Խորհուրդը պատրաստ չէ պատասխանատվություն վերցնել Սահմանադրության նոր տեքստի համար․Գալյան | Region

Խորհուրդը պատրաստ չէ պատասխանատվություն վերցնել Սահմանադրության նոր տեքստի համար․Գալյան

Նոյեմբեր 02,2026 13:59

ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադառնալով նոր սահմանադրության տեքստում եկեղեցուն վերաբերող որոշմանը, որին սահմանադրական բարեփոխումների խորհրդից շատերը դեմ են եղել, հայտարարել է, որ այս պահին որոշում է կայացվել, որ եկեղեցու հետ կապված կարգավորումը պետք է նույնությամբ արտացոլվի նոր սահմանադրության տեքստում։

Նրա խոսքով՝ եղել են նաև այլ խմբագրական առաջարկներ, այլ հարցերի հետ կապված, որոնք խորհրդին առաջարկվել են, խորհրդի մի մասը կողմ է եղել, մի մասը դեմ էին եղել․«Եվ մենք նույն կոնցեպտով աշխատելով շարժվելու ենք առաջ»։

Հիշեցնենք, որ 2025 թվականի հունիսին Ալեն Սիմոնյանը, որն այն ժամանակ դեռ ԱԺ նախագահն էր, չէր բացառել, որ նոր Սահմանադրությամբ կվերանայվի Հայ առաքելական եկեղեցու բացառիկ առաքելության մասին դրույթը։

Ամռանը Գալյանը հարցազրույցներից մեկում վստահեցրել էր․«Նախագծով առաջարկում ենք նույնությամբ պահպանել եկեղեցու վերաբերյալ հոդվածը… առաջարկում ենք այդ հոդվածում որևէ փոփոխություն չանել»։

Նշենք, որ Գործող Սահմանադրության 18-րդ հոդվածով պետությունը ճանաչում է Հայ առաքելական եկեղեցու՝ որպես ազգային եկեղեցու բացառիկ առաքելությունը հայ ժողովրդի հոգևոր կյանքում, ազգային մշակույթի զարգացման և ազգային ինքնության պահպանման գործում։

Գալյանն այսօր ասել է, որ խորհրդում ներգրավված են կառավարության ներկայացուցիչներ, դատական իշխանության ներկայացուցիչներ, մարդու իրավունքների պաշտպանը, Ազգային ժողովից գործընկերներ են ներգրավված․«Ընդ որում, ուրախությամբ պետք է նշեմ, որ ընդդիմադիր, այո, Ենգոյանը, տիկին Ենգոյանը, որը հենց սահմանադրական իրավունքի մասնագետ է, եթե չեմ սխալվում, և նաև քաղաքասարակության ներկայացուցիչներ են ներգրավված, նաև Էդմոն Մարուքյանը, նաև ունենք Հանրապետություն կուսակցությունից ներկայացուցիչ, այսինքն կազմն այնպիսին է, որ կարելի է պարզ, պարզորոշ կերպով հասկանալ, որ կոնսենսուսային մոտեցումներ չեն լինելու։ Հնարավոր է լինեն որոշ հարցեր, որ այդ կոնսենսուսը ձեռք բերվի, հնարավոր է լինեն հարցեր, որ կոնսենսուսը ձեռք չբերվի, և հետևաբար այստեղ պատասխանատուն, մենք ենք»։

Պատասխանելով լրագրողի դիտարկմանը, որ ընդդիմադիր ուժերը դեմ են նոր Սահմանադրությանը և դրա հետ կապված հանրաքվեին, Գալյանն ասել է. «Հանրաքվեն ժողովրդավարության իրացմանն ուղղված գործիք է և կարծում եմ, որ քաղաքական ուժերը չպետք է զսպող կամ կանխարգելիչ դեր ունենան ուղիղ ժողովրդավարության իրականացման համատեքստում, այսինքն չպետք է արգելակեն ժողովրդավարության իրականացմանը»։

Նրա խոսքով՝ ընդդիմության առաջ քաշած դիսկուրսը, թե սահմանադրության փոփոխությունը Ալիևի պահանջով է, արդեն իրեն սպառել է. «Մենք ունենք մեր ներքին օրակարգը, ունենք կառավարության ծրագիրը, որում արտացոլված է նոր Սահմանադրության նախագիծ մշակելու հետ կապված դրույթ, և մենք մեր հանձնառությունը ստանձնած լինելով առաջ ենք շարժվում»։

Հարցին՝ երբ վարչապետը հայտարարեց, որ իր հանձնարարությամբ արդարադատության նախարարությունում սահմանադրության նախագիծ է պատրաստվում, սա արդյոք նշանակում է, որ խորհուրդը, հանձնաժողովը այն, ինչ նախարարությունում պատրաստվում է, դրա հետ կապ չունի, նախարարը պատասխանեց․ «Մենք մինչ այս պահը ինչ գրել ենք որպես տեքստ, նախարարությունում քննարկել ենք խորհրդի անդամների հետ։ Բազմաթիվ անգամ առիթներ եմ ունեցել ասելու, որ քննարկված շատ հարցեր որոշվել են, այսինքն՝ թե ինչպիսի ձևակերպումներ պետք է նախագծում լինեն, հենց որոշվել են խորհրդի կողմից։ Հիմա որոշում ունենք խորհրդի հետ աշխատանքները շարունակել․ վերջին հանդիպումը վերջերս ենք հրավիրել։ Խորհրդի անդամների բարձրաձայնած հարցադրումներն էլ նաև այս համատեքստում էին, թե արդյոք խորհուրդն է տեքստի համար պատասխանատվություն ստանձնելու, թե ոչ։ Բայց իմ ընկալումը թերևս այն էր, որ մեր գործընկերները պատրաստ չեն պատասխանատվություն վերցնել․ խոսքը բոլոր գործընկերների համախմբի մասին է և ոչ թե անհատական պատասխանատվության։ Եվ ես առաջարկել եմ հետևյալ տարբերակը, որ մենք կշարունակենք աշխատանքը տեքստի շուրջ, տեքստը կհրապարակվի Արդարադատության նախարարության անունից, և խորհրդի անդամները, իհարկե, ազատ կլինեն արտահայտել իրենց կարծիքը որևէ դրույթի վերաբերյալ։ Մեզ համար այս պրոցեսում ներառականությունը անչափ կարևոր է, և մենք պատրաստվում ենք չքննարկած յուրաքանչյուր հարց քննարկել խորհրդի հետ։ Դրա համար ունենք բավականին մեծ ժամանակ, որովհետև տեքստը հրապարակելը չի նշանակում, որ մենք անմիջապես ձեռնամուխ ենք լինելու քարոզարշավին»։

Նորություններ