«Հանրաքվե անցկացնելու համար անհրաժեշտ է «Ուժեղ Հայաստան»-ի համաձայնությունը։ Բաքվից առաջարկվող սահմանադրությանը դրական վերաբերմունք չի լինի» | Region

«Հանրաքվե անցկացնելու համար անհրաժեշտ է «Ուժեղ Հայաստան»-ի համաձայնությունը։ Բաքվից առաջարկվող սահմանադրությանը դրական վերաբերմունք չի լինի»

Օգոստոս 04,2026 15:09

Սահմանադրության հարցով՝ ԱԺ-ն պիտի քվեարկի, ընդդիմությունը դեմ կքվեարկի, Ադրբեջանի կողմից առաջարկվող սահմանադրությանը մեր կողմից չի լինի որևէ դրական վերաբերմունք։ Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում հայատարարել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը։

Բաքվից կրկին հնչում են հայտարարություններ ՀՀ Սահմանադրության փոփոխության մասին։ Ադրբեջանի նախագահի օգնականը հայտարարել է․ «Ստացվող ազդակները վկայում են այն մասին, որ մոտ ապագայում հնարավոր է, որ Հայաստանում սկսվի նոր Սահմանադրության ընդունման գործընթացը։ Հայաստանի Սահմանադրությունից Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջների վերացումից հետո մենք խաղաղության համաձայնագրի վերջնական ստորագրման համար որևէ խոչընդոտ այլևս չենք տեսնի։ Ավելին, մեր տարածաշրջանում արդեն իսկ գոյություն ունի դե ֆակտո խաղաղ իրավիճակ»։

Այսօր խորհրդարանում լրագրողները ընդդիմադիր խմբակցության ղեկավարից հետաքրքրվեցին Բաքվի այս պահանջի մասին, թե ինչ դիրքորոշում ունեն հանրաքվե անցակցնելու վերաբերյալ։ Նարեկ Կարապետյանն ի պատասխան ասել է՝ հանրաքվե անցկացնելու համար անհրաժեշտ է «Ուժեղ Հայաստան» խմբակցության համաձայնությունը, իսկ Ադրբեջանի պահանջներն ապօրինի են։

«Նրանք չեն որոշելու, թե ինչպիսին պետք է լինի մեր Սահմանադրությունը։ Մենք գնում ենք խաղաղության պայմանագրի հետևից, այն պետք է, բայց այն պետք է ապագա սպառնալիքների շատ դռներ փակի»,-ասել է Կարապետյանը։

 

 

Նորություններ