Պատանեկան ԵԱ․ Գրիգոր Ղազարյանը՝ ոսկե մեդալակիր

Հայաստանի ծանրամարտի պատանիների հավաքականի անդամ Գրիգոր Ղազարյանն, ով այս տարի դարձել էր աշխարհի չեմպիոն, այժմ նաև Եվրոպայի չեմպիոն է:
Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդում ընթացող պատանիների Եվրոպայի առաջնության տղաների 84 կգ քաշային կարգում Հայաստանի ընտրանու անդամ Գրիգոր Ղազարյանը պոկում վարժությունում երեք հաջող մոտեցում ունեցավ` 140 կգ, 145 կգ, 148 կգ: Պոկում վարժության երրորդ մոտեցմամբ` 148 կգ, Ղազարյանը սահմանեց պատանիների Եվրոպայի նոր ռեկորդ: Պոկում վարժությունում հայ ծանրորդը նվաճեց ոսկե մեդալ:
Հրում վարժության առաջին մոտեցմամբ Ղազարյանը բարձրացրեց 180 կգ` սահմանելով Եվրոպայի նոր ռեկորդ հրում վարժությունում ու երկամարտում: Ղազարյանը թարմացրեց սեփական ռեկորդը` հրում վարժությունում գլխավերևում պահելով 185 կգ ու 190 կգ: Այս ձևում ևս նա ոսկե մեդալակիր է:
Երկամարտի 338 կգ արդյունքով` Գրիգոր Ղազարյանը 2025 թվականի պատանիների Եվրոպայի առաջնության չեմպիոն է: