Արցախցիները մտավախություն ունեն, որ ՀՀ քաղաքացիություն ընդունելով՝ կարող է փակվել Արցախ վերադարձի հեռանկարը. Արտակ Բեգլարյան | Region

Արցախցիները մտավախություն ունեն, որ ՀՀ քաղաքացիություն ընդունելով՝ կարող է փակվել Արցախ վերադարձի հեռանկարը. Արտակ Բեգլարյան

Մարտ 14,2024 17:12

Աբսուրդ ու վտանգավոր է պնդել, որ արցախահայությունը չի ցանկանում ՀՀ քաղաքացիություն ընդունել՝ ՀՀ զինված ուժերում չծառայելու նպատակով։

Այս մասին ֆեյսբուքյա իր էջում գրել է Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը՝ ի պատասխան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին ասուլիսի պնդման։

Նա նշել է, որ հոկտեմբերից հազարավոր արցախցիներ ցանկացել են մտնել զինծառայության, բայց նրանց մերժել են՝ ստիպելով ընդունել քաղաքացիություն․

«Վստահ եմ, որ կարիքի դեպքում, անկախ իրավական կարգավիճակից, արցախցիների ճնշող մեծամասնությունը զենք կվերցնի և կպաշտպանի Հայոց Հայրենիքը:

2. Առաջիկա տարիներին արցախահայության շրջանում ժամկետային զինծառայության տարիքի տղաների թիվը չի գերազանցելու մի քանի հազարը: Հետևաբար, Փաշինյանի փաստարկի տրամաբանությունը հասկանալի չէ, թե ինչու ժողովրդի մնացած գերակշիռ մասը չի ցանկանում ընդունել քաղաքացիություն, եթե իրենց ընտանիքներում ժամկետային զինծառայության տարիքի տղաներ չկան:

3. Իրականում, բացի մի մասի սոցիալական բնույթի մտավախություններից, ճնշող մեծամասնությունը մտավախություն ունի, որ ՀՀ քաղաքացիություն ընդունելով կարող է փակվել Արցախ վերադարձի հեռանկարը: Ուստի, եթե ցանկանում եք, որ արցախցիները զանգվածայնորեն ընդունեն ՀՀ քաղաքացիություն, ապա պետք է ապահովել մեր հավաքական վերադարձի քաղաքական պահանջն ու քայլերը ՀՀ կողմից: Արցախցին ցանկանում է ապրել Արցախում՝ անվտանգ ու արժանապատիվ կերպով, և պետք չէ լրացուցիչ չափով հարվածի տակ դնել այդ հնարավորությունը:

4. Պետք է խիստ զգույշ լինել արցախցիների հանդեպ լրացուցիչ բացասական տրամադրություններ չխթանելու հարցում՝ խուսափելով անհիմն ու արհեստական ընդհանրացումներից»:

Նորություններ