«Գյումրիի տեքստիլ արտադրության զարգացման հիմքը դրել են ցեղասպանությունից փրկված որբ երեխաները»․ Արտաշես Բոյաջյան
Այսօր ցեղասպանության 111-րդ տարելիցն է։ Շուրջ մեկուկես միլիոն հայ սպանվեց 1915-1923 թթ., իսկ մնացյալ հատվածը կա՛մ բռնի կերպով հավատափոխ եղավ, կա՛մ ապաստան գտավ տարբեր երկրներում: Այդ կոտորածները ծրագրվեցին և կազմակերպվեցին Օսմանյան կայսրությունում երիտթուրքերի, իսկ հետագայում ավարտին հասցվեցին քեմալական կառավարության կողմից:
Հայ ժողովրդի պատմության ամենաողբերգական շրջանի մասին զրուցել ենք էթնոաշխարհագետ Արտաշես Բոյաջյանի հետ։ Նա Regions TV-ի հետ զրույցում պատմում է՝ Ցեղասպանությունը իրականացվել է մի քանի փուլերով և զոհերի վերաբերյալ դեռևս հստակ թիվ չկա, բայց մենք կանգնել ենք մեկ ֆիքսված թվի վրա՝ 1․500․000-ի վրա։ Նա ընդգծում է՝ մենք Ցեղասպանությունը պետք է հիշենք ոչ թե մեխանիկորեն հիշելու համար, այլ որպեսզի դասեր քաղենք, ապագայում նման իրավիճակում չհայտնվելու համար։
«Մենք Օսմանյան կայսրության կամ պարսկական տիրապետության տակ գտնվելով՝ եղել ենք երկրորդ, երրորդ կարգի ազգ, այսինքն՝ չենք օգտվել այն առավելություններից այնպես, ինչպես մահմեդականները։ Հետագայում կրթության մակարդակը բարձրացնելով, ազգային ազատագրական պայքարը ուժեղացնելով, մենք խոչընդոտել ենք Օսմանյան կայսրության ծրագրին և նրանք նախադրյալ են ստեղծել պատերազմի համար։ Այստեղ եղել է ազգային, սոցիալական և կրոնական հիմք։ Այս երեքը գումարելով՝ երիտթուրքերը որոշեցին, որ խնդիրն ազգային ազատագրական պայքարն է և այն կարելի է լուծել միայն հայերին ոչնչացնելով»,-ասում է մասնագետը։
Նա հիշեցնում է՝ միայն հայերին չեն ցեղասպանել, ցեղասպանել են նաև հույներին, քրդերին, եզդիներին․«Քրդերն էլ են մասնակցել ջարդերին, բոլորը շարժվել են ՝ «չկա հայ, չկա խնդիր» կարգախոսով։ Երբ առաջացավ Հայկական հարցը, Բեռլինի կոնգրեսից հետո, սկսվեցին խոշոր ծավալի ջարդերը։ 1890-ական թվականներին, ըստ պատմաբանների ներկայացրած տվյալների, 300,000-ը անցնում են, ինչը բերեց արևմտյան Հայաստանից ներգաղթի դեպի արևելյան Հայաստան։ Ցեղասպանության գագաթնակետը 1915 թվականն է, որը շարունակվել է մինչև 1922-23 թվականները»։
Էթնոաշխարհագետը պատմական դրագներ է պատմում՝ թուրքական բանակը մտել է նաև Ալեքսանդրապոլ, որտեղ ևս հայ ժողովորդը կոտորածի է ենթարկվել։
«Թուրքական բանակը Ալեքսանդրապոլ մտավ 1918 թվականի մայիս-դեկտեմբեր ամիսներին, հետո 1920-ի նոյեմբեր -1921թվականի ապրիլ ամիսներին։ Այդ ժամանակ մեծ կոտորածներ են եղել, 100․000-ից ավել զոհ ենք ունեցել։ Այսինքն, ոչ միայն Արևմտյան Հայաստանում են եղել ջարդեր»,-ասում է էթնոաշխարհագետը։
Նա պատմում է, որ 1918 թվականին, երբ գաղթականները եկել են Ալեքսանդրապոլ, բնակիչների թիվը 75․000-ից անցել էր, բայց հայերի մի մասը ոչ թե Արևելյան Հայաստանում են բնակություն հաստատել, այլ մեկնել են նաև Վրաստան։
Ալեքսանդրապոլում ջարդերից հետո ստեղծվել են որբանոցներ, որոնք գոյատևել են մինչև 1929 թվականը։ Արտաշես Բոյաջյանը պատմում է, որ այդ որբանոցները բացվել են ԱՄՆ օգնությամբ, որբերի թիվը Ալեքսանդրապոլում 15․000-ից ավել է եղել։ Հետաքրքիր մի բան՝ այնտեղ տաբեր տարիքի երեխաներ են եղել, և համեմատաբար ավելի տարիքով մեծ երեխաները մյուսներին սովորեցրել են արհեստներ, աղջիկներին՝ կար ու ձև, տղաներին՝ արհեստագործություն։ Երբ խորհրդային կարգերը հաստատվեցին, չարգելվեցին ամերիկյան կազմակեպությունների գործունեությունը մինչև 1929 թվականը։ Իսկ փակվելուց հետո որբերին «բաշխել են» տարբեր տեղեր․ մի մասին տարել են Ստեփանավան, մյուսին՝ Թիֆլիս, երրորդին՝ Հրազդան և այլն»,-պատմում է էթնոաշխարհագետը։
Գյումրիում տեքստիլ արտադրության զարգացման գործում մեծ ներդրում ունեն այս որբ երեխաները։ Արտաշես Բոյաջյանն ասում է․«Մեր քաղաքի տեքստիլ արտադրության զարգացման հիմքը դրել են մեր որբ երեխաները, իրենց ներդրումից հետո հաջորդները և նույնիսկ իրենք դարձել են խոշոր գիտնականներ, արվեստի ներկայացուցիչներ, գրողներ, ուսուցիչներև այլն»։
Հայոց Ցեղասպանության հետևանքների ծանրությունն իր վրա կրեց նախ Ալեքսանդրապոլի գավառը, որը սահմանամերձ էր Թուրքիային, հենց Ալեքսանդրապոլում ապաստանեցին թուրքական ջարդերից ու տեղահանություններից փրկված տասնյակ հազարավոր գաղթականներ:
Ալեքսանդրապոլը դարձել էր աշխարհի մեծագույն որբանոցը: Պատմագիտական ուսումնասիրությունները փաստում են, որ 1914-ից մինչև 1931 թվականը Ալեքսանդրապոլի գավառում խնամվել է ավելի քան 25.000 արևմտահայ որբ: Գավառն ունեցել է 8 որբանոց: Փաստաթղթային վկայություններ կան այն մասին, որ երեխաների մի մասն ապրել է բաց երկնքի տակ:
Տիրուն Մարգարյան
