Եղել են դիմորդներ, որոնք էլեկտրոնային տարբերակում փոխել են իրենց գնահատականը, ծնողներին ցույց տվել, բարձր են ստացել․ԳԹԿ-ն ամփոփում է միասնական քննությունների արդյունքները | Region

Եղել են դիմորդներ, որոնք էլեկտրոնային տարբերակում փոխել են իրենց գնահատականը, ծնողներին ցույց տվել, բարձր են ստացել․ԳԹԿ-ն ամփոփում է միասնական քննությունների արդյունքները

Օգոստոս 01,2025 15:41

Հունվարի 15-ից մինչև հուլիսի 10-ը տեղի ունեցած միասնական քննություններին մասնակցել է 41500-ից ավելի դիմորդ։ Այս մասին այսօր «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում հայտնեց Գնահատման և թեստավորման կենտրոնի փոխտնօրեն Կարո Նասիբյանը։

Նրա ներկայացմամբ՝ ընդունելության քննությունների երկու մրցույթ կա, մեկը, Նասիբյանի խոսքով՝ հիմնական մրցույթն է, երկրորդը լրացուցիչ թափուր տեղերի մրցույթը․« Հիմնական մրցույթից դրական միավորներով դուրս մնացած դիմորդները իրավունք ունեն լրացուցիչ փուլի մրցույթին մասնակցել, հայտագրելով մինչև վեց բուհ և մասնագիտություն։ Մենք ավարտել ենք նաև լրացուցիչ փուլի մրցույթի կազմակերպումը և ունենք արդեն ընդհանուր պատկերը»։

Նրա խոսքով՝ այս տարի պետական և ոչ պետական բուհերին հատկացված էր 2142 անվճար տեղ, վճարովի՝  9984 տեղ։ Երկրորդ և երրորդ փուլերում հայտագրվել են 16011 դիմորդներ։

ԳԹԿ փոխտնօրենի ներկայացրած տվյալների համաձայն՝ երկու դրական գնահատականներով չեն ընդունվել 1999 դիմորդ, նրանք այն դիմորդներ են, որոնք կարող էին մասնակցել լրացուցիչ փուլի մրցույթներին։ Անբավարար գնահատական ստացածների թիվը երկու քննություններից 1227 է և մեկ քննությունից 1797։

Իսկ ներբուհական քննություններում, որոնք կազմակերպվում են արվեստի, մշակույթի, ֆիզիկական կուլտուրայի, սպորտի մասնագիտությունների բուհերում, դիմորդների թիվը եղել է 2069, որից 753 դիմորդ չի ընդունվել։

Միասնական քննությունների արդյունքով բուհ է ընդունվել 7719 դիմորդ,  ներբուհական քննություններով՝ 2069։ Ըստ Նասիբյանի՝ երբ հիմնական փուլի մրցույթի արդյունքները արդեն հայտնի  դարձան, պարզվեց, որ 2355 թափուր տեղ կա, անվճար՝ 264 և վճարովի՝ 2091։

Նրա խոսքո՝ մրցույթի լրացուցիչ փուլում հայտագրվել է 1478 դիմորդ, մոտ 500 դիմորդ չի հայտագրվել․« Դրանք հավանաբար այն դիմորդներն են, որոնք իրենց գնահատականները կարող են պահել հեռակա ուսման մրցույթի մասնակցելու համար, կամ այն դիմորդներն են, որոնք մի մասը արդեն հատկապես տղաները զորակոչվել են բանակ»։

Ըստ Նասիբյանի՝ բուհ է ընդունվել 1182 դիմորդ, այդ թվում ներբուհական քննություններով՝ 24 հոգի, երկու փուլերի մրցույթների արդյունքում դուրս է մնացել   296 դիմորդ, որոնք ունեցել են դրական գնահատականներ, սակայն որևէ բուհ չեն ընդունվել․«Լրացուցիչ փուլի, այսինքն երկրորդ մրցույթը կազմակերպելուց հետո թափուր են մնացել ընդհանուր առմամբ 1174 տեղ, անվճար 219 և վճարովի 955 տեղ»։

Նրա խոսքով՝ ընդհանուր առմամբ մասնագիտությունների ընտրության հարցում պատկերը գրեթե նույնն է, ինչ նախորդ տարիներին՝ տնտեսագիտություն, միջազգային հարաբերություններ, իրավագիտություն․«Շատ ուրախալի է, որ այդքան շատ դիմորդներ կարողանում են ընդունվել Պոլիտեխնիկ»։

Գյուղոլորտի մասնագիտությունները քիչ են հետաքրքրում դիմորդներին, Ագրարային համլասարանում յոթ մասնագիտությունների գծով տեղերը թափուր են, օրինակ՝պարենամթերքի տեխնոլոգիա, ագրոէկոլոգիա, բույսերի պաշտպանություն, անտառային տնտեսություն և բնակավայրերի կանաչապատում, անասնաբուժական սանիտարական փորձաքննություն։

Նա պատմեց, որ եղել են դեպքեր, երբ դիմորդները կարողացել են էլեկտրոնային տարբերակում փոխել իրենց գնահատականը և ծնողներին ցույց տալ, թե բարձր են ստացել․«Նրանք քննություններից հետո հաջողվել է ժամանակավոր խաբել իրենց ծնողներին, իրենց գնահատականը էլեկտրոնային տարբերակում փոխել են, ծնողին ներկայացնում են ուրիշ գնահատական, հետո ծնողին դնում են անհարման դրության մեջ, երբ գալիս են ԳԹԿ, մենք նրանց ցույց ենք տալիս բնագիրը, նրանք սուսուփուս հեռանում են։ Սրանք հատուկենտ դեպքեր են»։

Նորություններ