Ռոբերտ Ղևոնդյան․«Արծվաշենի ռազմավարական նշանակությունը չի զիջում ադրբեջանական երեք անկլավներին» | Region

Ռոբերտ Ղևոնդյան․«Արծվաշենի ռազմավարական նշանակությունը չի զիջում ադրբեջանական երեք անկլավներին»

Օգոստոս 08,2026 15:05

Բաքուն շատ լավ տեղյակ է, որ Փաշինյանը չի կարող փոխել Հայաստանի Սահմանադրությունը, և մանիպուլյատիվ նպատակներով շարունակում է խոսել Սահմանադրության փոփոխման անհրաժեշտության մասին։ Այս կարծիքին է Անվտանգային քաղաքականության հետազոտությունների կենտրոնի փորձագետ Ռոբերտ Ղևոնդյանը։

Նրա խոսքով՝ Հայաստանի Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելն արդեն տևական ժամանակ Ադրբեջանի պայմանն է Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու համար։

«Եթե Ադրբեջանի շահերը, Ալիևի կլանի շահերը, ադրբեջանական իշխանական էլիտայի շահերը համընկնեն միջազգային առանցքային խաղացողների շահերի հետ, Ադրբեջանը պարզապես կհիշի, որ Հայաստանում կա Սահմանադրական դատարանի որոշում, և նրանք այլևս չեն պահանջի Սահմանադրության փոփոխություն, կգան ու կստորագրեն խաղաղության պայմանագիրը»,-REGIONSTV-ի հետ զրույցում ասում է Ռոբերտ Ղևոնդյանը։

Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը հայտարարել է, թե այժմ Հարավային Կովկասում խաղաղություն է տիրում, իսկ Հայաստանն աստիճանաբար ընդունում է նոր աշխարհաքաղաքական իրողությունն ու գիտակցում Ադրբեջանի և Թուրքիայի հետ հարաբերությունների կարևորությունը։ Թուրքական Haber Global հեռուստաալիքին տված հարցազրույցում էլ Հաջիևը նշել է, որ առաջիկայում Հայաստանում կարող է սկսվել նոր Սահմանադրության ընդունման գործընթաց։ Նրա խոսքով՝ Բաքուն ազդակներ է ստանում Հայաստանում նոր Սահմանադրության վերաբերյալ հնարավոր հանրաքվեի անցկացման մասին և ակնկալում է փոփոխությունների իրականացում երկրի հիմնական օրենքում, «որոնք տարածքային պահանջներ են նախատեսում Ադրբեջանի, ինչպես նաև Թուրքիայի նկատմամբ»։

Ռոբերտ Ղևոնդյանը նկատում է, որ հայտնի փաստ է, որ «Քաղաքացիական պայմանագիրը» և Փաշինյանը պատրաստվում են փոխել Սահմանադրությունը, Հաջիևը խոսում է դրա մասին և ոչ մի այլ բանի, ինչը կարող է գաղտնիք լինել․« Քանի դեռ ընթանում են բանակցային գործընթացները, Հաջիևը, Բայրամովը, Ալիևը և ադրբեջանական իշխանությունների այլ ներկայացուցիչներ խոսելու են այն մասին, որ խաղաղության պայմանագրի ստորագրման համար անհրաժեշտ է փոխել Հայաստանի Սահմանադրությունը»։

Քաղաքական անվտանգության հարցերով փորձագետը նշում է, որ «Հայաստանում շատ երկար ժամանակ խոսվում էր այն մասին, որ մենք պատրաստվում ենք հանրաքվե անցկացնել։ Մինչ ընտրությունները Սահմանադրության փոփոխության մասին հայտարարեցին Փաշինյանը և Հայաստանի արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը։ Փորձագետը հիշեցնում է՝ Փաշինյանը բացահայտ ասում էր, որ եթե ունենանք սահմանադրական մեծամասնություն, ապա աշնանը կլինի հանրաքվե, բայց իրավիճակն այնպես դասավորվեց, որ «Քաղաքացիական պայմանագիրը» սահմանադրական մեծամասնություն չունի։ Կարծում եմ՝ այս հարցը որոշ ժամանակով փակված է այն պատճառով, որ ռուսամետ ընդդիմությունը կամ Հայաստանում Ռուսաստանի շահերը ներկայացնող քաղաքական ուժերը դարձան խորհրդարանի միակ ինստիտուցիոնալ ընդդիմությունը»։

Ռոբերտ Ղևոնդյանն ընդգծում է՝ 2023 թվականից Ադրբեջանի նախագահ Ալիևը Հայաստանի Սահմանադրության փոփոխությունը նշում է որպես խաղաղության պայմանագրի կնքման գլխավոր պայմաններից մեկը։ Ըստ նրա՝ դա արվում է նրա համար, որպեսզի միջազգային հանրությունը չափազանց մեծ ճնշում չգործադրի Ադրբեջանի վրա, և որպեսզի Ադրբեջանը մոտ ապագայում չստորագրի խաղաղության պայմանագիրը, հետո իրավիճակը փոխվեց, և խաղաղության պայմանագիրը հետաքրքիր դարձավ նաև Ադրբեջանին։ Բայց, ինչպես նշում է Ղևոնդյանը, տվյալ պահին այդ շահերն այնքան էլ կարևոր չեն Ադրբեջանի համար, որ վերցնի ու ստորագրի, ուստի  Ալիևն ու մյուս պաշտոնատար անձինք շարունակում են խոսել Սահմանադրության փոփոխության անհրաժեշտության մասին։

Քաղաքագետի կարծիքով՝ տարածաշրջանում իրավիճակը մնում է բարդ և բազմաշերտ․«Ադրբեջանը փորձում է իրեն ամրագրել տարածաշրջանում կայունության երաշխավորի դերը։ Բայց դա չի նշանակում տարածաշրջանային անկայունության նոր փուլ, որովհետև Հայաստանն ու Վրաստանը միմյանց նկատմամբ փոխադարձ պահանջներ չունեն։ Պահանջներ կան Ադրբեջանի և Հայաստանի, ինչպես նաև Ադրբեջանի և Վրաստանի միջև։ Ադրբեջանը չի պատրաստվում, առնվազն այս պահին, այդ պահանջները վերածել բաց հակամարտության կամ գնալ էսկալացիայի ճանապարհով։ Ադրբեջանը, հավատարիմ մնալով խաղաղությանը, տարածաշրջանում ապահովում է ոչ հակամարտային իրավիճակ և պահպանում ստատուս քվոն։ Այնպես որ, այո, այս պահին Ադրբեջանը խաղաղության երաշխավորն է, բայց դա չի նշանակում, որ եթե Հայաստանը կամ Վրաստանը հակամարտություն ունենան որևէ կողմի հետ, Ադրբեջանը կպաշտպանի այդ հակամարտության կողմերից մեկին»։

Ռոբերտ Ղևոնդյանը գտնում է, որ այս պահին հակամարտության աղբյուր կարող է լինել միայն Ադրբեջանը։ Հատուկ ուշադրություն Ղևոնդյանը հրավիրում է սպառազինության հարցին։ Նա չի ենթադրում, թե այս պահին Ադրբեջանը զինվում է Հայաստանի դեմ։

«Այն սպառազինությունը, որին Ադրբեջանը տիրապետում է վերջին 3-4 տարիներին, բավարար էր Հայաստանին որևէ բան պարտադրելու համար։ Այն փաստը, որ Ադրբեջանը դա չարեց, խոսում է այն մասին, որ այդ նոր շարունակվող գնումները ուղղակիորեն Հայաստանի դեմ ուղղված չեն։ Անշուշտ, եթե հակամարտություն ծագի, Ադրբեջանն այդ ամենը կօգտագործի վերջինիս դեմ։ Բայց հնարավոր է հակամարտություն Ադրբեջանի և Իրանի միջև, հնարավոր է հակամարտություն Ադրբեջանի և Ռուսաստանի, Վրաստանի և Ադրբեջանի լրիվ այլ հարևանների միջև։ Հայաստանի հետ հակամարտությունը նույնպես հնարավոր է։ Սա հաշվի առնելով՝ Հայաստանը նույնպես շարունակում է զինվել։ Հայաստանը շատ արագ տեմպերով նոր սպառազինություն է գնում։ Մենք տեսել ենք այդ սպառազինության մի մասը այս տարվա մայիսի 28-ի շքերթի ժամանակ։ Այնպես որ սա նորմալ գործընթաց է։ Եվ մտածել, թե Ադրբեջանը նոր սպառազինություն է գնում և անպայման հարձակվելու է Հայաստանի վրա, չի համապատասխանում փաստերին։ Եթե Ադրբեջանը ցանկանար հարձակվել Հայաստանի վրա այս պայմաններում, ապա կհարձակվեր նախքան նոր սպառազինություն գնելը։ Տեսնենք, եթե իրավիճակը փոխվի և նման հավանականություն առաջանա, Հայաստանը պետք է կարողանա պաշտպանվել»,- նշում է փորձագետը։

Այնուամենայնիվ, Ղևոնդյանը հիշեցնում է, որ Ադրբեջանում երբեք ոչ ոք չի ասել, թե իրենք մտադիր չեն հեռանալ օկուպացված տարածքներից։ Նրա կարծիքով՝ սահմանների դելիմիտացիայի և դեմարկացիայի գործընթացում Ադրբեջանն առանց տարբերակների կհեռանա այդ տարածքներից, երբ գործընթացը հասնի այդ վայրերին։ Նա նշում է՝ արդեն կա նախադեպ, երբ Տավուշում դեմարկացիայի ժամանակ Ադրբեջանը հեռացավ որոշ չեզոք տարածքներից, որոնք զբաղեցնում էր 90-ականներից։ Ընդ որում, սահմանազատման վերաբերյալ Հայաստանի և Ադրբեջանի միջև վավերացված համաձայնագրում գրված է, որ գործընթացը տեղի է ունենալու Ալմա-Աթայում համաձայնեցված սկզբունքով։

«Հայաստանն ու Ադրբեջանն արդեն համաձայնեցրել են 20 քարտեզ, որոնք հաստատված են հայկական, ադրբեջանական և խորհրդային ղեկավարությունների կողմից։ Այդ քարտեզներով այն ամենը, ինչ պատկանում է Հայաստանին, վերադարձվելու է Հայաստանին, իսկ այն, ինչ պատկանում է Ադրբեջանին, վերադարձվելու է Ադրբեջանին, իսկ անկլավների հարցը լուծվելու է վերջին փուլում»,-ասում է Ռոբերտ Ղևոնդյանը։

Հիշեցնենք, որ անկլավների հարցը կողմերի կողմից դիտարկվում է որպես առանձին փուլ՝ սահմանի հիմնական հատվածների դելիմիտացիայից հետո, և վերջնական որոշումները համաձայնեցում են պահանջում ընդհանուր խաղաղ գործընթացի շրջանակներում։ Հայաստանի և Ադրբեջանի միջև անկլավների հիմնախնդիրը ներառում է մեկ հայկական էքսկլավ՝ Արծվաշենը՝ Ադրբեջանի տարածքում, և նախկին ադրբեջանական չորս անկլավ Հայաստանի տարածքում՝ Տիգրանաշենը, Վերին Ոսկեպարը, Սոֆուլուն և Բարխուդարլուն։

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանը պետք է լուծի բոլոր չավարտված հարցերը և չի պատրաստվում հրաժարվել Ադրբեջանի հետ անկլավների և էքսկլավների թեման քննարկելուց։ Նրա խոսքով՝ Հայաստանը շահագրգռված է դրանում, որովհետև Արծվաշենը էքսկլավի կարգավիճակով գտնվում է Ադրբեջանի վերահսկողության տակ և Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքն է։ Փաշինյանն արտահայտվել է «անկլավը անկլավի դիմաց» փոխանակման տրամաբանության օգտին, որի դեպքում տարածքները մնում են այն երկրների փաստացի վերահսկողության տակ, որոնք ներկայումս պահում են դրանք։

Ռոբերտ Ղևոնդյանի կարծիքով․«Ադրբեջանական երեք անկլավների տարածքը, որոնք այժմ գտնվում են հայկական կողմի վերահսկողության տակ, մոտ 6,5 քառակուսի կիլոմետրով ավելի մեծ է, քան Արծվաշենի տարածքը։ Բայց Արծվաշենի ռազմավարական նշանակությունը չի զիջում, եթե նույնիսկ չի գերազանցում երեք անկլավների ռազմավարական նշանակությանը»։

Արծվաշենի արժեքը, նրա կարծիքով, ոչ միայն նրա մակերեսն է, այլև կենսական նշանակություն ունեցող ջրամբարը, որը  կառուցել է Ադրբեջանն՝ այն գրավելուց հետո։ Այս հանգամանքը Արծվաշենին հատուկ նշանակություն է տալիս՝ այն, Ղևոնդյանի կարծիքով, դարձնելով ավելի շահավետ մաս Հայաստանի համար, քան ադրբեջանական երեք անկլավները, որոնք իրենց հերթին իրենցից ներկայացնում են անջատված և նվազ ռազմավարական արժեք ունեցող տարածքներ։

Փորձագետը հավելում է, որ Հայաստանում շատ-շատերը մանիպուլացնում են այս թեման, և շատ-շատերն ասում են, որ Տիգրանաշենը մեր միակ ճանապարհն է․« Դա այդպես չէ, Տիգրանաշենը եղած երեք ճանապարհներից մեկն է։ Ադրբեջանցիները լսում են սա, տեսնում են սա և օգտագործում են որպես գործիք մեր դեմ բանակցությունների ժամանակ, հանդիպումների ժամանակ և այլն»։

Ղևոնդյանի կարծիքով․«Ալիևն անպայման կհրաժարվի անկլավներից, որովհետև իրենց ձեռնտու չէ երեք անկլավը փոխել Արծվաշենի հետ։ Բայց մինչև գա հարցը լուծելու ժամանակը, մինչև այդ պահը Ալիևը մեզ շանտաժի է ենթարկելու անկլավներով, քանի որ մենք ինքներս ենք Ալիևին այդ առիթը տալիս»։

Զաբելա Ավագյան

 

Նորություններ