Մարատ Աճեմյանն ու Զավեն Մեժլումյանը՝ ըմբշամարտի Մ17 տարեկանների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիրներ

Աթենքում ընթացող առաջնության 55 կգ քաշայինների պայքարում Աճեմյանը բրոնզե մեդալի համար գոտեմարտում 11:0 հաշվով վստահ հաղթանակ է տարել Թուրքիայի ներկայացուցչի նկատմամբ: Մինչ այդ էլ Եվրոպայի Մ17 տարեկանների չեմպիոնը սփոփիչ գոտեմարտում 8:0 հաշվով առավելության էր հասել Եգիպտոսը ներկայացնող մարզիկի նկատմամբ:
60 կգ քաշային Զավեն Մեժլումյանը, որն իր նորամուտն էր նշում միջազգային ասպարեզում, բրոնզե մեդալի համար պայքարում 5:2 հաշվով հաղթել է ուկրաինացի ըմբիշին: Մեժլումյանը սփոփիչ գոտեմարտում 5:0 հաշվով առավելության էր հասել մեքսիկացի ըմբիշի նկատմամբ:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի պատանեկան հավաքականի անդամ, 65 կգ քաշային Ջանես Նազարյանը Մ17 տարեկանների աշխարհի առաջնությունում դարձել էր ոսկե մեդալակիր:
Ըմբշամարտի Մ17 տարեկանների աշխարհի առաջնությունը կտևի մինչև օգոստոսի 3-ը: Հաջորդիվ մրցագորգը կտրամադրվի ազատ ոճային ըմբիշներին։