Սա պետք էր Ռուսաստանին՝ Թուրքիայի հետ երկխոսություն սկսելու համար, միջնորդը՝ Բաքուն, իր բաժինն էր ստանալու | Region

Սա պետք էր Ռուսաստանին՝ Թուրքիայի հետ երկխոսություն սկսելու համար, միջնորդը՝ Բաքուն, իր բաժինն էր ստանալու

Ապրիլ 29,2016 12:30

ԳԱԼԱ-ի զրուցակիցն է քաղաքագետ Լեւոն Շիրինյանը:

-Պարոն Շիրինյան, խնդրում եմ բնորոշեք՝ ի՞նչ վիճակ է հիմա ստեղծվել ԼՂ խնդրի հարցով: Մինչեւ Լավրովի այցը խոսում էին բանակցությունների մասին, հիմա փաստորեն Հայաստանն այս պահի դրությամբ հրաժարվեց բանակցություններից: Հայտարարված է հրադադար, բայց սահմանին կրակում են:

-Ստեղծված վիճակը կբնորոշեմ այսպես՝ սպասողական վիճակ, ԼՂ կոնֆլիկտի եւ՛ ուղղակի, եւ՛ անուղղակի մասնակիցները հիմա իրենց դիրքորոշումն են ճշգրտում: Մեկը, որը շատ բան չի կորցրել, Ռուսաստանն է: Որովհետեւ Ռուսաստանը չհասավ այն նպատակին, որ հայկական բանակը ջախջախվեր եւ իրենց վզից հերթական անգամ կախ ընկնեինք, իրենք էլ մեզ լավություն անեին՝ հայտնի չէ, թե որտեղ՝ Արաքսի ափին, թե այլ տեղ: Այդ նպատակը չի իրականացել: Պուտինյան մտահղացումը բացարձակորեն ձախողվել է, եւ կարող ենք ասել՝ առաջին անգամ է, որ Ռուսաստանն իր հաշվարկների մեջ սխալ դուրս եկավ, եւ ՌԴ-ին սխալվել ստիպողը հայ զորահրամանատարներն էին, սպայական եւ զինվորական մասը, ի նկատի ունեմ կոնկրետ Արցախի ՊԲ-ն՝ իր հրամանատարներով, սպաներով, զինվորներով, ովքեր հօդս ցնդեցրին այն դավադրությունը, որը նախատեսված էր:

—Իսկ ի՞նչ էր նախատեսված, ի՞նչ սցենար պիտի գործեր, որը տապալվեց:

-Ես համոզված եմ, որ այս գործընթացն անհրաժեշտ էր Ռուսաստանին՝ Թուրքիայի հետ երկխոսություն սկսելու համար: Եվ այդ միջնորդը Բաքուն էր եւ բնականաբար Բաքուն իր բաժինն էր ստանալու:

-Լավրովի այցին հաջորդեց Ս. Սարգսյանի հարցազրույցը «Բլումբերգ» գործակալությանը, եւ ադրբեջանական կողմը սկսեց հրապարակել տեղեկություններ, որ հայկական կողմն ակտիվ ռազմական գործողություններ է սկսել: Ինչ-որ բան փոխվեց, կարելի է ենթադրել, որ «Լավրովի լուծումը» դուր չեկավ պաշտոնական Երեւանին:

-Դուր չեկավ Արցախին: Արցախի ՊԲ-ն ոչ միայն հակառակորդին մտահղացման մեջ եւ ռազմաճակատում ջախջախեց, այլ նաեւ կարգի հրավիրեց Հայաստանի քաղաքական շրջանակներին, որոնք պատրաստ էին այդ վիճակով բանակցելու: Արցախը միանշանակ հայտարարեց, որ այդ տարածքի տեղն ինքն է, չի կարող լինել տարածքային որեւէ զիջում, եթե ընդարձակում չլինի: Իսկ ինչ էր մնում մյուսներին այդ դեպքում, մնում էր, որ «Բլումբերգին» հարցազրույց տային եւ հայտնեին հայ ժողովրդի դիրքորոշումը: Բայց բացի վերնախավից ոչ մեկն այդ տատանումը չի ունեցել: Դա վերաբերում է այն հատվածին, ովքեր կոռումպացված են, ովքեր ինչ-ինչ խնդիրներ ունեին, ովքեր քաղաքականությունից խելքները չի հասնում, բայց բախտները բերել է, եւ քաղաքականության մեջ են հայտնվել:

Հիմա, կրկնում եմ, սպասողական վիճակ է, չստացվեց ռուս-թուրքական հանդիպումը, Անկարան եւ Մոսկվան Բաքվում պետք է հանդիպեին եւ սկսեին խոսել: Ինքնաթիռի խոցումից հետո, դա նոյեմբերի 24-ին էր, ռուսները մեծ-մեծ խոսեցին, ասացին, ոնց որ թե Դարդանելն էին միջուկային զենքով բացում, հայտարարում էին, որ լոլիկով չեն բավարարվելու, բայց ստացվեց, որ թուրքերի դիմաց ստորացան: Թուրքիան զիջումների չգնաց, ներողություն չխնդրեց եւ ստեղծված վիճակում ՌԴ-ն սկսեց որոնել հանդիպման եզրեր՝ օգտվելով նաեւ Թուրքիայի վարչապետի հայտարարություններից: Տեսան, որ ինչ-որ մեսիջներ են ուղարկում, իրենք էլ գնացին դրան. մեջտեղը Արցախն էր, որը պիտի զոհվեր:

Բայց Արցախի բանակի հրամանատարությունը, կրտսեր սպայից մինչեւ բանակի գլխավոր հրամանատար, Լեւոն Մնացականյանը եւ Բակո Սահակյանը բացարձակապես հօդս ցնդեցրեցին նախատեսված պլանը, եւ առաջացավ նոր վիճակ:

-Եվ ստեղծված նոր իրավիճակում որո՞նք են լինելու հայկական կողմի քայլերը:

-Ստեղծված այս նոր վիճակում մենք ոչ թե պետք է խոսենք արդեն լավ պաշտպանվելու մասին, այլ պարտավոր ենք Կուր-Արաքսյան հանրապետության հիմնարկեքն անել, եւ զորքը պետք է պատրաստ լինի առաջ շարժվել, մինչեւ թալիշներն ապստամբեն եւ Ադրբեջանը կփլվի: Իսկ դա մենք կարող ենք անել: Մեր բանակի գործողությունները ցույց են տալիս, որ մենք ի վիճակի ենք:

—Հիմա հայկական կողմի պաշտոնական շրջանակները չեն հաղորդում, բայց ադրբեջանական լրատվամիջոցներն ակտիվորեն գրում են ԼՂ կողմից ռազմական գործողությունների մասին:

-Եթե դա արվում է որպես պատժիչ գործողություններ ի պատասխան իրենց նենգությունների, դա բավարար չէ, մենք պետք է ունենանք ռազմաքաղաքական այն դոկտրինան, որ պետք է Ադրբեջանը փլվի: Եթե չարեցինք, մենք այս մղձավանջից դուրս չենք գա: Պետք է խփել թալիշյան նախկին հանրապետությանը եւ ոչ մեկին չպիտի նայել: Մեզ որ ցեղասպանել են, ոչ մեկը չի հարցրել ոչ մեկին՝ ցեղասպանե՞լ, թե՞ ոչ:

—Հիմա Ռուսաստանը կարծես չեզոք դիրքորոշում ունի:

-Նախագիծը տապալվել է, Թուրքիայի հետ մերձեցումը չի եղել, հաշտեցում չստացվեց: Սպասվում էր, որ քաղաքակրթությունների համաժողովում հավանաբար Էրդողան կամ Դավութօղլու, Պուտին կամ Մեդվեդեւ հանդիպելու եւ բանակցելու էին:

Իսկ Արցախը հօդս ցնդեցրեց այդ պլան-նախագծերը: Հիմա ուզի-չուզի Ռուսաստանը չպիտի խոչընդոտի:

—Եթե չլիներ Արցախի կոշտ դիրքորոշումը, հնարավոր է ՀՀ ղեկավարությունն ընդուներ այս վիճակով երկխոսելու առաջարկը: Նման տեղեկություններ կարծես թե նաեւ հրապարակվեցին, որ Ս. Սարգսյանի՝ Ստեփանակերտ այցի ժամանակ լուրջ խոսակցություն եւ անախորժություններ է եղել Արցախի քաղաքական ղեկավարության, պատգամավորների հետ:

Այս նույն տրամաբանության մեջ կարելի է դիտարկել նաեւ Ս. Սարգսյանի՝ «Բլումբերգին» տված հարցազրույցի այն հատվածը, որով արդարանում էր կարծես, որ 2011 թ.-ին ինքը պատրաստ է եղել տարածքներ զիջելուն:

-Սա կարծես այն ժամանակ էլ մեկնաբանվեց հետեւյալ կերպ, որ Ս. Սարգսյանը համաձայն է եղել կազանյան փաստաթղթին, որովհետեւ վստահ է եղել, որ Ադրբեջանը մերժելու էր: Սովորաբար այս տրամաբանությամբ են առաջնորդվում բանակցությունների ժամանակ:

Բայց այն, որ Հայաստանի որոշ շրջանակներ կան, վաշխառուական կապիտալի հատվածն է դա, որը միշտ հայրենիքն օտարելու տրամադրություն ունի, դա էլ է անժխտելի:

Կրկնում եմ՝ այս կռիվը՝ ապրիլյան կռիվը, սկսել են Ռուսաստանը եւ Թուրքիան՝ Բաքվի համաձայնությամբ:

—Թուրքիայի նախագահը Խորվաթիայում լրագրողների հարցերին ի պատասխան ակնարկներ ուղղեց Ռուսաստանին՝ ասելով, որ Ադրբեջանը նման չէ ոչ Վրաստանին, ոչ Ուկրաինային, ապա հավելեց, որ Ռուսաստանը նույնիսկ Ուկրաինայում չկարողացավ իր ուզած արդյունքին հասնել՝ միայն Ղրիմում:

-Ռուսներն, այո, «ստավկան» դրել էին Ադրբեջանին խրախուսելու վրա, հարյուր տոկոս է սա: Ինչ մնում է Թուրքիայի նախագահի այս հայտարարությանը, Արցախի ժողովուրդը ցույց տվեց, որ միայն չնմանը Արցախի բանակն էր, մնացածը բոլորն իրար նման են: Սա եզակի մի պատերազմ է, որ ոչ մի զինվոր չի նահանջել, ոչ մեկը թիկունք չի դարձրել: Իսկապես հայ զինվորն ու ժողովուրդը ոչ մեկին նման չէ: Տաղանդավոր շարժ է կատարվել, եւ դա մենք ենք կատարել, մեր զինվորն ու մեր գեներալը: Մնացածը սխալվել են:

-«Կոմերսանտը» գրել էր, որ հայկական կողմի պատճառով ԼՂ հակամարտության կարգավորման Մոսկվայի նախաձեռնած բանակցությունները հետաձգվում են, որոնց մասին հայտարարել էին Մոսկվան եւ Բաքուն: Ըստ Ձեզ՝ պաշտոնական Մոսկվան ինչպե՞ս կարձագանքի:

-Պետք է իրենց ասվեր՝ հերթական անգամ դավը մի լարեք: Հենց դրա համար շատ կուզեի, որ մեր գեներալիտետը բանակը շարժեր մինչեւ Կուրի ափը եւ ոչ մեկին չլսեր: Աշխարհը միշտ այդպես է՝ կընդունի այնպես, ինչպես կա: Դարավոր բարեկամությունից են բարբաջել, ով է տեսել դա: Հիմա մոտավորապես այսպես է եղել, նշանդրեք պիտի լիներ, երկու խնամիների գործը փչացրել է Արցախի բանակը: Խայտառակություն է: Հարսանիքի ծախս են արել, հարսը չի ուզում: Այս իրավիճակն է:

Ս. Սարգսյանը դեռ մի շանս ունի՝ երկու բան պետք է անի, առաջին՝ պետք է հայտարարի շարժվել առաջ մինչեւ վերջ, եւ երկրորդ՝ պետք է հայտարարի արդիականացման կուրսի մասին՝ վերափոխումներ արմատական, քանի որ Հայաստանը չի կարող լինել այսպիսի երկիր: Հիմա մենք պիտի գնանք առաջ ու կտեսնենք՝ աշխարհում մեր պատիվն ինչպես կբարձրանա:

Հարցազրույցը՝ Քրիստինա Մկրտչյանի

Նորություններ