Ինչպե՞ս մեկ վարչական որոշումը փոխեց Բարձրաշեն գյուղի ճակատագիրը
Բարձրաշեն գյուղը գտնվում է Շիրակի մարզում՝ Գյումրի քաղաքից 28 կմ հեռավորության վրա։ Անիի տարածաշրջանում գտնվող բնակավայրը 1981թ․-ին լուծարվել և կցվել է սահմանամերձ Իսահակյան գյուղին:

Բնակիչների կողմից անընդունելի և անհասկանալի այդ որոշումից հետո ընտանիքները սկսել են աստիճանաբար հեռանալ բնակավայրից։ Երբեմնի մարդաշատ գյուղում այսօր մշտական բնակվում է ընդամենը 2 ընտանիք՝ տարեց ամուսիններ։
Բարձրաշենցիների նախնիները 1860 թ․-ին գաղթել են Արցախից, իսկ 1915-1920 թթ․-ին այստեղ են տեղափոխվել Մուշից և Բուլանղի գավառակից գաղթած արևմտահայերը։ Նախկինում ունեցել է Բաբռլի անունը, Բարձրաշեն է վերանվանվել 1947 թ․-ին: Բնակչությունը զբաղվել է հացահատիկի մշակությամբ և անասնապահությամբ։
Ինչպես Regions TV-ի հետ զրույցում նշեց ամենատարեց բարձրաշենցին՝ Եպրաքսյա Մկրտչյանը, ժամանակին Բարձրաշենը հարուստ, հացառատ գյուղ է եղել, անգամ հարևան համայնքներից եկել և այստեղից հացահատիկ են տարել։

91-ամյա կնոջ որդիներն ապրում են Մարալիկ քաղաքում։ Եպրաքսյա Մկրտչյանն ապրում է նրանցից մեկի հետ, ժամանակ առ ժամանակ գալիս է գյուղի իր տուն․ ասում է՝ սիրտը չի կտրվում, չէ՞ որ ավելի քան 7 տասնամյակ ապրել է այս պատերի ներքո։
Բարձրաշենցիները ժամանակին փորձել են փրկել գյուղը։ Նրանք տարբեր պետական ատյանների են դիմել՝ պահանջելով վերանայել լուծարման որոշումը։ Գյուղի կյանքը պահպանելու նպատակով անգամ տնակային դպրոց են հիմնել, սակայն այդ ջանքերը ցանկալի արդյունք չեն տվել, և արտագաղթը շարունակվել է։

Նախորդ դարի տարբեր ժամանակաշրջաններում Բարձրաշենն ունեցել է 400-ից մինչև 850 բնակիչ։

Չնայած բնակավայրի ամայացմանը՝ Բարձրաշենը շարունակում է պահպանել պատմամշակութային արժեքները։ Տեղի միջնադարյան եկեղեցին կիսավեր վիճակում է։ Այն համարվում է Անիի վանքերից մեկի քույր եկեղեցին, որի պատին պահպանվել է անվանի հնագետ Նիկողայոս Մառի թողած արձանագրությունը։ Այստեղ է նկարահանվել հանրահայտ «Կարոտ» ֆիլմի դրվագներից մեկը։

Այսօր Բարձրաշենի դատարկ փողոցներն ու լքված տները հիշեցնում են ոչ միայն մեկ գյուղի, այլև Հայաստանի բազմաթիվ բնակավայրերի տխուր ճակատագիրը։ Տարբեր վայրերում բնակվող բարձրաշենցիներն իրենց հետ կրում են լքված բնօրրանի հիշողություններն ու պատմությունը։ Նրանց համար Բարձրաշենի պատմությունը միայն կորցրած գյուղի հիշողություն չէ, այլ նաև փաստ, թե ինչպես վարչական որոշումներն ու ենթակառուցվածքների բացակայությունը կարող են տարիների ընթացքում ամբողջությամբ փոխել երբեմնի կենսունակ բնակավայրի ճակատագիրը։

Գյուղում մնացած վերջին բնակիչները շարունակում են պահպանել Բարձրաշենի շունչը՝ հույս ունենալով, որ իրենց բնօրրանի պատմությունը մոռացության չի մատնվի, այլ դաս կդառնա սահմանամերձ և հեռավոր բնակավայրերի ապագայի վերաբերյալ պետական քաղաքականություն մշակողների համար։

Էդուարդ Մխիթարյան
Նորություններ
