ՍԴ-ն հրապարակել է ընտրությունների արդյունքների վիճարկման վերաբերյալ ամբողջական որոշումը | Region

ՍԴ-ն հրապարակել է ընտրությունների արդյունքների վիճարկման վերաբերյալ ամբողջական որոշումը

Հուլիս 07,2026 23:03

Սահմանադրական դատարանը հրապարակել է հունիսի 7-ի ընտրությունների արդյունքների վիճարկման վերաբերյալ որոշումը՝ ամբողջությամբ։

Հիշեցնենք՝ ավելի վաղ ՍԴ-ն որոշել է ուժի մեջ թողնել ԱԺ ընտրությունների արդյունքների վերաբերյալ ԿԸՀ որոշումը։

Դատարանն արձանագրել է, որ ընտրախախտուﬓերի առկայության հնարավորության կամ դրանց ազդեցության մասին ենթադրությունները, ինչպես նաև նման ընտրախախտուﬓերի դրվագային դրսևորուﬓերը չեն կարող բավարար լինել դիմողին առաջադրվող ապացուցման շեմը բավարարված համարելու դատողության, հետևաբար՝ Սահմանադրական դատարանի կողﬕց այդ հանգամանքը քննության առարկա դարձնելու համար:

Սահմանադրական դատարանը նշել է, որ Ազգային ժողովի ընտրությունների արդյունքներով ընդունված որոշման հետ կապված վեճի լուծման դեպքում նախատեսվել է հատուկ կանոն, ըստ որի՝ դիմող կողմի ներկայացրած տեղեկությունները համարվում են հավաստի, որը գործում է բացառապես ներքոնշյալ երկու նախապայմանների միաժամանակյա առկայության պարագայում.

-պատասխանող կողմը հրաժարվում է դրանց վերաբերյալ իր դիրքորոշումն արտահայտելուց,

-դրանք չեն հերքվում Սահմանադրական դատարանի կողմից ձեռք բերված, տվյալ գործով որոշում ընդունելու համար էական նշանակություն ունեցող այլ ապացույցներով:

Այսինքն՝ նշված երկու նախապայմաններից նույնիսկ մեկի բացակայության պարագայում չի գործում դիմող կողմի ներկայացրած տեղեկությունների հավաստիության կանխավարկածը:

ՍԴ-ն անդրադարձել է նաև ընտրական շրջանում հարուցված քրեական վարույթներին, և դրանցով պայմանավորված «հնարավորությունների հավասարության սկզբունքի խախտմանը»։

Որոշման մեջ նշվում է՝ իրավապահ մարմիններին օրենքով վերապահված գործառույթների իրականացումը չի կարող կախվածության մեջ դրվել ընտրությունների և վերջիններիս նախորդող ժամանակահատվածից, ինչպես նաև համապատասխան վարույթով անցնող անձի քաղաքական հայացքներից․ «Մյուս կողմից, խնդրո առարկա հարցի համատեքստում քրեական արդարադատության գործիքակազմը կիրառելիս պետք է բացառվեն օրենքից չբխող հայեցողական դրսևորումները»։

Դատարանն անդրադարձել է նաև ընտրական շրջանում ենթադրյալ կոռուպցիոն դրսևորումներին և Հակակոռուպցիոն կոմիտեի կողմից հրապարակվող տեսանյութերին։

«Սահմանադրական դատարանը, որևէ հետևություն չանելով ընտրական գործընթացի շրջանակներում առերևույթ կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ հաղորդված դեպքերում ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի, դրանց ղեկավարների կամ համակիրների ներգրավվածության վերաբերյալ, արձանագրում է, որ Հայաստանն ունի տասնամյակների համատարած ընտրական կոռուպցիայի ծանր սոցիալական ժառանգություն։ Սահմանադրական դատարանն այս իրավիճակն ընտրական գործընթացի որևէ մասնակցի չի վերագրում, փոխարենը՝ մատնանշում է համակարգային խնդրի առկայությունը։ Նախընտրական քարոզչության ողջ ժամանակահատվածում (բայց ոչ միայն) իրավապահ մարմինները հրապարակայնորեն և բազմիցս տեղեկացրել ու զգուշացրել են ընտրական միջավայրում ընտրակաշառքի մասին, հրապարակել գաղտնալսված խոսակցություններ և ընտրողներին կոչ արել չներգրավվել հանցավոր գործունեության մեջ։ Այդ առնչությամբ ընտրական գործընթացի մասնակից մի շարք քաղաքական ուժեր որևէ պահի հրապարակայնորեն կոչ չեն արել ընտրողներին մերժել իրենց օգտին կաշառելու ցանկացած փորձ, չեն սահմանազատվել հրապարակված դեպքերից և չեն գործակցել իրավապահ մարմինների հետ համապատասխան պրակտիկայի դեմ։ Այդ կրավորականությունը սահմանադրական արժեքների նկատմամբ հավատարմությունից բխող, ընտրական գործընթացի մասնակից յուրաքանչյուր քաղաքական ուժից ակնկալվող ակտիվ անհանդուրժողականության հակապատկերն է»,-արձանագրել է դատարանը։

Միևնույն ժամանակ ՍԴ-ն գտել է, որ իրավապահ մարմինները, քրեական վարույթի նպատակների տեսանկյունից անհրաժեշտության բացակայության դեպքում, առնվազն մինչև ընտրության օրը ներառյալ պետք է ձեռնպահ մնային հայտնաբերված ենթադրյալ հանցավոր արարքների և դրանց ենթադրյալ կատարողների մասին հաղորդագրություններում ընտրությունների մասնակից քաղաքական ուժի անվանումը հիշատակելուց:

Թիվ 10/51 և 35/65 ընտրատեղամասերում վերաքվեարկության նշանակումը, ըստ դատարանի, ինքնանպատակ չպետք է լինի․ «Օրենքով նախատեսված չափանիշը պահանջում է գնահատել, թե արդյոք արձանագրված խախտուﬓերը կարող էին ազդեցություն ունենալ ընտրությունների ընդհանուր արդյունքի վրա»։

ԲՀԿ-ի այն պնդումը, որ ընդամենը 153 ձայն է պակասել ուժին, որպեսզի այն ԱԺ-ում ներկայացված լինի, ըստ ՍԴ-ի, բավարար փաստարկ չէ, չի կարող բավարար հիմք հանդիսանալ ընտրությունների ընդհանուր արդյունքի վրա Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համապատասխան որոշուﬓերի հնարավոր ազդեցության վերաբերյալ հետևության համար։

«Սահմանադրական դատարանն ընդգծում է, եթե վերաքվեարկությունն անցկացվում է այնպիսի պայմաններում, երբ ընտրողներն արդեն տեղեկացված են քվեարկության նախնական արդյունքների մասին, ապա այն դադարում է ծառայել ընտրողների սկզբնական կամքի վերարտադրմանը և կարող է վերածվել նոր իրավաքաղաքական իրավիճակում նոր կամարտահայտության»,-ընդգծում է որոշման մեջ։

ՍԴ-ն անդրադարձել է նաև այլ հարցերի, որոնք բարձրացրել էին դիմումատուները։

Որոշումն ամբողջությամբ՝ այստեղ։

Նորություններ