ընտանեկան բռնությունն ունի այնպիսի վտանգավորություն, որ եթե բռնություն գործադրողին և բռնության ենթարկվածին թողնում ես միևնույն տարածքում ու որևէ միջոց չես կիրառում՝ սահմանափակվելով միայն նախազգուշացմամբ, բռնությունը, կարող է ավելի դաժան ընթացք ստանալ»,-ասում է իրավապաշտպանը։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 28-ին Ազգային ժողովը, ընդունվեց «Ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման ու ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրենքի փաթեթը, որտեղ առաջարկվում էր փոփոխություններ կատարել։  «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ներկայացրած փաթեթն ԱԺ օրակարգ մտավ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի՝ չորս ամիս առաջ սկսած արշավից հետո:

Ըստ ՀՀ ներքին գործերի նախարարության և ԱԺ հիմնավորումների, օրենսդրական փաթեթը նախատեսում է հետևյալ առանցքային կարգավորումները

  • Բացառվում է քրեական պատասխանատվությունից ազատվելը հաշտության հիմքով. Փաթեթով առաջարկվում է բացառել տուժողի հետ հաշտվելու կամ զղջալու հիմքով ընտանեկան բռնություն գործադրած անձին քրեական պատասխանատվությունից ազատելու հնարավորությունը։ Վարույթի շարունակականությունը չպետք է կախված լինի միայն տուժողի բողոքից։
  • Էլեկտրոնային հսկողություն բռնարարի նկատմամբ. Նախատեսվում է ներդնել էլեկտրոնային հսկողության մեխանիզմներ, որոնք կվերահսկեն բռնություն գործադրած անձին՝ տուժողին մոտենալու դեպքում, սրանով հնարավոր կլինի վերահսկել բռնարարի նկատմամբ սահմանափակումների պահպանումը։ Սա նաև թույլ կտա, որ տուժած անձը, բռնարարից պաշտպանվելու համար, ստիպված չլինի լքել իր բնակության վայրը։
  • Պարտադիր կանխարգելիչ հաշվառում. Բռնություն գործադրած անձինք կկանգնեն կանխարգելիչ հաշվառման և կմնան ոստիկանության ուշադրության կենտրոնում՝ նույնիսկ այն դեպքում, երբ տվյալ պահին բռնության կրկնման ռիսկը բացակայում է։
  • Պարտադիր վերականգնողական ծրագրեր. Բռնություն գործադրած անձանց համար կսահմանվեն վարքագծի փոփոխությանն ուղղված պարտադիր վերականգնողական ծրագրեր՝ հետագա կրկնությունը բացառելու նպատակով։
  • Ռիսկերի ավելի արդյունավետ գնահատում. Իրավապահներին հնարավորություն կտրվի ավելի արագ արձագանքել, իսկ պաշտպանական միջոցները կկիրառվեն այնքան ժամանակ, քանի դեռ իրական վտանգը պահպանվում է։

Զարուհի Հովհաննիսյանը թեև ողջունում է օրենքի փոփոխության այս փաթեթը, սակայն ընդգծում է՝ օրենքն ի սկզբանե ուներ խնդիրներ և հիմա էլ ունի, բայց այս փոփոխություններով որոշ խնդիրներ չեն վերանայվել։

«Մասնավորապես, բոլոր մասնագետները գիտեն, որ ընտանեկան բռնությունն առանձին երևույթ է և կենցաղային բռնության հետ առնչություն չունի։ Այն ունի ուժի և վերահսկողության իր համակարգը, դինամիկան, պարբերականությունն ու վտանգավորության աստիճանը՝ ի տարբերություն կենցաղային բռնության, որը ծագում է որևէ կոնկրետ խնդրի շուրջ և չունի շարունակականության ու վտանգավորության նմանատիպ աստիճան։   Բայց մեր օրենքում, ըստ էության, այդ հասկացությունները նույնացվել են. օրենքը կոչվում է «Ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման մասին», և հենց սկզբից հասկացությունների մեջ շփոթ կա։ Սա նշանակում է, որ ոստիկանությունը չի կարողանալու տարբերակել՝ ո՞րն է բարձր վտանգավորություն ունեցող ընտանեկան բռնությունը, և ո՞րն է ոչ այնքան վտանգավոր կենցաղային բռնությունը»,-ասում է Հովհաննիսյանը։

Միևնույն ժամանակ, իրավապաշտպանի ներկայացմամբ, ընտանեկան բռնության դեպքում նախազգուշացումն ավելի է մեծացնում վտանգը, մինչդեռ կենցաղային բռնության պարագայում, նույնիսկ լուրջ միջադեպերի ժամանակ, ոստիկանության նախազգուշացումն ու ուղղորդումը հաճախ օգնում են լուծել խնդիրը, և դրանով հարցն ավարտվում է։

Հովհաննիսյանն ասում է՝ ընտանեկան բռնության մասին օրենքը վաղուց կար, սակայն խնդիրն այն է, որ քրեական վարույթը նախաձեռնվում էր միայն տուժողի բողոքի հիման վրա, այլ ոչ թե ավտոմատ կամ դատախազի/ոստիկանության նախաձեռնությամբ։  Հիմա նոր փաթեթով դատախազի հայեցողությունից դուրս է եկել և ավտոմատ է վերածվում քրեական վարույթի։

«Օրինակ՝ եթե մարդիկ հաշտվում են, գնում են ու իրար հետ շարունակում ապրել, պետությունը միևնույն է պահպանում է մեղադրանքը՝ ասելով՝ դու իրավունք չունես իմ քաղաքացու նկատմամբ նման բան թույլ տալ։  Այնպես որ, երբ ցանկացած տիպի հանցագործություն դառնում է հանրային մեղադրանքի առարկա, դա նշանակում է, որ մեղադրողը պետությունն է, այլ ոչ թե տուժած անձը, ով պարզապես ասում է՝ «իմ նկատմամբ այսինչ բանն է տեղի ունեցել, պետություն, ուշադիր եղիր։ Այսինքն՝ փոխվում է հանցագործությանն ուղղված պետության հայացքն ու մոտեցումը»,-նշում է Հովհաննիսյանը։

2026 թվականի հունվարի 1-ից գործարկվել է ընտանեկան և  կենցաղային բռնություն գործադրած անձանց վերականգնողական ծրագիրը։ Ռեաբիլիտացման ծրագիրը նպաստելու է կանանց և երեխաների ապահովությանն ու անվտանգությանը, ընտանեկան և կենցաղային բռնություն գործադրած անձի վարքի փոփոխությանը՝ նվազեցնելով բռնության կրկնման ռիսկը։ Այս ծրագրի թիրախային շահառուներ դիտարկվելու են ընտանեկան եւ կենցաղային բռնություն գործադրած այն անձինք, որոնց նկատմամբ ոստիկանության կողմից կայացվել է նախազգուշացում, եւ որոնց նկատմամբ դատարանի կողմից կիրառվել է պաշտպանական որոշում։

Իրավապաշտպանը նկատում է՝ գործարկած այս ծրագրով արդեն կան դրական արդյունքներ․«Ցանկացած անձի հետ, ցանկացած խնդրով հնարավոր է մասնագիտական աշխատանք տանել։ Նույն մոտեցումն է գործում նաև կրիմինոլոգիայում։ Եթե, օրինակ, ազատազրկված անձի վարքագծի փոփոխության ուղղությամբ աշխատանք է տարվում ապա պետությունը պետք է անցնի վերականգնողական արդարադատության։ Նպատակն է հասկանալ խնդիրների արմատը, որպեսզի անձը կրկնահանցագործություն չկատարի։

Նույն էլ այստեղ է․ պետք է բացահայտենք այն պատճառները, որոնք մարդուն մղում են հանցագործության, և աշխատենք դրանց ուղղությամբ։ Ընդ որում, այդ աշխատանքն այժմ դառնում է պարտադիր։ Եթե մինչ այժմ ծրագրերը գործում էին կամավորության սկզբունքով պարտադիր է լինելու բոլոր նրանց համար, ովքեր ունեն բռնություն գործադրած անձի կարգավիճակ։ Նրանք պարտավոր են 5-օրյա ժամկետում դիմել ծրագրին՝ վարքագծային փոփոխությունների ամբողջ գործընթացն անցնելու համար։ Սա միտված է կրկնակի բռնության ռիսկը նվազեցնելուն, քանի որ տվյալ անձն արդեն իսկ բռնություն է գործադրել և ունի համապատասխան կարգավիճակ»։

Տիրուն Մարգարյան

Նորություններ