«Կտրուկ թանկացումների գինը վճարում է ՀՀ քաղաքացին»․ Թադևոս Ավետիսյան

«Արտաքին ապրանքաշրջանառության, արտահանման և ներմուծման մեր հիմնական ուղղությունը անցնում է Վերին Լարսի ճանապարհով։ Այժմ էլ տասնամյակներ շարունակ եղած խնդիրներին ավելանում են նորերը։ Արդեն տեսանք, թե ձմեռվա ամիսներին ինչ դժվարություններ ունեցան Հայաստանից ապրանք արտահանողներն ու ներմուծողները՝ պայմանավորված ճանապարհների անանցանելիությամբ ու թողունակության որոշակի հարցերով»։ Այս մասին RegionsTV-ի հետ զրույցում նշեց տնտեսագետ, ԱԺ պատգամավոր Թադևոս Ավետիսյանը:
«Ակնհայտ է, որ կան նաև խնդիրներ, որոնք պայմանավորված են աշխարհաքաղաքական հարցերով, ոչ միայն Ռուսաստան մուտքի, այլ նաև Վրաստանից տարանցիկ բեռներ փոխադրելու իմաստով։ Եթե նմանատիպ իրավիճակը տևական ժամանակ շարունակվի, դա կարող է բերել ոչ միայն ներմուծվող ապրանքների, այլ նաև ներմուծման բաղադրիչ ունեցող տեղական արտադրանքի դեֆիցիտի ու գնաճի»,-շարունակեց Ավետիսյանը։
Նրա խոսքով՝ վերջինը խնդրին բախվեցին ծաղիկ արտահանողները, և դա բերել է ծաղիկի գնի էական նվազման, ինչը տնտեսական իմաստով վնասաբեր է․ արտադրողներն ու այդ գործունեությամբ զբաղվող մեր քաղաքացիները ունենում են տնտեսական լուրջ կորուստներ։ «Այս խնդիրները պարբերական բնույթ ունեն, ամբողջապես չեն լուծվում, ինչի հետևանքները կրում են ոչ միայն արտահանողները, այլ նաև այն տնտեսվարողները, ովքեր ուղղակիորեն կապված են արտահանման հետ։ Ներմուծման խնդիրները բերում են գնաճի, շուկայի տատանումների, ինչն էլ ընդհանուր առմամբ իր բացասական հետևանքն է ունենում ողջ հանրության վրա»,-ընդգծեց Թադևոս Ավետիսյանը։
Հարցին՝ ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկի կառավարությունը նման իրավիճակներից խուսափելու և գնային կտրուկ տատանումները բացառելու համար, Ավետիսյանն արձագանքեց․ «Վերոնշյալ բոլոր խնդիրները պետք է լուծվեն բանակցային եղանակով։ Պետական մարմինները պետք է արդյունավետ բանակցեն, առաջ մղեն միջազգային համաձայնագրերի դրույթները։ Որպես պետություն մենք ունենք իրավունքներ, ունենք պարտականություններ, որոնք միջազգային առևտրի շրջանակներում պետք է առաջ մղեն ու իրականացնեն պետական մարմինները։ Ողջ ծավալով, պատշաճ ու արդյունավետ կերպով պետք է կատարեն իրենց գործը»։
Խոսելով հեղուկ գազի շուկայում արձանագրված գնաճի մասին, պատգամավորն ասաց՝ վերջին երկու-երեք տարում այն վերածվել է ոիսկային շուկայի, մշտապես ականատես ենք լինում դեֆիցիտային վիճակի, չնայած այն հանգամանքին, որ ՀՀ-ը տնտեսությամբ փոքր երկիր է, չունի սպառման մեծ ծավալներ, ու ցանկության դեպքում շատ իրատեսական է այնտեղ կայունության պահպանումը։
«Հենց այս ամենից է բխում այն, որ ներկրողներն օգտվում են իրենց մենաշնորհային դիրքերից, ու մենք հաճախակի ականատես ենք լինում գնաճային վիճակի։ Կա նաև պետական մարմին՝ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը։ Այն հանրային միջոցներից սնվող պետական մարմին է, որը լիարժեք կերպով չի կատարում իր գործառույթները, ինչի հետևանքը կրում ենք բոլորս, կտրուկ թանկացումների գինը վճարում է ՀՀ քաղաքացին»,-եզրափակեց Թադևոս Ավետիսյանը։
Հիշեցնենք, որ Վերին Լարսի անցակետում կրկին բեռնատարների կուտակումներ են։ Հերթում սպասող բեռնատարներից շուրջ 1400-ը հայկական են, որոնց թվում կան նաև սննդամթերք և առաջին անհրաժեշտության ապրանքներ տեղափոխող մեքենաներ։ Որոշ աղբյուրների փոխանցմամբ՝ խցանումների պատճառն այս շրջանում դեպի Հայաստան ու Վրաստան զբոսաշրջիկների մեծ հոսքն է։
Այս ֆոնին Հայաստանում զգալի գնաճ է գրանցվել հեղուկ գազի շուկայում։ Կարճ ժամանակում հեղուկ գազի գինը 120 դրամից հասել է մինչև 180, տեղ-տեղ նաև 200 դրամի։
Նիկոլ Մարգարյան